Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԿ-ԻՆ ԷԼ ԵՆՔ ՊԱՐՏՔ

Հոկտեմբեր 27,2004 00:00

ԱՄԿ-ԻՆ
ԷԼ ԵՆՔ ՊԱՐՏՔ Վրաստանն ու Ադրբեջանը հետխորհրդային տարիներին
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) շուրջ 50 կոնվենցիաներ են ընդունել:
Հայաստանը՝ 8, վերջին 5-ը՝ օրերս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Աղվան Վարդանյանը երեկ դա պատճառաբանեց երկրի զբաղվածությամբ. «Անհրաժեշտ էր նախեւառաջ
կայունացնել տնտեսական իրավիճակը»: Այնինչ, պաշտոնական տվյալներով, մենք մեր հարեւաններից
ավելի բարձր ու զարգացման կայուն ցուցանիշներ ենք ապահովում եւ՝ վաղուց: Այլ հարց
է, որ խոսքը վերաբերում է աշխատող մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչն այնքան
էլ էական հոգս չէ մեր պետության համար: ԱՄԿ-ի աշխատանքներին անհաղորդ մնալու մեկ
այլ պատճառ էլ կա: Հայաստանն այս կազմակերպության անդամ է 1992-ից: Ա. Վարդանյանի
ասելով, տարեկան անդամավճարն այժմ կազմում է շուրջ 3000 դոլար, ինչը «վերջին 3-4
տարիներին վճարել ենք»: Իսկ մինչ այդ անդամավճար չի մուծվել, քանի որ «ԱՄԿ-ն հաշվարկման
ժամանակ հենց սկզբից կիրառել է սխալ բանաձեւ, հիմք ընդունելով 88-89թթ. համախառն
ներքին արտադրանքի ցուցանիշները»: 90-ականների սկզբին տնտեսական անկում ապրող Հայաստանը
չէր կարող եւ չի ցանկացել վճարել բարձր անդամավճարը եւ կուտակել է շոշափելի պարտք:
Չափը նախարարը չկարողացավ հիշել, միայն ասաց, որ «բանակցություններ ենք տանում սխալ
տարված հաշվարկը ճշտելու նպատակով»: Երեկվա «նախարարական» ասուլիսի մյուս
ուշագրավ թեման կենսաթոշակային հիմնադրամի հետագա ճակատագիրն էր: Օրերս կառավարությունն
ընդունել է որոշում՝ սոցիալական գանձման գործառույթը «փափուկ» տեղափոխել հարկային
մարմին: Նախարարի կարծիքով, պատճառն այն է, որ հիմնադրամն այդքան հնարավորություն
չուներ ապահովել օրեցօր աճող սոցվճարումների նորմալ հավաքագրումը եւ այդ գործառույթը
նրան թողնելը ռիսկային է: Իսկ հարկային մարմինն ունի մեխանիզմներ եւ մարդիկ: Նույնիսկ
հույս կա, որ այս տարվա համար հաշվարկված սոցվճարումների ընդհանուր գումարը՝ 65 մլն
դրամ, հարկայինների շնորհիվ կավելանա: Այսպիսով, հիմնադրամը դադարում է սոցվճարների
մուտքերը կուտակող մարմին լինելուց: Իսկ 2005-ի հունվարի 1-ից, երբ բոլոր թոշակառուները
թոշակ կստանան սոցիալական քարտերով, այլեւս չեն լինի թոշակ բաժանողներ: Ստացվում
է, որ հիմնադրամը կորցնում է նաեւ գումար բաշխելու գործառույթը: Ի՞նչ պիտի անի կազմակերպությունն
իր՝ Հայաստանով մեկ սփռված մասնաճյուղերով հանդերձ: Նախարարն այդ հարցին դեռ պատասխան
չուներ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել