Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ

Հոկտեմբեր 27,2004 00:00

ԱՐԴԵՆ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Իսպանիայի Մալյորկա կղզում գտնվող Կալվիա քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահորեն հաղթելով Սլովենիայի թիմին՝ 26,5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: Նույն օրը մեր աղջիկները նույնպես առավելության էին հասել լեհուհիների նկատմամբ ու 18,5 միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը: Երեկ՝ 11-րդ տուրում, հայաստանցի տղաների մրցակիցը Շվեյցարիան էր, իսկ մեր աղջիկներն ուժերը չափեցին Ռուսաստանի ուժեղ թիմի հետ: Արդեն պիտի արձանագրենք, որ հաղթողի համար պայքարող հավաքականները (խոսքն առայժմ տղամարդկանց մասին է) հիմնականում արդեն հանդիպել են միմյանց: Օլիմպիական «ոսկին» կնվաճի այն թիմը, որը եզրագծում չի կորցնի թափը, եթե չասենք՝ կավելացնի, եւ կարգով իրեն զիջող մրցակիցներին կհաղթի հնարավորինս մեծ հաշիվներով: Այս պարագայում ավելի նախապատվելի են Ուկրաինայի դիրքերը, որը մրցաշարային աղյուսակում գտնվելով 1-ին տեղում, մոտակա հետապնդողին՝ Ռուսաստանին, գերազանցում է 2 միավորով: Այդ իսկ պատճառով էլ առաջատարը հիմա կարող է հետագա մարտավարությունը համապատասխանեցնել իրավիճակի զարգացումներին: Թող մյուսները մտածեն կորցրածը ետ բերելու մասին ու ռիսկի դիմեն: 10-րդ տուրում Ռուսաստանը կատարեց իր առջեւ դրված նվազագույն առաջադրանքը եւ Ուկրաինայի հետ միավորների տարբերությունը կրճատեց կեսով՝ այն հասցնելով 2-ի: Հիմա մնացած տուրերից յուրաքանչյուրում ռուսներից պահանջվում է առնվազն կես միավոր ավելի վաստակել առաջատարից: Օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները, հուրախություն մեզ, հատկապես նշում են Հայաստանի անունը՝ մատնացույց անելով, թե ինչպես է անհրաժեշտ անցնել մրցաշարի եզրափակիչ հատվածը: Ու որպես օրինակ բերում են հենց Սլովենիայի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը: Այդ օրը Վլադիմիր Հակոբյանն ուսուցողական հաղթանակ տարավ մինչ այդ գերազանց հանդես եկած Ալեքսանդր Բելյավսկու նկատմամբ: Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց Միխալչիշինին, Սմբատ Լպուտյանը բոլոր հեռանկարներից զրկեց Պավասովիչին եւ միայն երիտասարդ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Սերմակի հետ: Ինչպես ասում են, աչքով չտանք: Եվ տա Աստված, եթե մեր տղաները շարունակեն այս տեմպով, ապա լավագույն եռյակում տեղ ունենալու, եւ ամենեւին էլ ոչ անպայման 3-րդը, գերազանց շանսեր ունեն: Հիշեցնենք, որ 10-րդ տուրից հետո մեր քառյակը ռուսներին զիջում է ընդամենը կես միավորով: Ճիշտ է, օլիմպիադայում թույլ թիմեր չկան, այդ թվում նաեւ Շվեյցարիան, որի առաջատարը հանրահռչակ Վիկտոր Կորչնոյն է եւ որը 24,5 միավորով 10-րդ տուրից հետո զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Բայցեւայնպես, մերոնք երեկ մրցակցին ցանկալի հաշվով հաղթելու եւ Կալվիայում առաջին անգամ երկրորդ տեղ դուրս գալու հնարավորություն ունեին, քանի որ Ռուսաստանի մրցակիցը 4-րդ տեղում ընթացող՝ 26 միավորով, ԱՄՆ-ն էր: Ինչ վերաբերում է կանանց մրցապայքարին, այստեղ ըստ ամենայնի չեմպիոնն արդեն որոշված է: Չինաստանը, չնայած ԱՄՆ-ից կրած պարտությանը, դժվար թե առաջին տեղը զիջի որեւէ մեկի: 20 միավորով երկրորդ տեղում ընթացող հունգարուհիներից 4,5 միավոր առաջ լինելը չինուհիներին հանգիստ դեպի «ոսկին» գնալու հեռանկար է ընձեռում: Այ, հայտնի չէ, թե ովքեր վերջնականապես կհանգրվանեն 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում: Այդ տեղերին, բացի Հունգարիայից, իրապես հավակնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Վրաստանը՝ 19,5-ական միավոր, Ռուսաստանը, Ֆրանսիան, Սլովակիան, Հայաստանը՝ 18,5-ական միավոր, ինչպես նաեւ 18-ական միավոր վաստակած Ուկրաինան, Անգլիան, Լիտվան եւ Բուլղարիան: Բայց ամեն բան կախված է լինելու այն բանից, թե ով ինչպես կանցկացնի վճռորոշ վերջին հանդիպումները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել