Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հոկտեմբեր 27,2004 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ ՀՀ կառավարության անդամներին, ինչպես նաեւ OTE-ի ղեկավարությանը հասանելի դարձան ՀՀ կառավարություն-«ԱրմենՏել» բանակցությունների արդյունքների մանրամասները: Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի (որը բանակցություններում ներկայացրել է ՀՀ կառավարության շահերը) նախօրոք հայտարարված մամուլի ասուլիսը տեղի չունեցավ: Դա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել եւ հստակ ձեւավորված դիրքորոշում չունի բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Կառավարության անդամներն իրենք իրենց 10 օր են տրամադրել դրանց ծանոթանալու համար: Բանակցությունների արդյունքներին տեղյակ մարդկանց շրջանակի լայնանալու արդյունքում «Առավոտին» հայտնի դարձան առանցքային կետերի վերաբերյալ որոշ մանրամասներ: Ըստ հավաստի եւ ստուգված տեղեկությունների, բանակցությունների ընթացքում «ԱրմենՏելը» պնդել է, որ ինտերնետ-հեռախոսակապի միջոցով ծառայության մատուցումն իր բացառիկ իրավունքների սահմաններում է, այսօր բազմաթիվ ընկերություններ ու անհատներ ապօրինություն են անում այդ կապը բիզնեսի միջոց սարքելով, եւ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ընկերության իրավունքները: Համարելով, որ սա միջազգային հեռախոսակապին փոխադարձ փոխարինելի, էժան, մատչելի եւ այլընտրանքային կապ է, կառավարությունը հանաձայնել ու զիջել է: «ԱրմենՏելը» ցանկանում է այդ ծառայությունը մատուցել անձամբ, ընդ որում՝ մեր պետության (կարգավորող մարմնի) կողմից սահմանված սակագներով: Կառավարությունը սրան էլ է համաձայնել: Խնդիրն այն է, որ դեռեւս բաց ժողովի ժամանակվանից զանազան ընկերությունների ու անհատների միջոցով մատուցվող ինտերնետ-հեռախոսակապի օրինականության հետ կապված հարցը մեր կառավարության համար ամենաթույլ կետերից էր: Ավելին, մոտավոր հաշվարկներով, այս ծառայության դիմաց այսօր ամիսը մոտավորապես 1-2 միլիոն դոլար է գանձվում եւ շրջանառվում՝ պետբյուջեի հետ որեւէ աղերս չունենալով: Այսինքն, որեւէ հարկային գանձում չի կատարվում: «ԱրմենՏելի» պարագայում հարկումն անխուսափելի է, ուստի՝ պետությանը ձեռնտու: Հենց սա է դարձել կառավարության անդամներից մի քանիսի դժգոհության առիթ. մեր աղբյուրի վերլուծությամբ, հնարավոր է ինտերնետ-հեռախոսակապի ծառայություն մատուցողների լոբբինգի արդյունքում, կամ գուցե ուղղակի շահեր կան: Այնուամենայնիվ, սրա (ինչպես նաեւ մնացած զիջումների) դիմաց «ԱրմենՏելը» հրաժարվելու է 300 հազար դոլարի փոխհատուցման պահանջից: Որն «ԱրմենՏելի» միակ խոշոր զիջումը չէ. ընկերությունը համաձայնել է տեղական (լարային ներպետական) հեռախոսակապի սակագները դեռեւս մի քանի տարի պահպանել մոտավորապես այսօրվա մակարդակին: Մինչդեռ, համաձայն թիվ 60 լիցենզիայի, «ԱրմենՏելն» իրավունք ունի եկող տարվա հունվարից 8 դրամ րոպեավճար գանձել առանց կանխավճարի եւ անվճար խոսակցության իրավունքի: Սակայն կողմերը պայմանավորվել են քաղաքային թվային հեռախոսային խոսակցության համար կիրառել 6000 դրամ կանխավճար, 360 րոպե անվճար խոսակցության իրավունքով, ամսվա ընթացքում օրական մինչեւ 1 ժամ 15 րոպե խոսակցության համար կիրառել 4 դրամ րոպեավճար, ավելիի դեպքում՝ 8 դրամ: Նույնպիսի համամասնությամբ է նախատեսվում փոփոխել իրավաբանական անձ-բաժանորդների համար սահմանված սակագները: Մեր աղբյուրի վերլուծությամբ, կառավարությունը մատչելի տեղակա՞ն, թե՞ միջազգային հեռախոսակապ երկընտրանքից, փաստորեն, ընտրել է առաջինը: Ինտերնետի րոպեավճարի փոփոխություն չի նախատեսվել: Միջազգային հեռախոսակապի սակագների իջեցում է խոստացել «ԱրմենՏելը»: Իսկ բջջային կապի մենաշնորհից զրկելու կառավարության դիրքորոշումն ուժի մեջ է մնացել բանակցությունների արդյունքում եւս: Նախատեսվում էր, որ 2005թ. ամռանից նոր օպերատորը գործելու էր: Սակայն պայմանավորվածություն է եղել մինչեւ 2009 թվականը երրորդ օպերատորի մուտքը թույլ չտալ: Մեր տվյալներով, այս մանրամասներին արդեն տեղեկացել է նաեւ հանրապետության նախագահը եւ առարկություններ չի ունեցել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել