Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Հոկտեմբեր 28,2004 00:00

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ Անօրինականությունները, իշխանությունների ճնշումները, ընդդիմության անկարողությունը Հոկտեմբերի 27-ի նախօրեին ընդդիմության նախաձեռնած «հակաահաբեկչական» հանրահավաքն իր բովանդակային իմաստով նրա մասնակիցներից շատերի համար էր անհասկանալի մնացել: Կազմակերպիչներն, ըստ էության, «27»-ը տեղավորել էին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Ի դեպ, երեկ էլ Եռաբլուրում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «27»-ի մասին իր խոսքը համեմեց իրաքյան հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների վերաբերյալ դիտարկումներով: Ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վահագն Խաչատրյանի՝ «այն, ինչի մասին խոսվեց ընդդիմության «հակաահաբեկչական» հանրահավաքում, ավելի տեղին եւ լսելի կլիներ, եթե խոսվեր Բեսլանի դեպքերից անմիջապես հետո, որովհետեւ հիմնական շեշտադրումները, նաեւ հենց Բեսլանից բերված օրինակները, ահաբեկչության մասին էին: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի նախօրեին հրավիրված հանրահավաքում «27»-ը ներկայացնել որպես զուտ ահաբեկչություն՝ առանց նշելու դրա նախապատմությունն ու դրան հաջորդած զարգացումներին գնահատական տալու, իսկ «27»-ն իր տրամաբանությամբ պետական հեղաշրջում էր, նշանակում էր ամբողջությամբ չներկայացնել այդ դեպքերի էությունը: Այն տպավորությունը ստացա, որ հանրահավաքը ոչ թե նվիրված էր «27»-ին, այլ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարին, որի մեջ փորձեցին խցկել նաեւ «27»-ը, մինչդեռ հակառակը պետք է լիներ: Առավել եւս անհասկանալի էր, որ այդ ակցիան եւս մեկ անգամ օգտագործվեց Իրաք՝ հայ մասնագետներ ուղարկելու դեմ հայտարարություններ անելու համար: Իսկ ընդհանրապես, որպես զուտ ակցիա՝ նորմալ էր, թեեւ ցավալի էր, որ մասնակիցների թիվն էր քիչ եւ ելույթներն էլ իրենց բովանդակությամբ որեւէ լուրջ գնահատականներ չէին պարունակում: Իսկ համամարդկային առումով, իհարկե, մենք միանում ենք ահաբեկչության դեմ պայքարին»: Ըստ Վ. Խաչատրյանի, ընդդիմությունը ներքաշվել է «Ընտրական օրենսգրքի», սահմանադրական փոփոխությունների, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի քննարկումներում, ինչը տպավորություն է ստեղծում, թե այսօր մեր երկրի հիմնական դժբախտությունը օրենսդրական դաշտի անկատարությունն է. «Մինչդեռ նույն այդ ընդդիմությունը երկրում ստեղծված իրավիճակին այլ գնահատական էր տալիս՝ երկրում խաթարված է սահմանադրական կարգը, չեն գործում ժողովրդավարական ինստիտուտները, երկրում իշխանությունը բռնազավթված է Ռոբերտ Քոչարյանի կողմից»: Այսինքն՝ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի՞ օրենսդրական գործունեությունից: «Միանշանակ: Ընդդիմությունն ինչպե՞ս է պատրաստվում օրենսդրական դաշտում աշխատել այն իշխանության հետ, որն ամեն ինչի պատրաստ է, որն ընդդիմության հետ վարվել է ամենաբիրտ ձեւերով եւ նույնը կանի, երբ անհրաժեշտ լինի իրեն»,- կարծիք հայտնեց Վ. Խաչատրյանը: Նրա ասելով՝ «ընդդիմությունը պետք է կարողանա ամենասկզբունքային հարցերում՝ իշխանության լեգիտիմություն, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորում, հստակ ձեւակերպել իր տեսակետներն ու պահանջները եւ դրանք մատուցել ժողովրդին: Իսկ միակ բանը, որը կարող է քննարկվել այս իշխանությունների հետ՝ իշխանությունը հանձնելու ձեւերը պետք է լինեն: Սա է սկզբունքայինն ու ելակետայինը: Մնացածը դրանց ստորադասվող հարցադրումներ են: Վտանգավորն այն է, որ ժողովրդի համար աստիճանաբար ամեն ինչ սովորական է դառնում՝ երկրում տիրող անօրինականությունը, իշխանությունների կողմից ճնշումները եւ դրա դեմն առնելու ժողովրդի ու ընդդիմության անկարողությունը: Ցավոք, ընդդիմությունը նպաստեց այս մթնոլորտի ձեւավորմանը»: Կարծիք կա, որ իշխանափոխության ավելի ռեալ տարբերակը, առանց Քոչարյանի լեգիտիմության հարցը շոշափելու, երկրի սոցիալական, իրավական, տնտեսական ճգնաժամի, արտաքին քաղաքական բացթողումների վրա շեշտադրումներ անելն է, ինչը մեխանիկորեն հասարակության մեջ բողոքի ալիք կբարձրացնի եւ կհանգեցնի իշխանափոխության: «Կասկածում եմ, որ միայն սոցիալական խնդիրները իշխանափոխության պատճառ դառնան: Դա կախված է նաեւ իշխանության ունեցած ռեսուրսներից, դրսի ֆինանսական աջակցությունից, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղղվել այդ հարցերի ժամանակավոր լուծմանը: Օրինակը կա, նույն Լինսի հիմնադրամի գումարներով այս իշխանությունները կարողացան 2 տարի եւս դիմադրել: Սոցիալական հարցադրումը ճիշտ կլինի այն դեպքում, երբ իշխանություններն իրենց այդ լծակները կորցնեն, բայց այդ դեպքում էլ նրանք սովորաբար դիմում են ապօրինությունների, իսկ օլիգարխները գոյություն ունեն հենց նրա համար, որ անհրաժեշտության դեպքում լուծեն իշխանությունների առջեւ ծառացած նման խնդիրները: Հենց այդ օրվա համար է նրանց թույլատրվում գործել անօրինական դաշտում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել