Կանխատեսում է Արամ Կարապետյանը
Երեկ «Առավոտի» հետ ունեցած մասնավոր զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մի քանի մտահոգություններ արտահայտեց: Դրանք, մասնավորապես, վերաբերում են այսօր ընթացող աշխարհաքաղաքական որոշ գործընթացների, որոնք, ըստ Արամ Կարապետյանի, 2005 թվականից հետո Հայաստանի համար կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Մեր զրուցակցին մտահոգում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հայկական գաղութը միահամուռ պաշտպանեց թեկնածու Ջոն Քերրիին: Իր պարզաբանումներում նույնիսկ մի հետաքրքիր փաստ հիշեցրեց. «Խորհրդային Միության քաղբյուրոն մեր Կենտկոմին ու ԱԱԾ-ին խորհուրդ էր տալիս ԱՄՆ-ի կամ այլ ընտրություններում, մեր ազգակիցների ձայները անպայման համաչափորեն կիսել, որպեսզի նույնիսկ թվացյալ հարվածի տակ չդրվեր հետագա կապը: Պարզ է, որ դեմոկրատական ԱՄՆ-ում ընտրողը որեւէ խնդիր չէր ունենա, բայց համահայկական հարցերում պետք էր միահամուռ լինել: Նաեւ որպեսզի խուսափենք զուտ մարդկային, հոգեբանական լարվածությունից, ԱՄՆ-ում մեր համակիրներին խորհուրդ ենք տվել մտածել Բուշին պաշտպանելու մասին»: Մեր զրուցակիցը, իհարկե, չի անտեսում տրված խոստումների չկատարումը, բայց՝ «21-րդ դարի պրագմատիկ քաղաքականությունը ցույց է տալիս, որ հույզերի գիրկը չպետք է ընկնել: Հետագա համագործակցությունը շարունակելու համար շրջահայացություն է պետք»: Ի դեպ, պարոն Կարապետյանի տեղեկություններով, Բուշի ադմինիստրացիայում նույնիսկ կարծում են, որ Քերրիին միահամուռ պաշպանելը Հայաստանի որոշ իշխանավորների ձեռքի գործն է:
Հաջորդ մտահոգությունը ռուս-ադրբեջանական մերձեցումն է: Տարածաշրջանի կայունության առումով Ա. Կարապետյանը նույնիսկ դրական է բնութագրում այդ փաստը, սակայն «դրա որակը, որն ուղեկցվում է Հայաստանից Իրաք զորք ուղարկելու, հակառուսական տրամադրությունների զարգացման, մեր՝ Արեւմուտքին ավելի մոտ կանգնելու ցանկության ֆոնի վրա, բավականաչափ հարված կարող է հասցնել ղարաբաղյան խնդրի լուծման ուղիներ փնտրելու մեջ»: Նա կասկածից վեր է համարում, որ Ռուսաստանը հակահայկական քայլ կանի, բայց. «Մերձեցման մակարդակն ի՞նչ փոխզիջումային տարբերակների կարող է բերել. այստեղ եւս խոր շրջահայացություն է պահանջվում»: Ընդ որում՝ մերձեցման, այսպես ասած, հիմնաքարը, մեր զրուցակցի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «օրերս Ադրբեջանը չեչեն գրոհայինների մի խումբ կհանձնի ՌԴ-ին: Եվ այդ կապակցությամբ էր, որ բացվեց սահմանը: Ի դեպ, Վերին Լարսի բացումն էլ կապված էր Վրաստանի կամեցողության հետ: Զուտ վրաց-ռուսական հարաբերությունների խնդիր էր: Մենք պետք է հասկանանք, որ եթե ՌԴ-ի հետ ուզում ենք շահավետ տնտեսական համագործակցություն շարունակել, ապա պիտի փորձենք ռուս-վրացական հարաբերություններում ունենալ ուրույն դերակատարություն՝ դրանք լավացնելու առումով: Այլ ճանապարհ չկա, այլապես մենք միշտ նման խնդիրներ ենք ունենալու»:
Այնուհետեւ, Արամ Կարապետյանի համոզմամբ, լուրջ լուծում է պահանջում ազգային որոշակի արժեքների նկատմամբ սկսված պայքարը: Խոսքը «Եհովայի վկաներ» աղանդի գրանցմանն է վերաբերում: «Կոռուպցիայի աստիճանն այնքան է մեծացել Հայաստանում, որ թե քաղաքական, թե տնտեսական, թե բարոյահոգեբանական դաշտերում դարձել է ապրելակերպ: Մենք հստակ գիտենք, թե այդ աղանդը գրանցելու համար ինչքան եւ ում են տվել»,- ասում է Ա. Կարապետյանը, առայժմ խուսափելով անուններ հրապարակելուց. «Առաջիկայում գործով կապացուցենք. այդ մարդիկ կձերբակալվեն եւ ամեն ինչ կպարզվի»:
Այս ամբողջ մտահոգությունները մեր զրուցակցին հիմք են տալիս ասելու, որ «Քաղաքական լուրջ քայլեր են պետք արդեն ազգային խնդիրները լուծելու համար: Ուստի հաջորդ տարին լինելու է ազգային հեղափոխական շարժման տարի»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ