Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԴԻՄԻ՞ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 28,2004 00:00

Լավագույն վկայություններից մեկը, թե
մեր իշխանությունն ինչպես է վերաբերվում 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին՝
Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ պատահածն է: Ապրիլի 12-ի լույս
13-ի գիշերը Կենտրոնի ոստիկանները ջարդուփշուր արեցին այս թանգարանի դռները, ցիրուցան
արեցին գույքը եւ տարան որոշ ցուցանմուշներ: Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն
Մամյանը դեռ ապրիլի 15-ին էր զեկուցագիր գրել իր վերադասին՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ
Զախարյանին, որտեղ մասնավորապես նշել էր, թե թանգարանի շենքին հասցվել է մոտ 515
հազար դրամի վնաս: Ապրիլի 23-ին քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանել էր, թե
այդ վնասը պիտի վերականգնվի թանգարանի միջոցների հաշվին: Ապրիլի 30-ին Վահագն Մամյանը
նորից էր դիմել քաղաքապետին, թե թանգարանին հասցված նյութական վնասի վերականգնումը
կազմել է 575 հազար դրամ, որը Դեմիրճյանի թանգարանը հատուցել է իրեն հատկացված բյուջետային
միջոցներից. «Այդ միջոցները նախատեսված են թանգարանի պահպանման համար, որի կարիքը
խիստ զգացվում է ընթացիկ աշխատանքները շարունակելու համար: Խնդրում եմ, հարց բարձրացրեք
ՀՀ կառավարության առաջ՝ նշված գումարը թանգարանին հնարավորինս կարճ ժամկետում փոխհատուցելու»:
Նա նաեւ նշել էր, թե մինչ օրս «գնահատական չի տրվել ոստիկանության վանդալիզմի հատկանիշներ
պարունակող գործողությունների հետեւանքով թանգարանին հասցված բարոյահոգեբանական վնասներին»
եւ խնդրել՝ «հարց բարձրացրեք այս միջադեպի մեղավորներին օրենսդրության համաձայն պատժելու:
Դա երաշխիք կհանդիսանա թանգարանը հետագա ոտնձգություններից զերծ պահելու եւ թանգարանի
աշխատողների բարոյահոգեբանական վիճակը շտկելու համար»: Մայիսի 11-ին քաղաքապետի լիազորված
անձը պատասխան գրություն էր ուղարկել թանգարանի տնօրենին. «Հարցին իրավական ճիշտ
լուծում տալու համար նպատակահարմար է դիմել դատախազությանը»: Այս ուշագրավ գրագրության
վերջին ակորդը՝ մայիսի 20-ին թանգարանի տնօրենը քաղաքապետարան ուղարկեց այս նամակը.
«Շնորհակալություն եմ հայտնում մեր գրությանը ընդհանրապես պատասխանելու համար, ինչպես
նաեւ հիացմունքս եմ հայտնում հարցին լուծում տալու հանճարեղ մտահղացման կապակցությամբ,
եւ միաժամանակ չեմ առարկում, որ դուք դիմեք դատախազություն: Թանգարանի տնօրինությունը
պատրաստ է աջակցել այդ հարցում»: Վահագն Մամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ
է երախտագիտություն հայտնել «ընդհանրապես պատասխանելու համար», մի՞թե իր գրություններին
նաեւ չեն պատասխանում. «Կամ էլ մասամբ անորոշ պատասխան են տալիս՝ ոչինչ չպարզաբանող»:
Որպես իր պնդման հաստատում՝ թանգարանի տնօրենը վկայակոչեց մի օրինակ. «Մեկ տարուց
ավելի է՝ թանգարանի բակին առնչվող մի խնդրով դիմում ենք ե՛ւ քաղաքապետին, ե՛ւ փոխքաղաքապետերին,
ե՛ւ քաղաքապետարանի տարբեր վարչություններին: Բայց չենք ստանում ոչ մի որոշակի, հարց
լուծող պատասխան կամ էլ ընդհանրապես չենք ստանում պատասխան: Բակում մի կիսակառույց
տարածք ունենք, որ 20-25 տարի առաջ են սկսել կառուցել եւ մնացել է անավարտ: Մենք
դրա կարիքը շատ ունենք՝ աշխատասենյակների խնդիր կա, եւ ընդհանրապես՝ կարիք կա բարեկարգելու
բակը: Քանի որ թանգարանն այս ավերված բակով բացելն իշխանությունների համար էլ պատվաբեր
չի լինի: Բայց մինչ օրս չեն լուծվել այդ հարցերը»: Մեր հարցին, թե ե՞րբ կսկսի
գործել թանգարանը՝ Վահագն Մամյանը պատասխանեց. «Թանգարանի աշխատակիցները թեւաթափ
չեն լինում այս իրավիճակից եւ անում են ամեն ինչ: Շուտով կավարտվի ցուցադրության
ձեւավորումը: Նյութերը պատրաստ են՝ ենթարկված գիտական մշակման, պատրաստ են արխիվները
եւ ստենդների բովանդակությունը»: Այս ցուցադրության եւ արխիվների մեջ չեն ընդգրկվի
100-ից ավելի տեսաերիզներ, որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանները տարել էին թանգարանից
ու կցել «Արդարության» դեմ հարուցած քրգործին: Դատախազությունն այժմ առաջարկում է,
որ գան տանեն այդ տեսաերիզները, սակայն թանգարանը հրաժարվում է: «Այդ տեսաերիզները
կորցրել են իրենց արժեքը որպես թանգարանային ցուցանմուշ,- ասաց Վահագն Մամյանը:-
Ինձ հայտնի չէ, թե այդ տեսաերիզների հետ ի՞նչ են արել դատախազությունը, ոստիկանությունը
կամ Ազգային անվտանգության մարմինները: Իսկ ընդհանրապես՝ ոնց տարել են, թող այդպես
էլ վերադարձնեն: Մենք էլ կընդունենք ու կուսումնասիրենք մասնագետների օգնությամբ,
որոնք կպարզեն, թե արդյոք այդ տեսաերիզները չե՞ն մոնտաժվել»: Նշենք, որ այդ տեսաերիզներում
պատկերված են Կարեն Դեմիրճյանի ելույթները: Թե դատախազությունն ինչո՞ւ շուրջ կես
տարի պահեց այդ տեսաերիզները նախաքննության տրամադրության ներքո՝ մնում է գաղտնիք:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել