Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 27,2004 00:00

Երեկ
ՀՀ կառավարության անդամներին, ինչպես նաեւ OTE-ի ղեկավարությանը հասանելի դարձան
ՀՀ կառավարություն-«ԱրմենՏել» բանակցությունների արդյունքների մանրամասները: Իսկ
արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի (որը բանակցություններում ներկայացրել
է ՀՀ կառավարության շահերը) նախօրոք հայտարարված մամուլի ասուլիսը տեղի չունեցավ:
Դա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս վերջնական որոշում
չի կայացրել եւ հստակ ձեւավորված դիրքորոշում չունի բանակցությունների արդյունքների
վերաբերյալ: Կառավարության անդամներն իրենք իրենց 10 օր են տրամադրել դրանց ծանոթանալու
համար: Բանակցությունների արդյունքներին տեղյակ մարդկանց շրջանակի լայնանալու արդյունքում
«Առավոտին» հայտնի դարձան առանցքային կետերի վերաբերյալ որոշ մանրամասներ: Ըստ
հավաստի եւ ստուգված տեղեկությունների, բանակցությունների ընթացքում «ԱրմենՏելը»
պնդել է, որ ինտերնետ-հեռախոսակապի միջոցով ծառայության մատուցումն իր բացառիկ իրավունքների
սահմաններում է, այսօր բազմաթիվ ընկերություններ ու անհատներ ապօրինություն են անում
այդ կապը բիզնեսի միջոց սարքելով, եւ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ընկերության
իրավունքները: Համարելով, որ սա միջազգային հեռախոսակապին փոխադարձ փոխարինելի,
էժան, մատչելի եւ այլընտրանքային կապ է, կառավարությունը հանաձայնել ու զիջել է:
«ԱրմենՏելը» ցանկանում է այդ ծառայությունը մատուցել անձամբ, ընդ որում՝ մեր պետության
(կարգավորող մարմնի) կողմից սահմանված սակագներով: Կառավարությունը սրան էլ է համաձայնել:
Խնդիրն այն է, որ դեռեւս բաց ժողովի ժամանակվանից զանազան ընկերությունների ու անհատների
միջոցով մատուցվող ինտերնետ-հեռախոսակապի օրինականության հետ կապված հարցը մեր կառավարության
համար ամենաթույլ կետերից էր: Ավելին, մոտավոր հաշվարկներով, այս ծառայության դիմաց
այսօր ամիսը մոտավորապես 1-2 միլիոն դոլար է գանձվում եւ շրջանառվում՝ պետբյուջեի
հետ որեւէ աղերս չունենալով: Այսինքն, որեւէ հարկային գանձում չի կատարվում: «ԱրմենՏելի»
պարագայում հարկումն անխուսափելի է, ուստի՝ պետությանը ձեռնտու: Հենց սա է դարձել
կառավարության անդամներից մի քանիսի դժգոհության առիթ. մեր աղբյուրի վերլուծությամբ,
հնարավոր է ինտերնետ-հեռախոսակապի ծառայություն մատուցողների լոբբինգի արդյունքում,
կամ գուցե ուղղակի շահեր կան: Այնուամենայնիվ, սրա (ինչպես նաեւ մնացած զիջումների)
դիմաց «ԱրմենՏելը» հրաժարվելու է 300 հազար դոլարի փոխհատուցման պահանջից: Որն «ԱրմենՏելի»
միակ խոշոր զիջումը չէ. ընկերությունը համաձայնել է տեղական (լարային ներպետական)
հեռախոսակապի սակագները դեռեւս մի քանի տարի պահպանել մոտավորապես այսօրվա մակարդակին:
Մինչդեռ, համաձայն թիվ 60 լիցենզիայի, «ԱրմենՏելն» իրավունք ունի եկող տարվա
հունվարից 8 դրամ րոպեավճար գանձել առանց կանխավճարի եւ անվճար խոսակցության իրավունքի:
Սակայն կողմերը պայմանավորվել են քաղաքային թվային հեռախոսային խոսակցության համար
կիրառել 6000 դրամ կանխավճար, 360 րոպե անվճար խոսակցության իրավունքով, ամսվա ընթացքում
օրական մինչեւ 1 ժամ 15 րոպե խոսակցության համար կիրառել 4 դրամ րոպեավճար, ավելիի
դեպքում՝ 8 դրամ: Նույնպիսի համամասնությամբ է նախատեսվում փոփոխել իրավաբանական
անձ-բաժանորդների համար սահմանված սակագները: Մեր աղբյուրի վերլուծությամբ,
կառավարությունը մատչելի տեղակա՞ն, թե՞ միջազգային հեռախոսակապ երկընտրանքից, փաստորեն,
ընտրել է առաջինը: Ինտերնետի րոպեավճարի փոփոխություն չի նախատեսվել: Միջազգային
հեռախոսակապի սակագների իջեցում է խոստացել «ԱրմենՏելը»: Իսկ բջջային կապի մենաշնորհից
զրկելու կառավարության դիրքորոշումն ուժի մեջ է մնացել բանակցությունների արդյունքում
եւս: Նախատեսվում էր, որ 2005թ. ամռանից նոր օպերատորը գործելու էր: Սակայն պայմանավորվածություն
է եղել մինչեւ 2009 թվականը երրորդ օպերատորի մուտքը թույլ չտալ: Մեր տվյալներով,
այս մանրամասներին արդեն տեղեկացել է նաեւ հանրապետության նախագահը եւ առարկություններ
չի ունեցել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել