Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞լ

Հոկտեմբեր 28,2004 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞լ Է ԱՐԴՅՈՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները այդ հարցին միանշանակ դրական պատասխան չեն տալիս Իշխանությունը մերթընդմերթ կշտամբում է ընդդիմադիր քաղաքական շրջանակներին «Հոկտեմբերի 27»-ը շահարկելու մեջ: Սակայն խիստ հետաքրքրական է, որ իրենք՝ իշխանության ներկայացուցիչները նույնպես վստահ չեն, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվել է: Ներկայացնում ենք «Եռաբլուրում» եւ «Պանթեոնում» իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ մեր երեկվա հարցազրույցներից այն հատվածները, որոնք վերաբերվում են «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը: Հարցադրումը մեկն է՝ ձեր կարծիքով, բացահայտվա՞ծ է «Հոկտեմբերի 27»-ը: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան. «Այդ հարցը կտաք գլխավոր դատախազին»: Ի դեպ, այս խորհուրդը ուրիշներն էլ տվեցին, բայց դատախազության ներկայացուցիչները շարունակում են չխոսկան լինել այս հարցում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցին՝ բացահայտվա՞ծ է արդյոք «Հոկտեմբերի 27»-ը, ասաց. «27»-ի գործը բացահայտված է, բայց այն կասկածանքները, որ արդեն հինգ տարի է՝ գոյություն ունեն, բնականաբար, մնացել են, այսինքն՝ դեռ հարց է մնում՝ միայն նրա՞նք էին եւ կազմակերպիչները, եւ կատարողները, թե՞ միայն կատարողներն էին իրենք: Ըստ իս՝ ցանկացած նմանատիպ գործում այդ կասկածները մնում են: Հույս ունեմ՝ ժամանակի ընթացքում այդ կասկածները կամ կփարատվեն, կամ կարդարանան: Դա կախված է ժամանակից»: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն անմիջականորեն է կապված «27»-ի գործին, քանի որ իր գլխավորությամբ էր իրականացվում գործի նախաքննությունը, անկեղծորեն խոստովանեց, որ գործը չի բացահայտվել. «Իմ կարծիքով՝ չի բացահայտվել, մաս է անջատված եղել, անջատված մասով էլ նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության արդյունքների մասին ես չեմ կարող ասել, գործը գլխավոր դատախազության վարույթում է»: Կա՞ն արդյոք կազմակերպիչներ՝ հարցին Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց. «Գործը վաղուց մեր վարույթում չի»: Հետաքրքիր է, իսկ երբ իրենց վարույթում էր, կազմակերպիչներ կայի՞ն: Պաշտպանության նախկին փոխնախարար, Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Աստվածատուր Պետրոսյան. «Ես դրանով չեմ զբաղվում: Ես ինձ համար գիտեմ բոլոր հարցերի պատասխանները: Հասարակությունը լրիվ գիտի»: Վազգեն Սարգսյանի զինակիցներից այս հարցից խուսափում եւ նյարդայնանում են նրանք, ովքեր այսօրվա իշխանության թեւի տակ են: Պաշտպանության ներկա փոխնախարար Միքայել Հարությունյան. «Էդ իմ հարցը չի, այդ հարցը դուք պետք է ուղղեք իրավապահ մարմիններին: Ես զգում եմ այլ բան՝ նրանք, ովքեր անմիջականորեն դա կատարել են, ստացել են իրենց պատիժը: Ես չեմ կարող ասել՝ պատվեր եղե՞լ է, թե՞ չի եղել: Շատ դժվար է խոսել այդ թեմայով, որովհետեւ դատարանն ապացուցեց, որ կատարողները այն մարդիկ էին, ովքեր պատժվեցին: Մյուս հարցերին պետք է պատասխանեն իրավապահ մարմինները»: Իշխանության ներկայացուցիչների կարծիքից առանձնապես ոչնչով չէր տարբերվում ընդդիմության համոզմունքը: Ստեփան Դեմիրճյանի համար միանշանակ է, որ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել, եւ որ այս իշխանությունների օրոք այն չի էլ բացահայտվի. «Իշխանություններն ամեն ինչ արեցին «Հոկտեմբերի 27»-ի գործը կոծկելու համար, եւ դատավարությունը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները: Համոզված ենք, որ ճշմարտության բացահայտումը ժամանակի հարց է: Ի վերջո, այդ բացահայտումը բխում է մեր պետության շահերից»: Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդ Սամվել Դեմիրճյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը ոչ միայն վստահ է, որ «27»-ը չի բացահայտվել, այլեւ բավարար հիմքեր ունի. «Հիմքերը բոլոր այն միջնորդություններն են, որոնք մենք ներկայացրել ենք անջատված մասով, եւ որոնք մերժվել են: Մեր միջնորդություններում մենք ներկայացնում ենք հիմնավորումներ, որ իրականությունն այն չէ, ինչ ներկայացվում է քրգործում: Չի կարող այնպես պատահել, որ զենքերը նախապես շենքում եղած չլինեն: Ոճրագործներին անպայման դրդող եղել է, ոստիկանների միջոցով կանաչ ճանապարհ բացող անպայման եղել է: Մենք գործով ենք ապացուցում, որ «27»-ը չի բացահայտվել: ԱԺ նախագահը երեկ հայտարարեց, որ գործը պետք է ամբողջությամբ բացահայտել: Այսինքն՝ պետության եւ դատախազության հինգ տարվա վերաբերմունքը ԱԺ նախագահին եւս բերեց այն համոզման, որ կազմակերպիչներ, այդուհանդերձ, կան»: 1999թ. հոկտեմբերին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանի համար եւս միանշանակ է՝ «27»-ը չի բացահայտվել. միայն ես չեմ այդպես մտածում, դուք էլ եք այդպես մտածում, ամբողջ հանրությունն է այդպես մտածում: Բացահայտումը այսօրվա եւ վաղվա գործ չէ»: Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այսօր «27»-ի բացահայտման նախադրյալներ չկան. «Առայժմ մենք այդպիսի իրավիճակ չունենք, բայց համոզված եմ՝ շուտով այդպիսի իրավիճակ կլինի»: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ մինչեւ օրս չբացահայտված լինելը խափանում է մեր համապետական զարգացումը. «Սա մնում է որպես խոց մեր հանրային սրտի մեջ, եւ անհրաժեշտ է, որ հասարակական, քաղաքական պայքարը շարունակվի ճշմարտության եւ արդարության համար»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը համարում է, որ միայն մեկն է հավատում, թե «27»-ը բացահայտվել է. «Այն մեկը, որը հայտարարում էր, թե ուչաստկովիի մակարդակով լուծվելիք խնդիր է: Այդ մարդը այս հարցում էլ է մենակ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել