Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Հոկտեմբեր 29,2004 00:00

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը երեկ դիմել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքի պետ Արտավազդ Ղազարյանին՝ նշելով, որ քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արսեն Այվազյանը սեպտեմբերի 15-ից իրեն ներգրավել է որպես վկա Աշոտ Մանուչարյանի նկատմամբ իրականացված բռնարարքի առթիվ հարուցված քրգործում. «Իմ հրապարակած յուրաքանչյուր հոդվածից հետո քննիչ Այվազյանն ինձ հրավիրում է բաժին՝ ցուցմունքներ տալու»:

Էդիկ Բաղդասարյանը բողոքարկել է քննիչի որոշումը՝ իրեն որպես վկա ներգրավելու վերաբերյալ. «Միաժամանակ հայտնում եմ, որ հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալ եւ ինֆորմացիայի աղբյուրները բացահայտել: Այդ մասին ես տեղեկացրել եմ նաեւ քննիչին՝ ասելով, որ ես որեւէ աղբյուր չեմ նշի՝ նախ եւ առաջ այդ մարդկանց անվտանգությունը հաշվի առնելով: Նշեմ, որ քննիչի բոլոր հարցերը վերաբերում են հենց տեղեկատվության աղբյուրների բացահայտմանը»: ԶԼՄ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը», սակայն նախատեսված է նաեւ բացառություն՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ ծանր հանցագործության բացահայտման նպատակով։ Առայժմ գոյություն չունի դատարանի որոշում, որով Էդիկ Բաղդասարյանը պարտադրված կլիներ բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

Սակայն «Քրեական դատավարության» օրենսգրքի 86 հոդվածով չի նախատեսվում, թե որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել լրագրողները: Ընդհանրապես՝ ցուցմունքներ տալուց հրաժարվել կարելի է միայն այն պարագայում, երբ խոսքն ամուսնու կամ մերձավոր ազգականների մասին է: Մնացած բոլոր դեպքերում վկան պարտավոր է տալ ցուցմունքներ. «Հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը եւ պատասխանել առաջադրված հարցերին»,- այլապես կարող է ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության: Խոսքը «Քրեական օրենսգրքի» 339 հոդվածի մասին է, որով ցուցմունք տալուց հրաժարվող վկան «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»: Մեր հարցին՝ պատրա՞ստ է ենթարկվել պատասխանատվության, Էդիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Այո՛, քանի որ այդ մարդկանց անվտանգությունն ինձ համար ավելի կարեւոր է»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել