Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողորմելի դիվանագիտություն

Հոկտեմբեր 29,2004 00:00

Ողորմելի
դիվանագիտություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կոմիտեն նախօրեին
հավանություն է տվել Վեհաժողովի օրակարգում երեք լրացուցիչ հարցերի, այդ թվում՝ «Ադրբեջանի
գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի քննարկման» հարցի ընդգրկմանը: Ինչպես հայտնել
են ԳՎ կոմիտեի մամլո ծառայությունից, առաջարկին կողմ է քվեարկել 9 երկիր, դեմ՝ 0,
եւս 14-ը մնացել է ձեռնպահ: Գրավյալ տարածքներում տիրող իրավիճակը քննարկելու առաջարկը
տեղ էր գտել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակում: Դրանում,
մասնավորապես, նշվում էր, որ չնայած ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ
Մինսկի խումբը՝ նրան չի հաջողվել որեւէ արդյունքի հասնել: Միեւնույն ժամանակ, հայտարարել
է ադրբեջանցի դիվանագետը, «գրավյալ տարածքներում ընթանում են անօրինական գործողություններ,
մասնավորապես՝ ուղղված ժողովրդագրական իրավիճակն արհեստականորեն փոփոխելուն»: Վերջինիս
խոսքերով, Բաքուն մտադիր չէ հաշտվել իր տարածքների գաղութացման հետ եւ «ափսոսանք
է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում վտանգավոր նոր
իրողությունների մասին բազմաթիվ նախազգուշացումներն արհամարհվել են, ինչը եւ ստիպում
է մեզ ձեռնարկել միջազգային եւ մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներին վերջ
դնելու այս փորձը»: Ֆրանսիայի ներկայացուցիչը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մինսկի
խմբի բոլոր երեք երկրների անունից, դեմ է հանդես եկել Ադրբեջանի առաջադրած հարցի
քննարկմանը: Նրա խոսքերով, դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, մասնավորապես՝
կարող է խանգարել հակամարտության խաղաղ եւ երկարատեւ լուծման որոնումների ջանքերին:
Ինչպես ասել է Ֆրանսիայի ներկայացուցիչը, Մինսկի խմբի մոտ կասկած չի հարուցում Ադրբեջանի
առաջարկի անկեղծությունը, սակայն նա չի համարում, որ Վեհաժողովի ընթացիկ նստաշրջանը
հարմար առիթ է նման բանավեճի համար: ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ի
շուրջ գտնվող տարածքները Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ են անցել Ադրբեջանի
կողմից հրահրած պատերազմի արդյունքում: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի տարածքից
դուրս գտնվող եւ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում չեն իրականացվում
որեւէ բնակեցումներ, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը: Այսպիսով, ստիպված
ենք ցավով արձանագրել, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԽ-ում եւ ԵՄ-ում
բավականաչափ աննպաստ փաստաթղթերի ընդունման փաստերին բախվելուց հետո Հայաստանը կրեց
հերթական, սակայն այս անգամ արդեն բավականաչափ լուրջ դիվանագիտական պարտությունը:
Դժվար չէ կանխատեսելը, թե ամենամոտ ապագայում հայկական կողմից իրականացվող դիվանագիտական
ողորմելի գործունեության պայմաններում ինչպիսի նոր՝ ստորացուցիչ բանաձեւեր կընդունի
ՄԱԿ-ը, որոնց ուղղակիորեն հակադրվելն արդեն հղի կլինի Հայաստանի համար խիստ ծանր
հետեւանքներով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել