Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ՝ հանուն Շմայսի կազինոյի

Հոկտեմբեր 28,2004 00:00

Տարեց ուսուցչուհուն զրկում են տարածքից

55 տարվա մանկավարժ, աշխատանքի վետերան, 81-ամյա Մայրանուշ Վարժապետյանին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչները խորհուրդ չեն տալիս պայքարի մեջ մտնել պաշտպանության նախարարության պաշտոնյայի, թիվ 27 ընտրատարածքի պատգամավորության միակ թեկնածու Առաքել Մովսիսյանի («Շմայս») հետ: Վերջինս այցելել է Մ. Վարժապետյանի տարածք եւ իր կազինոյի համար «աչք է դրել» նրա 700 քմ տնամերձ հողամասին: Մ. Վարժապետյանի ամուսինը Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, 2-րդ կարգի հաշմանդամ: Լինելով նախկին Գերագույն խորհրդի երկու նստաշրջանների պատգամավոր եւ անհատական թոշակառու, Թաիրովի անվան սովխոզում ստացել էր 700 քմ տնամերձ հողամաս: Նշենք, որ նա Էջմիածնի շրջանի Թաիրովի սովխոզի հիմնադիրն է նաեւ եղել:

«1997թ.,- պատմում է Մայրանուշ Վարժապետյանը,- նախկին գյուղապետը 20 տարվա վաղեմություն ունեցող հողը (շուրջ 100 բերքատու ծառերով) վերաչափեց, գտնելով, թե այն «նորմայից ավել է»: Դրան հետեւեց այն , որ 2 ավտոմեքենայով ուսուցչուհուն այցելեցին ոստիկաններ, հայտարարելով, որ «մայրուղու հողատարածքն իրենց է հատկացվել»: 2004թ. նորընտիր գյուղապետը՝ Սամվել Վարդանյանը կրկնեց նախորդի պահանջը. ազատել հողը, քանի որ այն «նորմայից ավել է»:

Ապրիլից սկսվեց «տարածքային պատերազմը»: Մ. Վարժապետյանը դիմումներ ուղարկեց ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին՝ խնդրելով լուծել իր տնամերձ հողամասի սեփականաշնորհման վկայականի հարցը, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վաղարշապատի ստորաբաժանումում հրաժարվում են դա անել: Տարեց ուսուցչուհուն չօգնեցին նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ու նրա նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Այդ անաստվածները ուզում են պղծել իմ ամուսնու հիշատակը, փորձում են զրկել ինձ իմ միակ ապրուստի միջոցից, բռնի ուժով զավթել հողը՝ մատնելով իմ ընտանիքի անդամներին սովի եւ թշվառության»,- ասում է Մ. Վարժապետյանը: Վերջինս 2000թ. մարտի 21-ին կնքել էր նաեւ վարձակալական պայմանագիր՝ հողատարածքի համար կատարելով անհրաժեշտ մուծումները: Սակայն այդ բոլոր փաստարկներն, իհարկե, խամրում են Շմայսի՝ կազինո սարքելու եւ նոր գերեկամուտներ ստանալու ցանկության առջեւ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել