Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չկա ճգնաժամ, չկա բանավեճ

Հոկտեմբեր 29,2004 00:00

Այս
կարծիքին է Վահան Հովհաննիսյանը Խորհրդարանի կոալիցիոն թեւը երեկվա ճեպազրույցների
ժամանակ միաձայն պնդում էր, թե ոչ երկրում, ոչ էլ խորհրդարանում քաղաքական ճգնաժամ
գոյություն չունի եւ դեռ ավելին՝ պառլամենտարիզմի մեջ իբր այնքան ենք վարպետացել,
որ կարող ենք մեզ թույլ տալ ապրել այնպես, ինչպես ապրում են «լուրջ» պետությունները:
Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդարանը լիագումար նիստ հրավիրի երկու շաբաթը
մեկ: Երեկվանից շրջանառության մեջ է դրվել ԱԺ կանոնակարգի փոփոխությունների
նախագիծը, եւ եթե այն որոշ ժամանակ անց ընդունվի, ապա կունենանք բոլորովին այլ օրենսդիր
մարմին: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց,
որ մեր խորհրդարանի նիստերը ոչ թե քաղաքական վերլուծությունների նիստեր են, այլ՝
օրենսդրական, «եւ սա է պատճառը, որ որպես քաղաքական մարմին՝ խորհրդարանի նիստը հնարավորություններ
չունի: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ինքնանպատակ օրենքներ չեն կարող լինել:
Եթե պետության համար անհրաժեշտ կլինեն կարեւորագույն օրենքներ, որոնցով պիտի այս
կամ այն ոլորտի զարգացումն ապահովվի, կարծում եմ՝ արտահերթ նստաշրջաններ կարելի է
գումարել եւ ցանկացած օրենք ընդունել կամ քննարկել: Ես սա բնական գործառույթ եմ համարում
եւ սենսացիոն տրամադրվածություն չունեմ»: ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանը ամենեւին համաձայն չէ, թե խորհրդարանը օրենսդրական ճգնաժամի
մեջ է. «Նախ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ թե օրենքների պակաս կա, այլ պակասել
է օրենքների քննարկման ժամանակը: Ինչո՞ւ, որովհետեւ վեճ չկա: Այն վեճերը, որոնք օրենքների
շուրջ ունենում են կոալիցիայի կուսակցությունները, տեղի են ունենում կոալիցիոն նիստերում,
տեղի են ունենում կուլիսային միջավայրում, եւ արդեն պատրաստված, փոխհամաձայնեցված
տարբերակները ներկայացվում են ԱԺ քննարկմանը, ուստի դահլիճում քննարկումները սուր
եւ խոր բնույթ չեն կրում, որովհետեւ այդ բնույթն անցած էտապ է լինում դահլիճի քննարկման
ժամանակ: Ի՞նչը պիտի առաջացնի սուր եւ շահագրգիռ քննարկում՝ ընդդիմության պայքարը,
ընդդիմության բանավեճը, ընդդիմության հարցապնդումները: Սրանք, անկեղծ ասած, խորհրդարանին
պակասում են: Դա չի նշանակում, որ խորհրդարանը չի կարողանում էֆեկտիվ աշխատել: Աշխատում
է բավականին արագ եւ էֆեկտիվ, սակայն իրականության մեջ պառլամենտարիզմի կորուստ դիտարկվում
է, այո»: Վահան Հովհաննիսյանը համաձայն չէ, որ խորհրդարանական ճգնաժամ գոյություն
ունի, եւ կարծում է, թե պարզապես բանավեճի պակաս կա. արդյո՞ք սա չի նշանակում, որ
իրավիճակը նման է ճգնաժամի: «Առավոտի» այս հարցմանն ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը
բացատրեց քաղաքական ճգնաժամի կանոնները: Ըստ նրա՝ Հայաստանի իրավիճակն ամենեւին էլ
ճգնաժամային չէ. «Իշխանությունը շատ լավ էլ կարողանում է տիրապետել իրավիճակը եւ
կառավարել: Կառավարման առումով ճգնաժամ ընդհանրապես չկա, ճգնաժամը հասարակական բնույթ
է կրում: Որովհետեւ հասարակության մեջ, հասարակության կողմից ստեղծված քաղաքական
ինստիտուտում, որը բանավեճի համար է նախատեսված, բանավեճ տեղի չի ունենում: Փողոցում
էլ առանձնապես այլեւս բանավեճ տեղի չի ունենում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանում
վիճելու թեմա չկա: Այդպես չէ, ուրեմն՝ բանավեճի բացակայությունն արհեստական է, որը
նորմալ երեւույթ չէ»: Երբեմնի ընդդիմադիրը վստահ է, որ այս իրավիճակը խիստ վտանգավոր
է, «որովհետեւ շարժման ճիշտ ուղղությունը երկու կողմի պայքարի շնորհիվ է տեղի ունենում:
Եթե մի կողմը սկսում է բացակայել, մյուսն իրեն սկսում է անպատժելի եւ անթերի զգալ:
Իշխանությունը քննադատությունից փրկվում է: Սա աննորմալ երեւույթ Է: Եթե իշխանությունը
չի քննադատվում, շատ արագ կփչանա»: Այսինքն՝ հիմա իշխանության փչացման պրոցե՞սն է,
փորձեց հստակեցնել «Առավոտը»: «Դա ձեր մեկնաբանությունն է, իշխանության փչացման պրոցեսը
մշտական պրոցես է»,- եղավ պատասխանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել