Գրիգոր
Ամալյանն ու Շամիրամ Աղաբեկյանը եվրոպացիներին պատմեցին իրենց լիբերալիզմի մասին
«Չենք կարողանում մարսել մեզ տրված խոսքի ազատությունը»,- երեկ հայտարարեց
Հեուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը՝
ՀՌԱՀ եւ ԵԽ Զանգվածային լրատվության բաժնի կազմակերպած սեմինարի ժամանակ: Տիկին Աղաբեկյանը
նաեւ հույս հայտնեց, որ այդ ազատությունը մարսելու, այսինքն՝ հայկական հեռուստատեսությունների
բովանդակությունը բարելավվելու ժամանակը շուտով կգա, եւ եթե իրենք՝ հեռուստատեսությունները
դա չանեն, գուցե մի օր լայնացվեն ՀՌԱՀ իրավասությունների շրջանակները, եւ նա կարողանա
բովանդակային վերահսկողություն եւս իրականացնել: Բարեբախտաբար, տիկին Աղաբեկյանը
միակն էր իր այդ ցանկություններում: Օրինակ, նույն հանձնաժողովի նախագահը՝ Գրիգոր
Ամալյանը, փառք տվեց Աստծուն, որ իրենց չեն տրվել բովանդակային վերահսկողության որեւէ
լծակ. «Մենք որեւէ հնարավորություն չունենք բազմակարծությունը եթերում պարտադրելու
կամ ապահովելու: Եվ փառք Աստծո, որ չունենք, այլապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվեր»:
Թերեւս, դահլիճում ներկաների գերակշիռ մեծամասնությունը շատ լավ պատկերացրեց, թե
ինչպես է ՀՌԱՀ-ը իրականում ազդում հեռուստաընկերությունների բովանդակության վրա՝
եթերից զրկելով այն ընկերությունները, որոնք իշխանություններին անհաճո բովանդակություն
ունեն: Իսկ փոքրամասնությունը՝ հանձինս ԵԽ ԶԼ բաժնի ներկայացուցիչների, մի
քանի րոպե լսում էր եւ անընդհատ գլխով հավանություն էր տալիս Շ. Աղաբեկյանի անամպ
զեկույցին՝ նվիրված ՀՌԱՀ գործունեությանը: Զեկույցի կորիզը ազգային փոքրամասնություններին
հատկացված կամ ապագայում հատկացվելիք եթերաժամերն էին՝ հայկական հեռուստաալիքներում:
Պարզվեց, որ ներկայումս ՀՀ-ում գործում են 43 հեռուստատեսություն եւ 11 ռադիոալիք:
Իսկ «վերջերս» հանձնաժողովը «հաճախացրել է» ծրագրային որոշակի ուղղվածություններ
առաջարկելը, ինչի արդյունքում «բազմազան դաշտ է ստեղծվել»: Բացի մանկական, զվարճալի
ալիքներից, ըստ տիկին Աղաբեկյանի, եթերում է նաեւ հատուկ լրատվական ուղղվածությամբ
«Սինեմաքսը»: «Սինեմաքսի» անունը այս կապակցությամբ հնչեցնելուց հետո տիկին Աղաբեկյանը
հայտնեց նաեւ, որ մեզ մոտ հեռարձակվում են «Եվրոնյուզը» եւ «CNN»-ը: Փաստորեն, ունկնդիրների
մոտ տպավորություն ստեղծվեց, որ «Սինեմաքսը» եւ «Եվրոնյուզը» իրար հետ չառնչվող սուբյեկտներ
են: Իսկ հետո իր դատողություններում տիկին Աղաբեկյանն ավելի հեռուն գնաց: Խոսելով
հանձնաժողովի նշանակման կարգի մասին (հիշեցնենք, որ նրանց միանձնյա նշանակում է երկրի
նախագահը)՝ նա եզրակացրեց. «Ավելի լիբերալ մոտեցում հնարավոր չէ պատկերացնել»: Եվ
հետո պատմում էր, թե որքան բաց եւ թափանցիկ է իրենց հանձնաժողովի յուրաքանչյուր գործողություն,
ամեն քայլ: Այս իդիլիան դեռ երկար կշարունակվեր, եթե այն չընդհատեր «Ա1+»-ի
պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը: Նա զարմանք հայտնելով լսածի վերաբերյալ՝ «կարծես
ես գտնվում եմ մի այլ երկրում եւ լսում այլ երկրում կատարվողի մասին», առաջարկեց
ներկա հյուրերին՝ դիտել այն տեսանյութը, որում ներկայացված մրցութային հայտը «1»
է գնահատվել. «Ես պատրաստ եմ ձեզ ցույց տալ, թե նրանք որ առաջարկին են «1» նշանակել»:
Պատրաստակամներ, կարծես թե, չկային: Փոխարենը կրկին անգամ կառուցողական առաջարկով
հանդես եկավ ՀՌԱՀ փոխնախագահը: Նա ասաց, որ եթե «Ա1+»-ին հետաքրքրում էր, թե ինչու
է ինքը այդպես գնահատել, թող դիմեին դատարան, եւ ինքը դատարանում կհիմնավորեր իր
գնահատականը: Երբ «Ա1+»-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենք քանիցս դիմել են դատական
ատյաններին՝ վիճարկելով ՀՌԱՀ-ի գործողությունները, տիկին Աղաբեկյանը ճշտեց, որ անձամբ
իր դրած «1»-ի հիմնավորումը ստանալու պահանջով չեն դիմել: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ