Լրագրողներից
շատերին նրա արձանը «մուսայազրկում» է Վերջերս Մամուլի տան առաջ տեղադրվեց
հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր եւ հրատարակիչ Հարություն քահանա
Շմավոնյանի քանդակը, որի հեղինակն է Լեւոն Թոքմաջյանը: Փոքրիկ հարցման միջոցով փորձեցինք
պարզել՝ ի՞նչ կարծիքի են հայ լրագրողները հայ մամուլի խորհրդանիշի վերաբերյալ: Ռուբեն
Սաթյան- «Նովոյե վրեմյա» թերթի խմբագիր. «Խայտառակ արձան է: Եվ սխալ տեղում է դրված:
էդ ո՞ր գեղխորհուրդն է վճռել, որ Հարություն Շմավոնյանի արձանը պետք է էդտեղ կանգնի:
Արդյոք հետաքրքրվել կամ հարցում անցկացրել ե՞ն, թե քանիսն են ճանաչում նրան: Ես,
օրինակ, 56 տարեկան մարդ եմ եւ չգիտեմ էլ, թե ով է Հարություն Շմավոնյանը»: Դավիթ
Վանեսյան- «Օրինաց երկիր» շաբաթաթերթ. «Ազատ խոսքի կայացմանը, կարծում եմ, արձաններ
տեղադրելով չեն նպաստում: Այդ քանդակը պարզապես խցկել են Մամուլի շենքի բակում: Կտեսնե՛ք,
լրագրողները Հարություն Շմավոնյանի հետ «կշփվեն» ընդամենը իրենց մեքենաները ակամա
նրա արձանին քսելով»: Մարիետա Մակարյան- «Ազգ» օրաթերթ. «Շատ զայրացած եմ.
եթե ուզում էին այդ հանճարեղ մարդուն մեծարել, պետք է նման սարսափազդու արձան չդնեին:
Խայտառակություն է այդ արձանի գոյությունը: Օրինակ ես շատ զարմացա, երբ սպիտակ սավանն
իջավ ու վախեցնող արձանը աչքիս առջեւ բացվեց: Դրան նայողը չի էլ ուզում նյութ գրել»:
Հմայակ Պետրոսյան- «Կանչ» թերթի խմբագիր. «Նախ անակնկալ էր բոլորի համար,
որովհետեւ առանց տեղեկացնելու քանդակը տեղադրեցին, շատերը բացման արարողությանը մասնակից
չդարձան: Արձանի բացումը շաբաթ օրն էր, երբ խմբագրությունների մեծ մասը չէր աշխատում,
հետեւաբար շատ քիչ մարդ էր հավաքվել՝ ԿԳ նախարարը, մեկ-երկու հոգի եւ վերջ: Ես հեռուստատեսությամբ
ցուցադրվող կադրերի մեջ քանդակագործին էի փնտրում, բայց չտեսա…Երեւի ինքն էլ էր
ամաչում, հետ էր կանգնած, կամ չէր ուզում երեւալ: Համենայնդեպս առաջին իսկ օրվանից,
ովքեր տեսան այդ արձանը, մեկ բառով բնութագրեցին: Բայց այդ մեկ բառը գռեհկաբանություն
է, որը չի կարելի օգտագործել մամուլում»: Նարինե Մկրտչյան- ՄԱԱ նախագահ. «Մտահղացումը
գովելի է, սակայն վատ է, երբ լավ մտահղացումը վատ է իրականացվում: Այս արձանը հետեւից
նայելիս անմշակ գերեզմանաքար է, իսկ դիմացից՝ ընդհանրապես արվեստի հետ կապ չունեցող
ինչ-որ տաշեղների հավաքածու է հիշեցնում: Եթե չէին կարողանալու մտահղացումը իրականացնել
հաջող, լավ կլիներ ընդհանրապես չիրականացնեին: Կարծում եմ՝ արձանի ապամոնտաժումը
շատ տեղին կլինի եւ ժամանակին: Հարկ է, որ լրագրողները այդ հարցը բարձրացնեն, որովհետեւ
ամեն օր դու տեսնում ես այդ անհաջող արձանը եւ զգում ես, որ անզոր ես նման անճաշակության
դեմ պայքարել: Առանց այն էլ բազմաթիվ անճաշակություններ են քաղաքում մեզ հրամցրել,
հիմա էլ սա՞: Գոնե մյուսների հետ հաճախ չես շփվում: Հարություն Շմավոնյանի քանդակի
պարագայում ամեն ինչ այլ է. ամեն առավոտ անցնում ենք նրա արձանի մոտով: Բացի այդ,
Մամուլի տունը այնքան էլ հարմար վայր չէ արձան տեղադրելու համար, եւ պարտադիր չէ
Շմավոնյանի արձանը հենց Մամուլի տան մոտ տեղադրել»: Ի տարբերություն մյուսների,
«Հարթակ» թերթի խմբագիր Մերուժան Հովհաննիսյանի վերաբերմունքը խիստ դրական է. «Լեոն
Թոքմաջյանի այս աշխատանքը ամենապատկառելի գործերից է հայ դիմաքանդակում: Արձանը ընտրված
է շատ խոր ուսումնասիրությամբ, հեղինակը քաջատեղյակ է Շմավոնյանի անվանը եւ հիշատակին:
Արձանի տեղը ընտրված է միանգամայն ճիշտ՝ որպես հայ մամուլի հիմնադրի, որը կանգնած
է հայ մամուլի այսօրվա շենքի դիմաց: Կարծում եմ հայ մամուլը ամրապնդվեց եւ կայացավ
հենց այս շենքում: Այսուհետեւ անդրդվելի է մամուլի շենքը եւ այն արձանը, որը խորհրդանշում
է նրա ներքին էությունը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ