Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վեճեր՝ նվերի շուրջ

Հոկտեմբեր 28,2004 00:00

Վեճեր՝ նվերի շուրջ Բարեգործները քիչ էր մնում՝ հրաժարվեին մոտ կես միլիոն դոլար արժողության սարք նվիրելուց: Գյումրիի «Ճերմակ հիվանդանոցում» տեղադրվել է մոտ 300-500 հազար դոլար արժողության համակարգչային տոմոգրաֆիա (գլխուղեղի հետազոտում) իրականացնող սարք: Այդ շքեղ նվերը արել էր Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոնի նահանգապետ Ժան Նոյել Գերինիի գլխավորած «Բարձունք 5165» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը: Շիրակի մարզի բժիշկներն այս մասին չէին էլ կարող երազել, իսկ բնակիչները հարկադրված հասնում էին մայրաքաղաք՝ ծախսելով $100-120: Ծանր վիճակում գտնվողներից շատերը հենց ճանապարհին մահանում էին: Սակայն, ինչպես պարզվում է, քաղաքում սկսված թեժ քննարկումներից ու բարեգործների դժգոհությունից, «իր ոտքով Գյումրի հասած» սարքի համար հիվանդանոցներում տեղ չի գտնվել: Ինչպես նախորդ օրը Գյումրի կատարած այցի ժամանակ դժգոհեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Հովսեփ Հովսեփյանը, որոշ մարդիկ տեղադրման հետ կապված ավելորդ քաշքշուկներ են ստեղծել ու այնքան հիասթափեցրել բարեգործներին, որ նրանք քիչ է մնացել նվերը այլ շրջան տեղափոխեին: Հովսեփ Հովսեփյանի մեկնաբանությամբ. «Կան մարդիկներ, որոնք կամ չեն հասկնար՝ ինչ է նշանակում այս ապարատը Գյումրիի ժողովրդի համար, կամ ուզում են բռնագրավել ապարատի ծառայությունը»: Իսկ թե ո՞վքեր էին «անհասկացողները» կամ էլ նման ախորժակ փայփայողները, Հովսեփ Հովսեփյանը չհստակեցրեց: Պարզաբանումներ տալով, կազմակերպության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Ադամյանը հայտնեց, որ խնդիրը շոշափվել է դեռեւս նախկին մարզպետ Ֆ. Փիրումյանի օրոք. նահանգապետ Գերինիի եւ Շիրակի մարզպետի միջեւ գրավոր համաձայնություն էր կնքվել փոխհամագործակցության վերաբերյալ: Իսկ քաշքշուկները սկսվել են նոր մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում: Մարզպետը երկու անգամ նահանգապետ Գերինիին «ժամադրել» է՝ երկու անգամ էլ նրան չհանդիպելով: Նշանակված երկու հանդիպումների ժամանակ էլ մարզպետարանից պատասխանել են, որ մարզպետը Երեւանում է: Գագիկ Ադամյանի ասելով, սարքը սկզբում նախատեսված է եղել տեղադրել Ավստրիական հիվանդանոցում: Մարզպետի որոշման համաձայն, այստեղից նրանց հատկացվել է 129 քմ տարածք, սակայն ինչ-ինչ պատճառներով հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը, ի դեպ, եւս նորանշանակ է եւ դաշնակցական, հրաժարվել է այդ չափով տարածք տրամադրել՝ պատճառաբանելով, որ այն նախատեսված է իր ամբուլատոր ծառայությունների համար: Այնուհետեւ սարքը որոշել են տեղափոխել Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Այստեղ էլ գլխավոր բժիշկ Սեդրակ Խաչատրյանը թեեւ հյուրերին գրկաբաց է ընդունել, սակայն հաջորդ օրը հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ $40-45 հազար է անհրաժեշտ տարածքը վերանորոգելու համար: Քանի որ նման ծախսեր ֆրանսիացիները չէին նախատեսել, ուստի հրաժարվել են նաեւ այդ հիվանդանոցից: Գագիկ Ադամյանի պատմելով՝ իրենք արդեն քննարկում էին սարքի տեղափոխման հարցը, երբ վրա է հասել քաղաքապետը՝ առաջարկելով իր ծառայությունը: Վերջինս ոչ միայն հարմար տարածք է տրամադրել, այլեւ լուծել է եվրոպատուհանների ու դռների տեղադրման հարցը: Հիշյալ հարցերի շուրջ մեզ չհաջողվեց լսել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի պարզաբանումները. նա այս անգամ եւս Գյումրիում չէր: Առողջապահության վարչությունից տեղեկացրին, որ պաշտոնյան մեկնել է Երեւան՝ սեմինարի: Սակայն պատրաստ ենք տպագրելու նրա մեկնաբանությունները եւս: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել