ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԻՍՏ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է Վերջին երկու տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ Ադրբեջանին հաջողվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման դնել ԼՂ հարցը: ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն օրերս քննարկել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքը Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնել Ադրբեջանի զավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին հարցը: Կոմիտեն 9 «կողմ», 17 «ձեռնպահ» եւ ոչ մի «դեմ» ձայնով խորհուրդ է տվել հարցը մտցնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգ: Ի դեպ, հետաքրքրական է, որ ադրբեջանցու այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել նաեւ Իրանի ներկայացուցիչը: Իսկ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի տարածքների զգալի մասի զավթմանն ու մեծ թվով մարդկանցով վերաբնակեցմանը, նաեւ ահռելի վնաս է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը»: Բացի այդ, ներկայացված փաստաթղթում պնդում կա, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները արդյունավետ չեն եղել, «քանի որ այդ տարածքներում տեղի է ունենում անօրինականություններ, մասնավորապես՝ դրանք վերաբնակեցվում են արհեստականորեն ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելու համար»: Ի դեպ, թեեւ քննարկման ժամանակ այս նախաձեռնությանը դեմ արտահայտվողներ եղել են նաեւ ի դեմս Ֆրանսիայի ներկայացուցչի եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի, այդուհանդերձ, ոչ ոք, այդ թվում նաեւ՝ ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, այդ նախաձեռնությանը քվեարկության ժամանակ «դեմ» չի արտահայտվել: Հետաքրքիր է, որ նախաձեռնությանը «կողմ» են եղել մահմեդական երկրները՝ Թուրքիան, Պակիստանը, նաեւ՝ Իրանը: Մինչդեռ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանի, ասում են, որ սա Հայաստանին չի վերաբերվում, Ադրբեջանը, բնականաբար, սա համարում է իր հերթական հաղթանակը: Որ հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում անպայման կքննարկվի եւ կնյութականացվի հայկական կողմի համար հերթական անբարենպաստ փաստաթղթի ձեւով, հայաստանյան փորձագետները չեն կասկածում: Այս կարծիքին է նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, սա վտանգավոր է Հայաստանի եւ ԼՂ-ի համար այն իմաստով, որ ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության ամբիոնից Ադրբեջանը եւս մեկ պատեհ առիթ է ունենալու հնչեցնել Հայաստանի «օկուպանտ» լինելու, իր տարածքների 20 տոկոսը զավթելու մասին: Ադրբեջանը ԼՂ հարցում իր վարած քաղաքականության մեջ խիստ հետեւողական է: Ստ. Գրիգորյանը հիշեցրեց, որ շուրջ երկու տարի առաջ էլ ՄԱԿ-ում, ընդ որում՝ Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանն այդ կազմակերպության առջեւ խնդիր էր դրել վերաբերմունք հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում: Այն ժամանակ էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար՝ ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղը: Հիմա, քաղաքագետի ասելով, նոր եւ ավելի հեռանկարային քայլ է անում Ադրբեջանը, իսկ սա մեզ համար խիստ վտանգավոր դինամիկա է: Նա այժմ ավելի շատ շեշտադրումներ է անում Հայաստանը «օկուպանտ», գրավված տարածքներում էթնիկական զտումներ իրականացնող երկիր ներկայացնելու եւ դա փաստարկներով ամրապնդելու ուղղությամբ, ինչը վտանգավոր հեռանկար է խոստանում հայերիս համար: Ստ. Գրիգորյանի ասելով, ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնել ԼՂ հարցի էությունը: Հայտնի է, որ ՄԱԿ-ի նույնիսկ Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթղթերը պարտադիր չեն կատարման համար եւ ավելի շատ խորհրդատվական եւ խորհրդանշական նշանակություն ունեն, եւ գուցե հենց այդ նկատի ունենալով պետք չէ՞ շատ վախենալ այս քննարկման հետեւանքներից: Քաղաքագետը այս դիտարկման հետ բացարձակապես չհամաձայնեց: Ըստ նրա, ՄԱԿ-ի այսօրինակ փաստաթղթերին, ինչպես նաեւ ժամանակին ԵՄ շրջանակներում ԼՂ հարցին առնչվող զեկույցներին, ԵԽԽՎ բանաձեւերին, միշտ անդրադառնալու են այս հարցով շահագրգիռ կազմակերպություններն իրենց քննարկումների ժամանակ, եւ դրանք միանշանակորեն համապատասխան մթնոլորտ են ձեւավորելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ դառնալով նոր բանաձեւերի եւ որոշումների ուղեցույց: Մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանում «գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» հարցը քննարկվելը՝ դեռ ժամանակ կա: Դեռեւս հստակ չէ, թե դա հատկապես երբ տեղի կունենա, բայց պարզ է, որ մինչեւ դեկտեմբերի կեսերը: Նստաշրջանն իր աշխատանքներն ավարտելու է հենց այդ ժամանակ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ