Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ

Հոկտեմբեր 29,2004 00:00

Արարատյան
թեմի հովանու ներքո գործող Սրբապատկերի դպրոցի տնօրեն, նկարիչ Աբրահամ Ազարյանը գտնում
է, որ պոռնոգրաֆիան «բնավորվել» է սրբապատկերում: Ըստ նրա, առայսօր եկեղեցիներում
շարունակում են կախել հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանն ու պատկերագրությանը
ոչ հարիր նկարներ, ամենուրեք վաճառվում իբր Հիսուսի կամ Աստվածածնի պատկերով խաչեր
ու հուշանվերներ, որոնց առկայությունը «պետք է մտահոգեր հոգեւոր եւ պետական այրերին»:
Մասնագետը համոզված է, որ եկել է ժամանակը «յուրօրինակ ցենզուրա սահմանելու, մինչդեռ
տիրում է ամենաթողություն»: Սրբապատկերի նկարչի համոզմամբ, այսօր սրբապատկերից
մինչեւ պոռնոգրաֆիա՝ մեկ քայլ է: Եվ դա հատուկ է արվում ինչ-ինչ ուժերի կողմից: Պրն
Ազարյանը ձեռնպահ մնաց մանրամասնել, թե ինչ ուժերի մասին է խոսքը: «Փողոցներում,
Վերնիսաժում վաճառվող առանց լուսապսակի սրբապատկերները սիրունիկ են, գեղեցիկ: Դրանցով
մարդկանց ընտելացնում են պոռնոգրաֆիային, սկսում են սովորեցնել, որ Մարիամ Աստվածածինը
սովորական մարդ է, Հիսուսը Աստված չէ, ու իրենց սերն էլ շատ մարդկային է»,- հայտարարում
է նա: «Պատկերագրությունը դա Սիմվոլ է, որ մեկ բնություն է խորհրդանշում,
Դիավոլը, որ սատանան է՝ 2 բնություն: Դիավոլի հետեւորդները պատկերի մեջ երկակիության
խնդիր են դնում: Ինքը՝ սրբապատկերը, ինչպես եւ ավետարանը, մեկն է: Իսկ երբ մենք սրբապատկերը
դարձնում ենք գեղեցիկ, մեզ հաճելի մի բան, այդտեղից սկսվում է ճանապարհը դեպի պոռնոգրաֆիա:
Օրինակ, Բյուզանդական շրջանի հին սրբապատկերի նայելիս մարդու մեջ աղոթելու խորհուրդ
է առաջանում, իսկ երբ նայում ես Վերածննդի շրջանի նկարները՝ դրանք ընդամենը գեղեցիկ
պատկերներ են: Այ, սա շարունակվեց-հասավ մինչեւ այսօրվա «Playboy» ամսագրերը»,-մտահոգված
է նկարիչը: Ըստ նրա, ժամանակին Խրիմյան Հայրիկի պահանջով սվաղվել են Էջմիածնի տաճարի
այն սրբապատկերները, որոնք նկարել էին Հովնաթանյանները: Խրիմյան Հայրիկը արգելեց
այդ պատկերները՝ հայտարարելով հայ եկեղեցուն ոչ հարիր: Եվ միայն Վազգեն կաթողիկոսի
օրոք դրանք վերաբացվեցին: «Այսօրվա մեր եկեղեցին դեռ գտնվում է կաթոլիկ էքսպանսիայի
տակ՝ պատկերագրության առումով: Օրինակ, եկեղեցու ժամագրքերը, ավետարանները, Հայսմավուրքը
տպագրվել են կաթոլիկ երկրներում՝ նրանց ճնշման տակ եւ կան փաստեր, որ տպագրիչներին
արգելել են հայերեն պատկերագրությամբ գրքեր տպագրել: Այսօր նրանցում եղած պատկերները
ընդունվում են որպես հայկական»,- տեղեկացրեց Ա. Ազարյանը: Նա գտնում է, որ
եկեղեցիներում կախվող նկարները պետք է անպայման օծված լինեն եւ համապատասխանեն հայ
եկեղեցու դավանաբանությանը, իսկ քահանայաց լսարանում եւ ճեմարանում անցնեն հատուկ
դասընթացներ, որպեսզի քահանաները իրենց ճաշակով չառաջնորդվեն սրբապատկերներ ընտրելիս:
Նա հիշեց Կոնդի եկեղեցում կախված սրբապատկերը (բնօրինակը Էջմիածնում է), որը «հրամցվում»
է իբրեւ Գրիգոր Լուսավորչի պատկեր, այն դեպքում, երբ արվեստաբանները պարզել են, որ
դա Նիկողայոս Սքանչելագործն է: «Մատենադարանի նկարիչներից մեկը՝ Լիլիթ Նուրիջանյանը,
օրինակ, Աստվածածնին նկարել է 3 թեւով, որն իբրեւ թե Սուրբ երրորդություն է խորհրդանշում:
Մինչդեռ Աստվածածինը հրեշտակ չէ, որ թեւեր ունենա: Եկեղեցին նման բաների նկատմամբ
պետք է ուշադիր լինի, որպեսզի նոր դավանաբանություն չհորինվի: Արդյունքում՝ ամեն
մեկը նկարում է՝ ինչ ուզում է»,- փաստեց Ա. Ազարյանը: Նա հիշեց նաեւ Մայր
աթոռի Աստվածածինը, որ նկարել է Գրիգոր Խանջյանը: Որքան էլ իբրեւ նկար այն հաջողված
է, դավանաբանությունը տեղը չէ, քանի որ Խանջյանի Աստվածածինը ականջօղեր ունի: Իսկ
Կեչառիսի եկեղեցում Գրիգոր Լուսավորչի նկարը մասնագետը անգրագիտություն որակեց. նա
ճկույթով է օրհնում, այնինչ՝ բութն ու միջնամատը միացրած պիտի օրհնել: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել