Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողորմելի

Հոկտեմբեր 29,2004 00:00

Ողորմելի դիվանագիտություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կոմիտեն նախօրեին հավանություն է տվել Վեհաժողովի օրակարգում երեք լրացուցիչ հարցերի, այդ թվում՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի քննարկման» հարցի ընդգրկմանը: Ինչպես հայտնել են ԳՎ կոմիտեի մամլո ծառայությունից, առաջարկին կողմ է քվեարկել 9 երկիր, դեմ՝ 0, եւս 14-ը մնացել է ձեռնպահ: Գրավյալ տարածքներում տիրող իրավիճակը քննարկելու առաջարկը տեղ էր գտել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակում: Դրանում, մասնավորապես, նշվում էր, որ չնայած ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նրան չի հաջողվել որեւէ արդյունքի հասնել: Միեւնույն ժամանակ, հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը, «գրավյալ տարածքներում ընթանում են անօրինական գործողություններ, մասնավորապես՝ ուղղված ժողովրդագրական իրավիճակն արհեստականորեն փոփոխելուն»: Վերջինիս խոսքերով, Բաքուն մտադիր չէ հաշտվել իր տարածքների գաղութացման հետ եւ «ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում վտանգավոր նոր իրողությունների մասին բազմաթիվ նախազգուշացումներն արհամարհվել են, ինչը եւ ստիպում է մեզ ձեռնարկել միջազգային եւ մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներին վերջ դնելու այս փորձը»: Ֆրանսիայի ներկայացուցիչը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք երկրների անունից, դեմ է հանդես եկել Ադրբեջանի առաջադրած հարցի քննարկմանը: Նրա խոսքերով, դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, մասնավորապես՝ կարող է խանգարել հակամարտության խաղաղ եւ երկարատեւ լուծման որոնումների ջանքերին: Ինչպես ասել է Ֆրանսիայի ներկայացուցիչը, Մինսկի խմբի մոտ կասկած չի հարուցում Ադրբեջանի առաջարկի անկեղծությունը, սակայն նա չի համարում, որ Վեհաժողովի ընթացիկ նստաշրջանը հարմար առիթ է նման բանավեճի համար: ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ի շուրջ գտնվող տարածքները Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ են անցել Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմի արդյունքում: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս գտնվող եւ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում չեն իրականացվում որեւէ բնակեցումներ, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը: Այսպիսով, ստիպված ենք ցավով արձանագրել, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԽ-ում եւ ԵՄ-ում բավականաչափ աննպաստ փաստաթղթերի ընդունման փաստերին բախվելուց հետո Հայաստանը կրեց հերթական, սակայն այս անգամ արդեն բավականաչափ լուրջ դիվանագիտական պարտությունը: Դժվար չէ կանխատեսելը, թե ամենամոտ ապագայում հայկական կողմից իրականացվող դիվանագիտական ողորմելի գործունեության պայմաններում ինչպիսի նոր՝ ստորացուցիչ բանաձեւեր կընդունի ՄԱԿ-ը, որոնց ուղղակիորեն հակադրվելն արդեն հղի կլինի Հայաստանի համար խիստ ծանր հետեւանքներով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել