Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿԸ

Հոկտեմբեր 28,2004 00:00

ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵՑԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՎ Երեկ հոկտեմբերի 27-ն էր՝ հինգ տարեկան «Հոկտեմբերի 27»-ը: Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին Եռաբլուրում, Պանթեոնում, քաղաքային Պանթեոնում՝ հարգելու «27»-ի զոհերի հիշատակը: Առաջինը Եռաբլուր ժամանեցին «Ազգային միաբանություն» կուսակցության անդամները, մինչ այդ՝ գիշերը մոտ ժամը 1-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմի մոտ էին բերել եղբորը՝ ազատազրկված Արմեն Սարգսյանին: Վաղ առավոտից Սպարապետի գերեզմանին թարմ ծաղիկներ էին դրված՝ գեղարվեստական ձեւավորումը, ինչպես ամեն տարի, Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանինն էր: Առաջին պսակները բերվել էին Ազգային ժողովի, ՀՀԿ-ի կողմից: Ժամը 10-ին Եռաբլուր այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ մի քանի անդամներով, հետո ժամանեց կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Կեսօրից հետո Եռաբլուր եկավ ընդդիմությունը: Ավելի ուշ, շատերի համար անսպասելի, բավականին հուզված Եռաբլուր եկավ Սամվել Բաբայանը, որը ծնկի իջավ եւ համբուրեց Սպարապետի հուշաքարը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սպիտակ մեխակների մի զամբյուղ ժամը 10.30-ի սահմաններում բերեցին երկու երիտասարդ եւ անաղմուկ դրեցին հուշաքարի մոտ: Պանթեոն եւ մյուս զոհերի հուշաքարերի մոտ նախագահականից ծաղիկներ չէին ուղարկվել: Նախագահի մամուլի քարտուղարը խուսափեց պատասխանել մեր հարցին՝ այցելելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը «27»-ի զոհերի գերեզմաններին; Թեպետ արդեն տարիներ շարունակ հայտնի է, որ նա հրապարակավ չի այցելում կամ՝ ընդհանրապես չի այցելում: Իսկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Իսպանիայում էր՝ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ի անվամբ ծաղկեպսակ միայն Կարեն Դեմիրճյանի հուշաքարի մոտ էր դրված: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել