Փաստաբանն էլ պաշտպանության կարիք ունի Կարծում է ՀՀ փաստաբանների միության նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը – Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը: Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: – Նախատեսվում է միությունը վերակազմակերպել պալատի: Պալատի գործադիր մարմինը եւ Փաստաբանների խորհրդի նախագահը պետք է ընտրվի 4 տարի ժամկետով: Կառաջարկեի օրենքի նախագծում հստակ սահմանվեին պալատի նախագահի թեկնածությանը վերաբերող պահանջները: Օրինակ, պարտադիր է առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը: Ուշադրության արժանի է այն, որ նախագծում ստաժի նկատմամբ պահանջները սահմանված են պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվող փաստաբանների համար, իսկ պալատի նախագահի համար նման դրույթ չի սահմանված: – Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ հակասում են դատարանում կողմերի հավասարության սկզբունքին: – Այո, Քրդատօրի 93 հոդվածի 1-ին կետով, 73 հոդվածի 3-րդ կետով, մասնավորապես, նախատեսվում է, որ «պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները»: Կամ՝ 5-րդ կետով. «Մինչեւ ընդմիջում հայտարարելը, առանց նախագահողի թույլտվության լքել դատական նիստերի դահլիճը»: Դա վերաբերում է նաեւ ամբաստանյալին եւ վկաներին, բայց ոչ դատախազին: – Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում «Փաստաբանության մասին» օրենքի նախագծում: – Քանի որ պաշտպանը նույն ՀՀ քաղաքացին է՝ առանց ոչ մի արտոնության, այսինքն՝ պաշտոնատար անձ չէ, ունի միայն բարձրագույն իրավաբանական կրթություն եւ արտոնագիր, կարծում եմ, նպատակահարմար կլինի օրենքի նախագծում ամրագրել հետեւյալ դրույթը. «Փաստաբանն ունի օրենքով չարգելված այլ իրավունքներ, որոնք բխում են կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից»: Հաճախ քննիչը, մեղադրողը, դատավորը փորձում են ազատվել սկզբունքային փաստաբաններից: Ցավոք, նման դեպքերի համար օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ: – Է՞լ ինչ խոչընդոտների են հանդիպում փաստաբանները: – Քրեական վարույթ իրականացնող մարմինը, ըստ օրենքի, պիտի դիմի ՀՀ փաստաբանների միությանը՝ փաստաբան նշանակելու վերաբերյալ: Սակայն օրենքը շատ հաճախ խախտվում է՝ միությանը շրջանցելու, իրենց ցանկալի փաստաբանին հրավիրելու նպատակով: Կարծում եմ ժամանակն է՝ փաստաբանների անձնական պաշտպանության համար դրույթ ամրագրել օրենքում: Բանն այն է, որ հաճախ քննիչները, դատախազները, դատավորների անձնական նախաձեռնությամբ, համոզում են մեղադրյալին՝ հրաժարվել տվյալ փաստաբանի օգնությունից, ընդունել իրենց մեղավորությունը, իսկ փաստաբանական հոնորարն էլ փոխանցել իրենց, դրա դիմաց խոստանալով մեղմ պատիժ կիրառելու հեռանկար: Սա առավել տարածված կոռումպացված հնարք է, որը զրկում է մեղադրյալներին ու ամբաստանյալին՝ դատական պաշտպանվածության սահմանադրական իրավունքից: Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ