Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարենցը՝ «Պարոնյանի» բեմում

Հոկտեմբեր 28,2004 00:00

Չարենցյան
թեմային հայ հանդիսատեսը կառնչվի նոյեմբերի 6-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնում դիտելով Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսը:
Հանդիպեցինք բեմադրության ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին:
Մեր հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է կոմեդիայի թատրոնը ձեռնամուխ եղել նման լուրջ գործի
բեմադրության, ռեժիսորը հավաստիացրեց, որ կոմեդիայի թատրոնը մինչ այսօր որեւէ անլուրջ
բեմադրություն չի արել, այնուհետեւ պարզաբանեց, որ այս ստեղծագործությունը պարունակում
է թատերական բոլոր ժանրերը: Իսկ ավելի շուտ՝ սա քաղաքական պամֆլետ է: Առանցքում 37
թվականի Չարենցի հետադարձ հայացքն է իրեն՝ 26 թվականին: «Այս բեմադրությունը իմպրովիզ
է 11 դրվագով: Բեմում ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել սովետական կարգերը,
ինչպես է սոցիալիզմի քարը քարին դրվել: Եվ չմոռանանք, որ բեմադրությունը, որն իրականացրել
է մեր վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը, ինքն էլ հենց այդ թվերին երեխա է եղել ու իր մաշկի
վրա զգացել զրկանք, սարսափ, վախ, գիշերներով նստել ու սպասել է, թե դուռը երբ կթակեն:
Ինչ խոսք, փոխվել են ժամանակները, ամեն դեպքում, ներկայացման մեջ շեշտադրվում է,
որ, Աստված մի արասցե, դիկտատուրա հաստատվի երկրում: Մի խոսքով, սա համախմբվածության
ու զգոնության կոչ է մարդկանց եւ չպետք է ակնկալել հանդիպում հենց Չարենցի հետ: Չարենցն
այստեղ սիմվոլ է»,- ներկայացրեց Բ. Պեպանյանը: 1926 եւ 1937 թվականների Չարենցներին
խաղում են երիտասարդ դերասաններ Վարդան Մկրտչյանն ու Ավիկ Խալաթյանը: Ըստ ներկայացման
ռեժիսորի, 37 ու 26 թվերը կռիվ են տալիս իրար հետ եւ արդեն հասուն Չարենցը մեծ հիասթափություն
է ապրում, համոզված լինելով, որ կոմունիզմի գաղափարախոսությունը միանշանակ տանում
է կործանման: Այնուամենայնիվ, ըստ Բ. Պեպանյանի, իրենք ներկայացմանը քաղաքական
եւ ոչ մի երանգ տալու մտադրություն չեն ունեցել. «Իսկ նպատակ կա՝ պարզապես ցույց
տալ մեր երիտասարդներին, թե ինչ է եղել»: Ռեժիսորը վստահ է, որ յուրաքանչյուր հանդիսատես
պետք է ինքը հասկանա եւ իր համար հետեւություններ անի, «թե մեր նախնիները ինչ դժվարությամբ
են սոցիալիզմ կառուցել ու, փաստորեն, ամեն ինչ փուչ է եղել»: Բ. Պեպանյանը
այս ներկայացման մեջ մարմնավորում է ուղղիչ տան շեֆի՝ Պողոսի կերպարը: «Հետաքրքիրն
այն է, որ իմ հերոսն էլ ուզում է մասսաներին լոզունգների միջոցով հավատացնել, որ
մեր ապագան սոցիալիզմն է, իսկ վերջնագիծը՝ կոմունիզմը: Ու ես ներքուստ զգում եմ,
որ իմ հերոսը ինքն իր ասածին չի հավատում: Արդյունքում նա գնդակահարվում է՝ «Ինտերնացիոնալը»
երգելիս»: Մեր դիտարկմանը, թե դերասան-ռեժիսորը ժամանակին, այնուամենայնիվ, եղե՞լ
է կոմերիտական կամ կուսակցական, Բ. Պեպանյանը հերքեց, ասելով, որ ինքը նույնիսկ կոմերիտական
չի եղել, իսկ որեւէ կուսակցության մեջ մտնելը հիմար բան է: «Ես արվեստագետ եմ, ավելին,
շարունակում եմ խաչվանքյանական դպրոցը»: Բեմադրության մեջ ներգրավված է թատրոնի
դերասանական ողջ անձնակազմը, նվագախումբը, երգչախումբը ու բալետային խումբը եւ, ինչպես
ներկայացրեց ռեժիսորը, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի՝ բեմադրության համար գրված
երաժշտությունից անջատ հնչում են հայկական ազգային երգեր՝ ուղղիչ տան բնակիչների
շուրթերից: Մեր հանդիպման վերջում Բ. Պեպանյանը հայտնեց, որ Կոմեդիայի թատրոնի
գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ եւ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ
Ղազանչյանը նպատակ է դրել հայ բեմը լցնել ազգային դրամատուրգիայով, «ինչի մասին խոսում
է մեր խաղացանկը՝ Շիրվանզադեի «Ազգային գործիչը», Սունդուկյանի «Խաթաբալա», Պարոնյանի
«Ատամնաբույժն արեւելյան» ու «Շողոքորթը», Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» եւ այլ
ներկայացումներ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել