ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓԱԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ Անտիկ շրջանում, ինչպես նաեւ Եվրոպայում, 16-17-ից սկսած մարդիկ որոշել են, որ պետության ղեկավարման սխեմաներից ամենաարդյունավետը հետեւյալն է. թագավորն ու նախարարները պետության կարիքների համար ոսկի եւ սեփականություն է հավաքում իր հպատակներից, բայց որպեսզի այդ հարստությունը կամայականորեն չծախսվի, հպատակները ընտրում են (ընդգծենք՝ ընտրում են) իրենց ներկայացուցիչներին՝ այդ ծախսերը վերահսկելու համար: Եվ քաղաքացիների ներկայացուցիչները՝ իրենց համոզմունքների եւ խմբային շահերի համաձայն, որոշում են, թե ինչպես ծախսել պետության հարստությունը: Ներկայացուցիչները կոչվում են պատգամավորներ, իսկ իրենց հավաքվելու տեղը՝ խորհրդարան: Բայց եթե այդ ներկայացուցիչները չեն ընտրվում եւ եթե խորհրդարանը բաղկացած է այն մարդկանցից, որոնց թագավորը նախօրոք բաժանել է երկրի հարստությունը, ապա այդ ինստիտուտի իմաստը անհասկանալի է դառնում: Այդ մարդիկ ունեն շահեր, որոնք համընկնում են թագավորի շահերի հետ, եւ չունեն բացարձակապես ոչ մի համոզմունք: Պարզ է, որ նրանք անելու են այն, ինչ թագավորն է հրամայում, եւ հետեւաբար, կարող են ընդհանրապես չհավաքվել ու որեւէ բան չքննարկել: Ճիշտ այնպես, ինչպես 70 տարի ԳԽ-ում փաստորեն ոչինչ չէին քննարկում կոմունիստական կթվորուհիներն ու տրակտորիստները: Հայաստանի երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները վերջապես հասկացան, որ իրենց հավաքվելու եւ քննարկելու կարիքը չկա: 25 հարցերից բաղկացած օրակարգը նրանք սպառում են մեկ օրում: Կարող են սպառել նաեւ 5 րոպեում: Իսկ եթե այդպես է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես գալ-հասնել խորհրդարան: Ի՞նչ նեղություն՝ տնից կամ քեֆի սեղանից դուրս գալ, «Ջիփ» նստել, ետեւից էլ մի 4 հատ «ախրանայի» «Ջիփ» քշել տալ (բենզինի ծախսը պատկերացնո՞ւմ եք), գալ խորհրդարան՝ կոճակ սեղմելու: Արժե՞ արդյոք այդ մարդկանց այդքան տանջել: Կարելի է այլեւս պառլամենտական ձեւեր չթափել, փակել այդ խորհրդարանը եւ պետությունը ղեկավարել բացառապես թագավորի ու նախարարների հրովարտակներով: Իսկ ի՞նչ կասի Եվրոպայի խորհուրդը՝ կհարցնեք դուք: Դա, ինչ խոսք, լուրջ մտահոգություն է: Բայց այդ հարցի լուծումը նույնպես կա. կարելի է պահպանել ԱԺ նիստերի դահլիճը ու ամիսը մեկ անգամ այնտեղ գործուղել Ռաֆիկ Պետրոսյանին, որպեսզի նա միաժամանակ 131 կոճակ սեղմի: Այդպիսով ժողովրդավարական պրոցեդուրան ամբողջությամբ կպահպանվի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ