Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Ո՞Վ ԱՍԱՑ՝ ԱՂՔԱՏ ԵՆՔ «Հայաստանում չկա մարդկային աղքատության խնդիր, կա եկամուտների աղքատություն»,- սա Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքն է, որը հնչեցրեց երեկ ՄԱԿ-ի կողմից պատրաստած «Ձեռներեցության խրախուսում» զեկույցի շնորհանդեսի ընթացքում: Տարբերությունը սովորական աղքատության եւ «եկամուտների աղքատության» միջեւ տեսանելի է միայն մասնագետի համար: Բոլոր դեպքերում նախարարն իր ելույթում նշեց, որ Հայաստանը վերջին 6 տարում արձանագրել է աննախադեպ տնտեսական աճ: Ավելացրեց, որ մեր երկիրը պատրաստ է անցումային շրջանում իր կուտակած փորձով կիսվել դեռեւս շատ թույլ, զարգացող երկրների հետ: Անդրադառնալով հայերի պատմական ակունքներին, Կ. Ճշմարիտյանն ասաց, որ հայ ազգի ինտելեկտուալ արժեքների ստեղծման ռազմավարության հիմքում միշտ արմատացած է գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ-ի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կալման Միժեյը երեկ շնորհանդեսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի պարագայում անհրաժեշտ է բիզնեսը մատչելի դարձնել աղքատ եւ չքավոր բնակչության համար: Նա ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանը Երեւանով չի սահմանափակվում: Օրեցօր գեղեցկացող Երեւանից զատ կան նաեւ հեռավոր վայրեր, որտեղ կա աղքատություն: Հայկական շուկան անվանելով ճկուն, համապարփակ եւ դյուրազգաց, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր բոցաշունչ ելույթում նույնպես հաստատեց նախարարի այն մշուշոտ միտքը, որ մեր երկրում չկա մարդկային աղքատություն: Ըստ նրա, մենք ունենք նորմալ վճարվող աշխատանքի խնդիր, որը «մեր տնտեսությունում համարում եմ հայկականության դրսեւորում»: Գործարարության զարգացման համար պարոն Ղազարյանն առաջարկեց իր ոչ բարդ բաղադրատոմսը: Այն է՝ աշխատել հավասարության սկզբունքով: «Ձեռներեցության խրախուսում» զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խնդրանքով կազմավորված հանձնաժողովի կողմից: Զեկույցի հիմնական թեման զարգացման գործում մասնավոր հատվածի դերն է: Փաստաթուղթը կոչ է անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, գործարարներին՝ «աշխատել միասին» աշխարհում աղքատությունը կրճատելու համար: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել