Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱ՛ ԱՅԴՊԻՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 29,2004 00:00

«Ազգային
միաբանությունը» երեկ Կինոյի տանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն
հայտնեց վերցնել իշխանությունը: Բայց թե ինչպես՝ չմանրամասնեց: Հանդիպման
մթնոլորտն ակնհայտորեն ընտրարշավային էր: Լեփ-լեցուն դահլիճը «Գե՛-ղա՛մ-յա՛ն» վանկարկումներով,
հոտնկայս ու բուռն ծափահարություններով դիմավորեց «Ազգային միաբանության» առաջնորդին:
Հնչում էին ելույթներ, որոնց առանցքում միայն գովեստի խոսքեր էին՝ ԵԽԽՎ-ում Գեղամյանի
ելույթի, «Ազգային միաբանության» մշակած հակաճգնաժամային ծրագրի ու անվտանգության
հայեցակարգի հասցեին: Նախընտրական ոգով հավաստիացումներ էին արվում, թե «ԱՄ»-ի ղեկավարությամբ
ժողովուրդը հաղթանակ է տոնելու եւ այլն: Ինքը՝ Արտաշես Գեղամյանը հանդիպման
անհրաժեշտությունը պայմանավորեց Հայաստանի համար աշխարհաքաղաքական առկա վտանգավոր
իրավիճակով: Եվ բավական հանգամանալից անդրադարձ եղավ վերջին շրջանում ընդունված,
մեր երկրի համար աննպաստ միջազգային փաստաթղթերին ու պայմանավորվածություններին:
Սակայն մենք կանդրադառնանք ներքաղաքական իրողություններին առնչվող հայտարարություններին:
Մինչ Արտաշես Գեղամյանի խոսքը հնչած ելույթներից ստացած ընդհանուր տպավորությունն
էր, թե «ԱՄ»-ն այսուհետ համագործակցելու է միայն այն ուժերի հետ, որոնք Գեղամյանին
կճանաչեն իբրեւ առաջնորդ եւ պատրաստակամություն կհայտնեն իրականացնել այս կուսակցության
ծրագիրը: Օրինակ՝ «ԱՄ» փոխնախագահ Կորյուն Առաքելյանն ազդարարեց. «Համագործակցելու
ենք բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են մեր քաղաքականությունը»: Իսկ Նոր Հաճնի
տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանն ասաց, թե չփորձելով նսեմացնել
ընդդիմության այլ գործիչների աշխատանքը՝ չի կարող չնշել, որ Գեղամյանից բացի՝ որեւէ
այլ ղեկավար չի կատարել այն «հսկայական, տիտանական» աշխատանքը, որով բացահայտվել
են «իշխանությունների հանցավոր քաղաքականության բոլոր նրբություններն ու խորամանկությունները»:
Սակայն Արտաշես Գեղամյանը հարցերին պատասխանելով՝ ասաց, որ «Արդարություն»
դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների գործունեությունը գնահատում են «ներկայիս
փուլում չափազանց բարձր»: Առաջարկեց արհեստական լարվածություն չստեղծել ընդդիմության
տարբեր թեւերի միջեւ: Ելույթում նա նշեց, թե փոխանակ քննարկումներ կազմակերպվեն արտաքին
քաղաքական լրջագույն խնդիրների շուրջ՝ իշխանությունն առավել շեշտադրում է, որ «ԱՄ»-ն
չմասնակցեց հոկտեմբերի 26-ի հանրահավաքին. «Ուզում են կասկածամտության ցեցն անպայման
գցել ու դարձնել կռվախնձոր: Չգնացինք, քանի որ գտանք, թե նպատակահարմար չէ: Ցավով
եմ ասում, որ 26-ի հետ կապված մեր հիմնավորումներն արդարացան»: Խոսքը մասնավորապես
հանրահավաքի սակավամարդության շուրջ իրականացած կանխատեսումների մասին էր: «Թարգե՛ք
այդ ճամարտակությունները,- ասաց պրն Գեղամյանը:- Միեւնույն է՝ «ԱՄ»-ն այսօր այն քաղաքական
ուժն է, որ անգամ իսկ ինքնուրույն կկարողանա հաղթահարել անտարբերության այն պատնեշը,
որ պատել է ողջ Հայաստանին»: Սակայն ըստ նրա՝ իրենք չեն ցանկանում մասնակցել թատերականացված
ներկայացումների, որտեղ «պսակադրումներ են անում եւ ճառեր ասում ճիշտ այն մարդիկ,
ովքեր ապրիլի 12-13-ի ոճրագործության մասին այդպես էլ չարտահայտեցին իրենց կարծիքը՝
լինելով ամենաբարձրաստիճան պաշտոնյաները: Այդպես էլ «ո՛չ» չասացին, մինչդեռ հենց
այդ գիշեր կարող էին զոհվել այդ նույն զոհերի հարազատները նույնպես»: «Ազգային
միաբանության» առաջնորդը դեմ արտահայտվեց հանրահավաքային պայքարին. «Այսօր իշխանությունները
բոլորիցս շատ են ուզում, որ մենք, այո՛, գնանք երթերին: Մեզնից ավելի շատ են ուզում,
որ մենք անենք հանրահավաքներ: Կարտոնեն, հետո իրենք էլ ամեն ինչ կանեն, որ նորից
թափվի արյուն: Հետո իրենք էլ կհայտարարեն՝ Հայաստանի Հանրապետությունում վիճակն ապակայունացած
է, դրա համար էլ դրսի ուժերն օգտվեցին պահից՝ ծնկի բերեցին մեր իշխանություններին
եւ տվեցին Ղարաբաղի համար ոչ նպաստավոր լուծումներ: Այդ բոլորը մենք հաշվարկել ենք
ու գիտենք»: Այս հանդիպման ընթացքում հրապարակվեց «ԱՄ» Երեւանի քաղաքային
կազմակերպության պատգամը կուսակցության ղեկավարությանը՝ վերցրե՛ք իշխանությունը:
Դահլիճից անմիջապես հարց տվեցին՝ «ինչպե՞ս ենք վերցնելու»: Սակայն հարցի պատասխանը
հրապարակավ չհնչեց: Եվ ընդհակառակը՝ Արտաշես Գեղամյանը հավելեց նոր հարցադրումներ.
«Ո՞նց անես, որ հայը հայի արյուն չթափի: Ո՞նց անես, որ անցնցում լինի: Ինչի՞ն ապավինես,
ո՞ւմ ապավինես: Ո՞ր գաղափարը գրես դրոշիդ վրա»: Այս հարցերից հստակ պատասխան հնչեց
մեկի առնչությամբ՝ որեւէ խնդիր չարժե այն գնին, որ անգամ մի երեխայի քթից արյուն
գա. «Հենց այդ արյուն թափվելը դառնում է հասարակ, առօրեական գործողություն՝ ունենում
ենք «Հոկտեմբերի 27»-ը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել