Հերթական մեռելածին օրենքը Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել երեկ շրջանառության մեջ դրված օրինագիծը «ԱԺ պատգամավորի պահվածքի մասին»: Այս նախագծի հռչակված նպատակն է, որ «հանրաճանաչ բարոյական նորմերի» համապատասխան՝ սահմանվեն ԱԺ պատգամավորի վարքագծի հիմնական կանոնները: Եվ այսպես՝ ըստ օրինագծի հեղինակներ Ռաֆիկ Պետրոսյանի, Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Ոստանիկ Մարուխյանի՝ պատգամավորը պարտավոր է լինել ազնիվ, «զուսպ եւ օրինակելի, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բանավոր եւ գրավոր շփումներում բացառել կոպտության դրսեւորումները»: Պատգամավորը պարտավոր է հոգալ այլ պատգամավորների պատվի պահպանման մասին: Միմյանց դիմելիս պարտավոր են օգտագործել «Հարգելի պատգամավոր» դիմելաձեւը: Պարտավոր են լսել նիստը վարողի դիտողությունները եւ չվիճաբանել նրա հետ: Պատգամավորը պարտավոր է հարգել ՀՀ խորհրդանիշները եւ պետական լեզուն. «Բերանացի իմանալ ՀՀ օրհներգը»: Ըստ այս օրինագծի՝ պատգամավորն իրավասու չէ միջամտել պետական եւ այլ մարմինների, նաեւ տնտեսվարող սուբյեկտների կառավարմանը, կադրային հարցերի լուծմանը, եթե դա նախատեսված չէ օրենքներով: Նա նաեւ պետք է ձեռնպահ մնա «դատական ակտերի հրապարակային գնահատականներից՝ մինչեւ նրանց օրինական ուժի մեջ մտնելը»: Պատգամավորը չպետք է օգտագործի «իր կարգավիճակից բխող առավելություններն անձնական նպատակների համար»: Եվ օրենքի ամենասրտառուչ նախադասություններից է, թե պատգամավորը «բարոյական պատասխանատվություն է կրում իր հայրենիքի համար ներկա եւ ապագա սերունդների առջեւ»: Թերեւս ավելորդ էլ է մեկնաբանելը, որ մեր ԱԺ պատգամավորների մեծամասնության պահվածքն այս օրինագծին տրամագծորեն հակասում է: Սակայն այս նախագծով նաեւ պատասխանատվություն է նախատեսված օրենքը խախտելու համար, եւ սահմանվում են ներգործության միջոցներ: Ասենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատգամավորին կարող է պարտավորեցնել ներողություն խնդրել, հայտարարել հասարակական պարսավանք, տեղեկացնել ԶԼՄ-ներին եւ ընտրողներին պատգամավորի անվայել արարքի մասին, ԱԺ նիստերին անհարգելի բացակայելու համար չվճարել աշխատավարձ եւ այլն: Նշենք, որ ներգործության միջոցներ նախատեսված են նաեւ ԱԺ գործող կանոնակարգով: Բայց դրանք երբեւէ չեն կիրառվել: Վստահ ենք՝ չեն կիրառվի նաեւ այս մեկով նախատեսված միջոցները, որոնցում պակասում է միայն այն, թե պատգամավորին կարող են նաեւ անկյուն կանգնեցնել ու ծնող կանչել ԱԺ: Ա. Ի.