Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցը՝

Հոկտեմբեր 28,2004 00:00

Չարենցը՝ «Պարոնյանի» բեմում Չարենցյան թեմային հայ հանդիսատեսը կառնչվի նոյեմբերի 6-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելով Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսը: Հանդիպեցինք բեմադրության ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին: Մեր հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է կոմեդիայի թատրոնը ձեռնամուխ եղել նման լուրջ գործի բեմադրության, ռեժիսորը հավաստիացրեց, որ կոմեդիայի թատրոնը մինչ այսօր որեւէ անլուրջ բեմադրություն չի արել, այնուհետեւ պարզաբանեց, որ այս ստեղծագործությունը պարունակում է թատերական բոլոր ժանրերը: Իսկ ավելի շուտ՝ սա քաղաքական պամֆլետ է: Առանցքում 37 թվականի Չարենցի հետադարձ հայացքն է իրեն՝ 26 թվականին: «Այս բեմադրությունը իմպրովիզ է 11 դրվագով: Բեմում ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել սովետական կարգերը, ինչպես է սոցիալիզմի քարը քարին դրվել: Եվ չմոռանանք, որ բեմադրությունը, որն իրականացրել է մեր վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը, ինքն էլ հենց այդ թվերին երեխա է եղել ու իր մաշկի վրա զգացել զրկանք, սարսափ, վախ, գիշերներով նստել ու սպասել է, թե դուռը երբ կթակեն: Ինչ խոսք, փոխվել են ժամանակները, ամեն դեպքում, ներկայացման մեջ շեշտադրվում է, որ, Աստված մի արասցե, դիկտատուրա հաստատվի երկրում: Մի խոսքով, սա համախմբվածության ու զգոնության կոչ է մարդկանց եւ չպետք է ակնկալել հանդիպում հենց Չարենցի հետ: Չարենցն այստեղ սիմվոլ է»,- ներկայացրեց Բ. Պեպանյանը: 1926 եւ 1937 թվականների Չարենցներին խաղում են երիտասարդ դերասաններ Վարդան Մկրտչյանն ու Ավիկ Խալաթյանը: Ըստ ներկայացման ռեժիսորի, 37 ու 26 թվերը կռիվ են տալիս իրար հետ եւ արդեն հասուն Չարենցը մեծ հիասթափություն է ապրում, համոզված լինելով, որ կոմունիզմի գաղափարախոսությունը միանշանակ տանում է կործանման: Այնուամենայնիվ, ըստ Բ. Պեպանյանի, իրենք ներկայացմանը քաղաքական եւ ոչ մի երանգ տալու մտադրություն չեն ունեցել. «Իսկ նպատակ կա՝ պարզապես ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչ է եղել»: Ռեժիսորը վստահ է, որ յուրաքանչյուր հանդիսատես պետք է ինքը հասկանա եւ իր համար հետեւություններ անի, «թե մեր նախնիները ինչ դժվարությամբ են սոցիալիզմ կառուցել ու, փաստորեն, ամեն ինչ փուչ է եղել»: Բ. Պեպանյանը այս ներկայացման մեջ մարմնավորում է ուղղիչ տան շեֆի՝ Պողոսի կերպարը: «Հետաքրքիրն այն է, որ իմ հերոսն էլ ուզում է մասսաներին լոզունգների միջոցով հավատացնել, որ մեր ապագան սոցիալիզմն է, իսկ վերջնագիծը՝ կոմունիզմը: Ու ես ներքուստ զգում եմ, որ իմ հերոսը ինքն իր ասածին չի հավատում: Արդյունքում նա գնդակահարվում է՝ «Ինտերնացիոնալը» երգելիս»: Մեր դիտարկմանը, թե դերասան-ռեժիսորը ժամանակին, այնուամենայնիվ, եղե՞լ է կոմերիտական կամ կուսակցական, Բ. Պեպանյանը հերքեց, ասելով, որ ինքը նույնիսկ կոմերիտական չի եղել, իսկ որեւէ կուսակցության մեջ մտնելը հիմար բան է: «Ես արվեստագետ եմ, ավելին, շարունակում եմ խաչվանքյանական դպրոցը»: Բեմադրության մեջ ներգրավված է թատրոնի դերասանական ողջ անձնակազմը, նվագախումբը, երգչախումբը ու բալետային խումբը եւ, ինչպես ներկայացրեց ռեժիսորը, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի՝ բեմադրության համար գրված երաժշտությունից անջատ հնչում են հայկական ազգային երգեր՝ ուղղիչ տան բնակիչների շուրթերից: Մեր հանդիպման վերջում Բ. Պեպանյանը հայտնեց, որ Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ եւ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը նպատակ է դրել հայ բեմը լցնել ազգային դրամատուրգիայով, «ինչի մասին խոսում է մեր խաղացանկը՝ Շիրվանզադեի «Ազգային գործիչը», Սունդուկյանի «Խաթաբալա», Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ու «Շողոքորթը», Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» եւ այլ ներկայացումներ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել