Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարորդները ինքնակամ ուղեվարձ են սահմանում

Հոկտեմբեր 29,2004 00:00

Վարորդները ինքնակամ ուղեվարձ են սահմանում Քանի որ հարցը կարգավորող օրենք չկա Ամիսներ շարունակ Աբովյանից Արգավանդ երթեւեկող թիվ 262 երթուղային տաքսիների դիմապակիների վրա, բացառությամբ մեկ-երկուսի, հայտնվել էին ուղեվարձի նոր հայտագրեր, ըստ որոնց, Երեւան քաղաքում, «Ռայկոմ» կոչվող կանգառից նույնիսկ մեկ կանգառ վերեւ ուղեվարձի չափը հավասարեցված էր Աբովյան հասնելու չափին: Առարկողներին սպասվում էր տհաճ իրավիճակ, որում չհայտնվելու համար, անգամ դատարկ տեղերի առկայության դեպքում, երեւանցիները խուսափում էին օգտվել իրենց համար խիստ ձեռնտու կանգառներով այդ երթուղուց: Բնականաբար, վարորդները իրենք էին սահմանել ուղեվարձի նոր չափը, իսկ նրանց վստահ կեցվածքը եւ խոշոր տառերով հայտագրերի առկայությունը խոսում էր այն մասին, որ իրենց կամայական գները «համաձայնեցված են»: Ո՞ւմ հետ: Ինչպես պարզաբանեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետ Կառլեն Սահակյանը, նախարարության գործառույթներում միայն օրենսդրական, իրավական դաշտի ստեղծումն է, քաղաքականության մշակումը եւ նախարարությունը չի կարող կանոնակարգող, վերահսկող գործառույթներ իրականացնել, քանի դեռ դրա վերաբերյալ օրենք չկա: Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Նախագծով ենթադրվում էր կարգավորել փոխադրման հարցերը, սահմանել իրավունքներ ու պարտականություններ, ճշտել, թե ո՞վ ունի սակագներ սահմանելու իրավունք եւ ի՞նչ կարգով դա պետք է արվի: Նախագիծը 2003թ. դեկտեմբերին ներկայացվել է ԱԺ՝ որպես առաջնահերթ ընդունման օրենք: Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, դիտողությունների, առաջարկությունների հիման վրա լրամշակվել էր եւ պատրաստ էր 2-րդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելու, երբ Համաշխարհային բանկը գտավ, որ օրենքում պետք է պարզաբանվեն նաեւ կառավարման հարցերը: ՀԲ-ն առաջարկում էր անկախ կառավարման մարմին: Նախագիծը լրամշակելու համար պետք է վարձվեին նոր փորձագետներ, բայց վարկային միջոցներն արդեն բաշխված էին, իսկ դոնորներ առայժմ չեն ճարվում: Իսկ եթե օրենք չկա, չեն կարող լինել նաեւ օրենքի դրույթների կիրառումը ապահովող կարգեր: Նախարարությունը, երբ մշակում էր մրցութային կարգը, նախատեսել էր, որ վարորդների կամ փոխադրողների կողմից ուղեվարձի ինքնակամ փոփոխությունների դեպքում սպասարկողը զրկվի դրա իրավունքից: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը այն չընդունեց, քանի որ նման օրենսդրական նորմ չկա: ԼԻԼԻԹ ԵԳԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել