Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓԱԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հոկտեմբեր 27,2004 00:00

ԺԱՄԱՆԱԿՆ
Է ՓԱԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ Անտիկ շրջանում, ինչպես նաեւ Եվրոպայում,
16-17-ից սկսած մարդիկ որոշել են, որ պետության ղեկավարման սխեմաներից ամենաարդյունավետը
հետեւյալն է. թագավորն ու նախարարները պետության կարիքների համար ոսկի եւ սեփականություն
է հավաքում իր հպատակներից, բայց որպեսզի այդ հարստությունը կամայականորեն չծախսվի,
հպատակները ընտրում են (ընդգծենք՝ ընտրում են) իրենց ներկայացուցիչներին՝ այդ ծախսերը
վերահսկելու համար: Եվ քաղաքացիների ներկայացուցիչները՝ իրենց համոզմունքների եւ
խմբային շահերի համաձայն, որոշում են, թե ինչպես ծախսել պետության հարստությունը:
Ներկայացուցիչները կոչվում են պատգամավորներ, իսկ իրենց հավաքվելու տեղը՝ խորհրդարան:
Բայց եթե այդ ներկայացուցիչները չեն ընտրվում եւ եթե խորհրդարանը բաղկացած
է այն մարդկանցից, որոնց թագավորը նախօրոք բաժանել է երկրի հարստությունը, ապա այդ
ինստիտուտի իմաստը անհասկանալի է դառնում: Այդ մարդիկ ունեն շահեր, որոնք համընկնում
են թագավորի շահերի հետ, եւ չունեն բացարձակապես ոչ մի համոզմունք: Պարզ է, որ նրանք
անելու են այն, ինչ թագավորն է հրամայում, եւ հետեւաբար, կարող են ընդհանրապես չհավաքվել
ու որեւէ բան չքննարկել: Ճիշտ այնպես, ինչպես 70 տարի ԳԽ-ում փաստորեն ոչինչ չէին
քննարկում կոմունիստական կթվորուհիներն ու տրակտորիստները: Հայաստանի երրորդ
գումարման Ազգային ժողովի պատգամավորները վերջապես հասկացան, որ իրենց հավաքվելու
եւ քննարկելու կարիքը չկա: 25 հարցերից բաղկացած օրակարգը նրանք սպառում են մեկ օրում:
Կարող են սպառել նաեւ 5 րոպեում: Իսկ եթե այդպես է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես
գալ-հասնել խորհրդարան: Ի՞նչ նեղություն՝ տնից կամ քեֆի սեղանից դուրս գալ, «Ջիփ»
նստել, ետեւից էլ մի 4 հատ «ախրանայի» «Ջիփ» քշել տալ (բենզինի ծախսը պատկերացնո՞ւմ
եք), գալ խորհրդարան՝ կոճակ սեղմելու: Արժե՞ արդյոք այդ մարդկանց այդքան տանջել:
Կարելի է այլեւս պառլամենտական ձեւեր չթափել, փակել այդ խորհրդարանը եւ պետությունը
ղեկավարել բացառապես թագավորի ու նախարարների հրովարտակներով: Իսկ ի՞նչ կասի
Եվրոպայի խորհուրդը՝ կհարցնեք դուք: Դա, ինչ խոսք, լուրջ մտահոգություն է: Բայց այդ
հարցի լուծումը նույնպես կա. կարելի է պահպանել ԱԺ նիստերի դահլիճը ու ամիսը մեկ
անգամ այնտեղ գործուղել Ռաֆիկ Պետրոսյանին, որպեսզի նա միաժամանակ 131 կոճակ սեղմի:
Այդպիսով ժողովրդավարական պրոցեդուրան ամբողջությամբ կպահպանվի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել