Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 28,2004 00:00

«Ազգային
միաբանություն» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկել «Ընտրական օրենսգրքում»,
որոնք դրվելու են շրջանառության մեջ: Մեր հարցին՝ արդյոք այս նախաձեռնությունը
օրենսդրական աշխատանքների բոյկոտի վերաբերյալ որոշման խախտո՞ւմ չէ՝ «Ազգային միաբանության»
փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ կան օրենքներ,
որոնք ուղղակիորեն են առնչվում ժողովրդի շահերին, ընտրությունների որակին եւ թափանցիկությանը:
Եվ մենք պարտավոր ենք մեր առաջարկությունները ներկայացնել, որ հետո չասեն, թե ընդդիմությունը
ձեռք քաշեց, փոփոխություններ չառաջարկեց, դրա համար էլ եղավ այնպիսի օրենք, ինչպես
իրենք էին ցանկանում»: Եվ այսպես՝ «Ազգային միաբանությունն» առաջարկում է
մի լրացում, ըստ որի՝ ընտրողների ցուցակները պիտի նաեւ հրապարակվեն, «որից հետո չեն
կարող փոփոխվել մինչեւ հաջորդ հրապարակումը»: Նոր հիմունքներ են առաջարկվում
ընտրական հանձնաժողովներ կազմավորելու համար: Ըստ այդմ՝ ընտրական հանձնաժողովների
անդամներ չեն կարող լինել մասնավորապես համայնքապետերը, ազգային անվտանգության, ոստիկանության,
դատախազության, հարկային եւ մաքսային, սոցիալական ապահովության, պաշտպանության համակարգի,
ինչպես նաեւ՝ բանկային համակարգի եւ օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցները:
«Ազգային միաբանությունն» առաջարկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում
նախագահն ունենա 3-ի փոխարեն 1 ներկայացուցիչ: Առաջարկում է մի լրացում, ըստ որի՝
ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը եւ քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել
նաեւ նրանց նշանակած մարմնի որոշմամբ: Թերեւս նման առաջարկ անելու խթանը 44 ընտրատարածքում
կատարվածից քաղած դառը դասերն էին, երբ «Ազգային միաբանությունն» այդպես էլ չկարողացավ
ազատվել իր տեղերը ծախած ներկայացուցիչներից: Մի փոփոխություն էլ է առաջարկված,
որի նպատակն էլի մեր ընտրություններում մշտապես արձանագրվող մի բացասական երեւույթ
կանխելն է. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած նախընտրական
գործընթացի մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ
նրանց աշխատակիցներին»: Քարոզչությանը չպիտի մասնակցեն նաեւ առողջապահական, սոցիալական,
կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, ջրի, գազի մատակարարման
ծառայությունների աշխատակիցները: «Ազգային միաբանությունն» առաջարկում է,
որ արգելվի վստահված անձ լինել նախարարներին ու փոխնախարարներին, Երեւանի քաղաքապետին
ու փոխքաղաքապետերին, մարզպետերին ու փոխմարզպետերին, համայնքապետերին, բանկային
համակարգի եւ օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցներին: Պատգամավորության
թեկնածուին առաջադրվող պահանջների մեջ առաջարկվում է ավելացնել մի դրույթ. «ԱԺ պատգամավորության
թեկնածու չեն կարող գրանցվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն,
ինչպես նաեւ՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման համար
պատասխանատվության ենթարկված անձինք»: Նշենք, որ «Ազգային միաբանությունը»
100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից է: Եվ առաջարկել է հետեւյալ լրացումը.
«Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ
դադարած պատգամավորի մանդատը ԿԸՀ որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան
կուսակցության ընտրական ցուցակից այն թեկնածուին, որին կառաջադրի տվյալ կուսակցության
մշտական գործող մարմինն իր որոշմամբ»: «ԱՄ» փոխնախագահն այս փոփոխության իմաստն այսպես
մեկնաբանեց. «Մարդիկ մինչեւ ընտրություններն են լարված աշխատում: Բայց պատգամավոր
դառնալուց հետո ե՛ւ ընտրվածների ակտիվությունն է պակասում, ե՛ւ նրանց, ովքեր խորհրդարան
չեն անցել, բայց հանգիստ սպասում են, որ կգա իրենց ժամանակը եւ կդառնան պատգամավոր:
Մենք հետկանչի մեխանիզմ ենք առաջարկում»: Ի դեպ, քանի որ պատգամավորի լիազորությունների
վաղաժամկետ դադարեցման հարցը՝ նրան առաջադրած կուսակցության որոշմամբ, առնչվում է
սահմանադրական փոփոխություններին, «Ազգային միաբանությունն» այն ներկայացնելու է
առանձին փաթեթով: Այսինքն՝ նրանք նույն ձեւով մասնակցելու են նաեւ Սահմանադրության
վերաբերյալ քննարկումներին: Ալեքսան Կարապետյանն ասաց. «Մենք գիտենք, որ մեր
առաջարկների հիմնական մասը, միեւնույն է, չի ընդունվելու: Եվ մասնակցենք կամ չմասնակցենք
«Ընտրական օրենսգրքի» քվեարկությանը՝ միեւնույն է, մեծամասնությունը բիրտ ուժի օրենքներով
անցկացնելու է իր տարբերակը: Բայց մենք մեր առաջարկները ներկայացնում ենք առաջին
հերթին ժողովրդին, որ ցույց տանք, թե այսպիսի՛ օրենսգրքի եւ ընտրությունների ջատագով
ենք»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել