Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՇԱԲԱԹԸ ԿՓՐԿԻ՞ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ

Հոկտեմբեր 27,2004 00:00

Երեխաներին
աշնանային արձակուրդից զրկելը հակասում է նախորոք հաստատված ուսումնական պլաններին:
Երեւանի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը օրերս նամակներ է
հղել ԱԺ նախագահին, ԿԳ նախարարին, քաղաքապետին եւ քաղաքապետարանի կրթության վարչության
պետին՝ այն բանից հետո, երբ ԿԳ նախարարությունը որոշել է աշնանային արձակուրդը միացնել
ձմեռայինին: Նամակներում մասնավորապես ասվում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի
հրամանով դպրոցների ուսումնական պլանները կազմվում են՝ հիմք ընդունելով ԿԳ նախարարության
կողմից հաստատված տիպային ուսպլանը: Այդ ուսպլանով, ամառային եւ ձմեռային արձակուրդներից
զատ, նախատեսված են նաեւ աշնանային եւ գարնանային արձակուրդներ, ինչը բխում է երեխայի
առողջության իրավունքից: Առանց այդ արձակուրդի, շաբաթական 6 օր եւ 4 ամիս անընդհատ
սովորելը երեխաների համար շատ հոգնեցուցիչ է եւ աննպաստ՝ ինչպես առողջության, այնպես
էլ կրթության արդյունավետության առումով»: Կոնկրետ ԱԺ նախագահին տիկին Բախշյանը դիմել
է՝ նաեւ հետեւյալ հարցերի պատասխանն ստանալու ակնկալիքով. «Որեւէ մեկն իրավունք ունի՞
գործող հրամանը, որ օրենքի ուժ ունի, բանավոր կերպով փոխելու: Ո՞րն է աշնանային արձակուրդը
ձմեռայինին միացնելու իրավական, կրթական, բժշկական, տնտեսական հիմնավորումը»: Դպրոցների
սոցիալ-տնտեսական վիճակից բխող այս որոշումը, բացի վերոնշյալ դիտարկումներից, խաթարում
է ընդհանուր ուսպլանով նախատեսված ժամանակացույցը: Որովհետեւ հենց այդ նույն ուսպլանով
նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն հենց արձակուրդի
շրջանում. «Մենք միջոցառումների ծրագիր ենք մշակել՝ ելնելով նախարարի հրամանից»,-
նշում է Ա. Բախշյանը: Օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների վերլուծություն
եւ քննարկում, որ նպատակահարմար չէ անցկացնել դասերի ընթացքում՝ ժամանակատար լինելու
պատճառով: Ինչպես նաեւ՝ պատմական եւ մշակութային վայրեր կատարելիք էքսկուրսիաները,
որոնք դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում եւ արդեն պլանավորված է դրանք անցկացնել
արձակուրդի շրջանում: Տիկին Բախշյանը, հաշվի առնելով, որ որոշ դպրոցների ձեռնտու
է աշնանային արձակուրդը տեղափոխել ձմռան ամիսներին, որովհետեւ ոչ բոլորն են, որ կարող
են ձմռանը լիարժեք ջեռուցում ապահովել, ոլորտի պատասխանատուներին առաջարկում է տարբերակված
մոտեցում ցուցաբերել հարցի առնչությամբ: «Հայտնի է, որ քաղաքի 25 դպրոցներ ունեն
անհատական ջեռուցման համակարգեր: Մենք կարող ենք հոգալ ձմեռային ջեռուցման ծախսերը
եւ ձմռան ամիսներին ապահովել դասապրոցեսին անհրաժեշտ պայմաններ»: Ի պատասխան սրան,
կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը առաջ է բերում հարցին միասնական մոտեցում
ցուցաբերելու իրենց սկզբունքը: «Իսկ ո՞ւմ շահերից է բխում այդ միասնական մոտեցումը,
եթե այն պետք է լինի իքնանպատակ եւ երեխայի շահերից չբխի, ո՞ւմ է պետք»,- հարցնում
է Ա. Բախշյանը: Այս ամենի հետ կա մեկ ուրիշ խնդիր: «Ուսումնական պլանը, որ
մեզ համար օրենք է, արդյոք ի՞նչ հիմնավորմամբ է փոխարինվել մեկ այլ որոշմամբ, ի՞նչ
հիմնավորմամբ է փոփոխություն կատարվել եւ վերջապես որտե՞ղ է երկրորդ հրամանը, որ
հակասում է առաջինին: Ես ներկայացնում եմ իմ առաջարկները, եթե պատասխան չտրվի, ես,
որքան էլ հարգանքով եմ վերաբերվում իմ վերադասի խոսքին, ազատ եմ՝ առաջնորդվելու գրավոր
հրամանով, այն է՝ ուսումնական պլանը»: Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ տնօրենների
խորհրդաժողովին տիկին Բախշյանը կրթության վարչության պետին դիմել է այս հարցով, որեւէ
կոնկրետ պատասխան չի տրվել: Պարզաբանում ստանալու մեր խնդրանքին ի պատասխան, վարչության
պետ Օնիկ Վաթյանը նշեց, որ այս որոշման հիմքն այն է, որ նախ՝ օգտագործվեն տաք օրերը,
եւ երկրորդ՝ հնարավոր է ձմռանը հարեւան երկրներից սուր վարակիչ հիվանդություններ
ներխուժեն, եւ ձմեռային արձակուրդին աշնան մեկ շաբաթն ավելացնելը համաճարակից երեխաներին
ինչ-որ չափով կփրկի: Ի դեպ, տիկին Բախշյանը նաեւ մեզ հայտնեց, որ երբ անցյալ տարի
իր դպրոցում ջրծաղիկի համաճարակ էր եւ սանէպիդկայանից այդ մասին համապատասխան եզրակացությունն
էլ կար, քաղաքապետարանը հարցը քննարկեց, բայց թույլ չտվեց օգտագործել աշնանային արձակուրդները՝
գոնե մեկ շաբաթով դպրոցում կարանտին սահմանելու նպատակով: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել