Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Հոկտեմբեր 28,2004 00:00

Այդ
ճանապարհով մասնավոր բուհերը կարող են լիցենզիա ստանալ «արագացված կարգով» Վերջերս
ավարտվեցին ոչ պետական բուհերի հավատարմագրման նպատակով կազմակերպված ատեստավորման
քննությունները, եւ մասնակից ութ բուհերից հավատարմագիր ստացավ միայն Գյումրիի «Պրոգրես»
համալսարանը՝ օտար լեզու մասնագիտության գծով: Մնացած 7-ը ստիպված կլինեն այդ փորձության
միջով անցնել մյուս տարի եւս. համաձայն հավատարմագրման ընթացակարգի՝ տվյալ մասնագիտությանը
հավատարմագիր տրվում է ԿԳՆ սահմանած անհրաժեշտ փուլերն անցնելուց եւ 2 տարվա շրջանավարտների
ամփոփիչ ստուգում իրականացնելուց հետո: Այն էլ, եթե քննություն հանձնողների առնվազն
60 տոկոսը ստացել է դրական գնահատական: Իսկ բուհն ամբողջությամբ կարող է հավատարմագրվել,
եթե հավատարմագրված է մասնագիտությունների 75 տոկոսը: Սակայն խնդիրն այսքանով
չի սահմանափակվում: Պարզվում է՝ լիցենզավորման վարչությունը որոշ մասնագիտությունների
դեպքում չունի համապատասխան չափորոշիչներ եւ ի վիճակի չէ ստուգումներ անցկացնել բուհերում:
Արդյունքում՝ բուհերը դիմում են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները: Մինչ
այսօր հավատարմագրված 29 բուհից 20-ը հավատարմագիր ձեռք է բերել հենց այս ճանապարհով՝
դատարանի որոշումներով: Մոտ ապագայում սրանց թիվը սպառնում է ավելանալ, քանի որ այս
պահին էլ որոշ բուհեր համապատասխան հայց են ներկայացրել դատարաններ: Մեր հարցին,
թե ինչպե՞ս է բուհերին հաջողվում հավատարմագիր ստանալ դատարանի միջոցով, Լիցենզավորման
եւ հավատարմագրման վարչության պետ Ռոբերտ Փոլադյանը միայն պատասխանեց. «Պատճառները
տարբեր են, յուրաքանչյուր դեպք պետք է քննել առանձին: Ամեն դեպքում, ցավալի է, բայց
դատարանի որոշումը պետք է կատարել»: Դատական կարգով հավատարմագիր ստանալու
մեխանիզմը բացահայտեց «Մովսես Խորենացի» համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը: Այս
բուհին հավատարմագիր տալու համար դատարանը հիմք է ընդունել հաստատության ավարտական
քննությունների արդյունքները: Մինչ այդ, ըստ ռեկտորի, բուհը նույն նպատակով դիմել
է լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն՝ եւ մերժվել: «Ես ասում եմ՝ եկեք
ինձ ստուգեք, բայց ստուգում չի իրականացվում, այն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է,
այսինքն՝ խախտվում են բուհի իրավունքները»: Երբ բուհը 2003-ին այս հարցով դիմել է
Լիցենզավորման վարչություն, նրանց պատասխանել են, թե չկան համապատասխան չափորոշիչներ,
ըստ որոնց հնարավոր կլինի իրականացնել հավատարմագրումը: Իսկ այն հարցին, թե նախորդ
տարիներին մյուս բուհերին ի՞նչ չափորոշիչների հիման վրա են հավատարմագիր տվել, վարչությունից
պատասխանել են, թե նախորդ տարիներին սխալ են թույլ տվել, ինչը հիմա պետք է ուղղվի:
«Այսինքն՝ հավատարմագրումը հետաձգվում էր: Իսկ դա կարող է լինել 2750 տարի հետո»,-
պատմում է Ա. Աղաբաբյանը: Փաստորեն, ըստ նրա, բուհերը հայտնվել են անհավասար պայմաններում.
մեկն առանց չափորոշիչների կարողացել է հանձնել քննությունները եւ հավատարմագիր ստանալ,
իսկ մյուսը չի կարող՝ այդ նույն չափորոշիչների բացակայության պատճառով: ԶԱՐՈՒՀԻ
ՍԱՐԳՍՅԱՆՀ. Գ. Թե ինչ սկզբունքներով են իրականում առաջնորդվում
դատարանները՝ բուհերին լիցենզիա տալով, կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել