Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ դեմ խաղեր չտաք»

Հոկտեմբեր 27,2004 00:00

«Իմ դեմ խաղեր չտաք» Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչ Վրույր Վարդանյանը սպառնում է հարեւաններին Նանսենի 16 շենքի բնակիչներն օրեր առաջ դիմել էին «Առավոտին»: Ըստ նրանց, անընդհատ խնդիրներ են առաջանում նույն շենքի թիվ 1 բնակարանատիրոջ հետ, որն ութ տարի է՝ ինչ հարեւանել է իրենց: Վրույր Վարդանյանը զավթել է բակային տարածքը եւ կառուցել երեք ավտոտնակ (1-ին հարկ), իսկ վերեւում, հարեւանների պնդմամբ, կառուցվելու է երկրորդ հարկը: Նախ ցանկապատել է շենքի հակառակ կողմի ողջ կանաչ տարածքը: Հարեւանները կարծել են, որ գյուղից ժամանած Վրույրը գյուղատնտեսական հակումներ ունի: Հետո տեսել են, որ ծառերը բազմանալու փոխարեն անհետանում են: Երբեմնի կանաչապատ տարածքն այժմ աղբակույտ է հիշեցնում: Հերթը հասել է նաեւ շենքի նկուղին, որը քանդել ու վեր է ածել վարսավիրանոցի: Նշենք, որ նկուղային հարկում կատարած շինարարության հետեւանքով նույն ուղղությամբ գտնվող բնակարաններում ճաքեր են գոյացել: Շինարարությունից հետո բակում կուտակված շինաղբը տեղափոխելու համար բնակիչները դիմել են թաղապետարան. «Վերահսկողական բաժնի պետի տեղակալ Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ աղբը կմաքրվի միայն այն դեպքում, երբ բնակիչները դադարեն բողոքել իրականացվող շինարարությունից»: «Սկզբից սպառնում էր, որ ինձ կմորթի իմ տանը: Հետո ամեն գիշեր դուռս ճանկռում էին: Կողպեքը փչացրին: Ես զգում էի, որ ինձ հետապնդում են»,- պատմում է նույն շենքի բնակչուհի Սաթենիկ Տոնոյանը: Բնակիչները դիմել են որտեղ հնարավոր է: Իհարկե՝ ցուցադրական «արշավներ» թաղապետարանից եղել են, սակայն մինչեւ օրս շինությունը կանգուն է: «Վերջերս դիմեցինք քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վանյա Հովհաննիսյանին: Նա էլ պատասխանեց՝ օրինական է, գնացեք, էլ չգաք»,- այս «սփոփիչ» պատասխանից հետո բողոքավորները նամակով դիմել են վարչապետին եւ երկու ամիս է սպասում են պատասխանի: Նոր Նորքի թաղապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով բնակիչների բողոքին, նշեց, որ ավտոտնակներն օրինական են: Կանաչապատ տարածքի կապակցությամբ ասաց, որ Վ. Վարդանյանը ի սկզբանե խոստացել էր տաղավար տեղադրել եւ ցանկապատված տարածքի դուռը միշտ բաց թողնել: «Էնքան նադաել արեցին, որ հիմա փակել ա,- արդարացրեց Վ. Հարությունյանը՝ շարունակելով,- ընդառաջելով մարդկանց բողոքներին, թաղապետարանը մեկ ամիս ժամանակ է տվել Վ. Վարդանյանին՝ տարածքը նախկին տեսքի բերելու համար: Չանելու դեպքում մարդ կհավաքենք, «Առավոտին» էլ կկանչենք, բուլդոզերով կքանդենք զավթած տարածքները»: Սպասում ենք հրավերի: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել