Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ

Հոկտեմբեր 29,2004 00:00

«ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ, ԲՅՈՒՐՈԿՐԱՏՆԵՐԸ ԵԿԱՆ» Համապատասխանաբար՝ կոմունիստական եւ հետկոմունիստական իշխանությունները նկատի ունենալով՝ ասում է 17 երեխայի մայր Անթառամ Կիրակոսյանը:«Կոմունիստների ժամանակ ամեն ամիս կարամելի գործարանը մեզ արկղերով քաղցրավենիք էր ուղարկում: Մեր հանդեպ ուշադրությունը շատ մեծ էր: Ինչ ունեցել ենք, կոմունիստներն են տվել՝ տուն, մեքենա, կահույք: Իսկ այսօրվա բյուրոկրատների օրոք գուցե եղածն էլ կորցնենք, որովհետեւ գույքահարկ չենք կարողանում վճարել»,- մեր զրույցի սկզբում ասաց տիկին Անթառամը: Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում երկու 4 սենյականոց բնակարան Մամիկոն Ղազարյանի եւ Անթառամ Կիրակոսյանի ընտանիքը ստացել է 1984-ին, երբ երեխաների թիվը դեռ 10-ն էր: Հետո ծնվեցին եւս 7-ը, վերջինը՝ 1994-ին: Երեխաներից 8-ը տղա է, 9-ը՝ աղջիկ. Դավիթ, Հովսեփ, Իսրայել, Մարիամ, Լիա, Աբել, Սամվել, Գայանե, Հռիփսիմե, Դանիել, Հակոբ, Աբրահամ, Եվա: 95-ից հետո իրար հետեւից ամուսնացան 5 աղջիկն ու մի տղան: Սակայն ընտանիքի հոգսը դրանից չպակասեց՝ հիմա էլ թոռներն են միացել ընտանիքին: Ճիշտ է, ոչ բոլորը: Երկրաշարժից հետո այս տանն է ապրում նաեւ տնազուրկ դարձած բարեկամուհին: Բազմանդամ ընտանիքի համար բնակարանի խնդիրը միշտ եղել է առաջնային: «Այս տարիներին մի քանի անգամ հրավիրել են կանանց տոնի միջոցառումներին՝ քաղաքապետարան ու թաղապետարան: Ծաղիկներ ու սուրճի բաժակներ են տվել: Իսկ տան մասին՝ ոչ մի խոսք: Ավելին, 3 տարի առաջ մեր թաղապետ Աղվան Գրիգորյանը հերթական միջոցառման ժամանակ խոստացավ բնակարան տալ, եթե անգիր ու ճիշտ հերթականությամբ թվեմ երեխաներիս ծննդյան օրերը: Թվեցի: Մի ամիս հետո գնացի թաղապետարան՝ բնակարանիս հետեւից: Բայց պարզվեց, որ խոստումը կատակ էր եղել, այն էլ 500 մարդու ներկայությամբ: Այդ օրվանից երեխաներս հիասթափվել են բոլորից ու չեն թողնում դիմեմ ինչ-որ մեկի օգնությանը»,- պատմում է տիկին Անթառամը: Թաղապետից հետ չի մնացել նաեւ նախկին փոխքաղաքապետ Ֆիրդուսի Զաքարյանը. ԱԺ վերջին ընտրությունների նախօրեին հեռուստաեթերով հիշել է 17 երեխաներ ունեցող ընտանիքին եւ հայտարարել, թե «նրանց սյուրպրիզ է սպասվում»: Որոշ ժամանակ անց, դեռ հույսը չկտրած Ա. Կիրակոսյանը դիմում է փոխքաղաքապետին՝ «սյուրպրիզի» բովանդակությանը ծանոթանալու ակնկալիքով: Պարզվում է, որ ցանկացել են ընտանիքին տուն տալ Հուսո ավանում, բայց հետո փոշմանել են: Այլ խոստումներ չեն եղել: Հույս տվող՝ նույնպես: Այժմ բնակարանում ապրում է 19 անձ: Ընտանիքը պետությունից ստանում է 24000 դրամ նպաստ, այն դեպքում, երբ ամսական միջինը 5000 դրամ ջրի վճարն է, 8-10 հազար՝ հոսանքինը, օրական 2000 դրամ ծախսվում է միայն ցամաք հաց գնելու համար: Կոմունալ եւ այլ ծախսերի համար պետության կողմից զեղչեր սահմանված չեն: 10 եւ ավելի երեխաներ ունեցողներին տրամադրվում է միայն ներքաղաքային տրանսպորտի մշտական տոմս, այն էլ, ըստ տիկին Անթառամի, «ում ցույց ենք տալիս՝ չի անցնում»: Երկու տղաները՝ Հովսեփն ու Իսրայելը, վարսավիր են: Հայրը՝ Մամիկոնը, մշտական աշխատանք չունի՝ սառնարան նորոգող է: Այսպես մի կերպ ծայրը ծայրին են հասցնում: Այնինչ բոլորն էլ շնորհալի երեխաներ են եւ հաճույքով կշարունակեին ուսումը, եթե հնարավորություն ունենային: Այս տարի բախտը ժպտացել է մեկին՝ Սամվելը ընդունվել է գեղարվեստի ակադեմիա եւ Սերգո Երիցյանի միջնորդությամբ սովորում է անվճար: Մյուսը՝ Մարիամը, Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում է, Աբրահամը՝ գեղագիտական դպրոցում: «Հինգ աղջիկս տասն ավարտած՝ ամուսնացան: Երեք տղաներս արհեստավոր են, սովորելու հնարավորություն չեղավ: Ընտանիքիս համար մշտական հովանավոր այդպես էլ չգտնվեց: Չենք էլ դիմել, որովհետեւ ավելի շատ պատասխանել են, թե այսքան երեխա ինչու եք ունեցել: Մենք էլ նեղվում ենք, ավելի լավ է մեր ունեցածով բավարարվենք»,- ասաց ընտանիքի հայրը: Օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե պետական աջակցություն կա՞ 10 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին (Հայաստանում դրանք մեկ տասնյակի են հասնում): Պատասխանեց. «Մեզ համար կա անապահով եւ ապահով ընտանիք եւ մեր ուշադրությունն էլ հատկացնում ենք դրան համապատասխան: Եթե նախարարի ընտանիքում լինի այդքան երեխա, ի՞նչ է, պետք է օգնե՞նք»: 17 երեխա ունեցող ընտանիք Հայաստանում այս միակն է, նաեւ՝ անապահով: Նախարարը նրանց մասին տեղյակ չէր: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել