Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հենց այսպես էլ ապրում են

Հոկտեմբեր 28,2004 00:00

Հենց
այսպես էլ ապրում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի,
այսպես կոչված, նոր փուլը հետաքրքիր նրբերանգներ է ձեռք բերում: Ի տարբերություն
«Քոչարյան-ավագ Ալիեւ» ժամանակաշրջանի, բանակցությունների ներկա ընթացքը հատկանշվում
է կողմերի ու միջնորդների խիստ հաճախակի դարձած անորոշ, անհասկանալի եւ կիսախորհրդավոր
ակնարկներով: Բաքուն շարունակ խոսում է Երեւանից ակնկալվող ինչ-որ պատասխանների
մասին, մինչդեռ այստեղ նույն հաճախականությամբ կրկնում են, թե զույգ նախագահների
միջեւ ցայժմ կայացած հանդիպումներն ընթացել են «ազատ», այսինքն՝ որեւէ բանի չպարտավորեցնող
օրակարգով: Ահա եւ Բաքվի «ամենաթարմ» ակնարկը. «Ադրբեջանը պատասխանի է սպասում Երեւանից
ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ»: Երեկ
այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով,
նախագահ Քոչարյանը Աստանայում ընդմիջում է վերցրել «անցկացված հանդիպումները վերլուծելու
համար», եւ հիմա իրենք սպասում են բանակցային գործընթացի շարունակությանը, ինչը,
փաստորեն, տվյալ պահին կախված է Երեւանի կամքից: Ի դեպ, Մամեդյարովը դարձյալ ընդգծել
է, որ «ընթացող բանակցություններն ուղղված են Հայաստանի կողմից ԼՂ-ին հարող 7 գրավյալ
ադրբեջանական շրջանների ազատմանը եւ բռնագաղթածների վերադարձին»: Թերեւս հարկ
չկա մարգարեանալու, որ անկախ Քոչարյանի տված կամ չտված ինչ-ինչ խոստումներից՝ ՀՀ
արտգործնախարարն ադրբեջանցի իր պաշտոնակցին անմիջապես կհակադարձի, որ Քոչարյանը վերլուծելու
բան չունի, եւ որ բանակցությունների շարունակման պատասխանատվությունն ամենեւին էլ
հայկական կողմի վրա չէ: Այս ամենն արդեն մի տեսակ սկսել է նմանվել ինչ-որ մանկական
խաղի, որին, նկատենք, հաճույքով մասնակցում է նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի
Մերզլյակովը: Վերջինս, ի դեպ, նախընթաց շրջանում արդեն հասցրել է աչքի ընկնել մամուլին
տված իրարամերժ, երբեմն նույնիսկ զվարճալի հարցազրույցներով: Մամեդյարովի վերոհիշյալ
հայտարարության կապակցությամբ ռուս համանախագահի արած մեկնաբանությունն ասվածի լավագույն
ապացույցն է. «Աստանայում նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք համանախագահներին
շարադրում էին հանդիպման արդյունքները, շարունակ խոսում էր Հայաստանի նախագահը: Ադրբեջանի
նախագահը կարծես թե գլխով էր անում: Չգիտեմ՝ ինչպես դա հասկանալ. ինչպես տեսնում
եք՝ յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ»: Հետեւությունը մեկն է. բոլորը միայն
ձեւացնում են, թե բանակցային գործընթաց կա, եւ այդ մարտավարությունը, առնվազն այս
պահին, կողմերին կարծես թե ձեռնտու է: Ու հենց այդպես՝ միմյանց գլխով անելով էլ ապրում
են: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել