Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԶՈՐ

Հոկտեմբեր 26,2004 00:00

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԶՈՐ ՓԱԹԵԹԸ Առուշան Հակոբյանը ավելի «առաջադիմական» է համարում սահմանադրական փոփոխությունների նախորդ տարբերակը «Ինչքան էլ տարբեր ատյաններում ավել-պակաս խոսեն, այս Սահմանադրությունը մի քանի ճգնաժամային, կարեւորագույն իրավիճակներում իր դերը խաղացել է»: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկ անգամ եւս կրկնելով բազմիցս արտահայտված այս կարծիքը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության վարչության անդամ Առուշան Հակոբյանը ներկայացրեց առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ կուսակցության տեսակետը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների տապալված հանրաքվեին՝ պարոն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ «այդ բարեփոխումների քաղաքական կրողն այդպես էլ չեղավ: Առաջին հայացքից նախաձեռնությունը նախագահինն էր, բայց այլ քաղաքական իրադարձությունների հորձանուտում այդպես էլ մոռացվեց Հայաստանի սովորական քաղաքացուն, այսինքն՝ հանրաքվեի մասնակցին ասել՝ ինչո՞ւ ենք փոխում, ի՞նչն ենք փոխում, փոփոխությունն ի՞նչ նպատակի է ծառայելու»: Վերլուծելով տարբերակները՝ մեր զրուցակիցը եկել է այն համոզման, որ «նախկինում առաջարկվող բարեփոխումները ավելի դրական կողմեր ունեին, քան հիմա առաջարկվողը: Նախորդը ավելի առաջ քայլ էր»: Վկայակոչելով նախորդ փաստաթղթում առկա մարդու իրավունքների, ազատությունների, ինչպես նաեւ նախագահ-խորհրդարան-կառավարություն զսպող, հակակշռող տարրերը՝ Ա. Հակոբյանը առաջարկվող բարեփոխումների նոր տարբերակը որակում է «կոմպրոմիսային»: Իսկ եվրաինտեգրմանը հղում կատարողների համար պրն Հակոբյանը նկատել է՝ «Իրավական ոլորտում ինտեգրումը վաղը պատնեշի պես կանգնելու է մեր առջեւ: Այսօր սահմանադրական փոփոխություններ կատարելիս առաջնային խնդիրը պետք է լինի Սահմանադրության համապատասխանությունը»: «Հզոր հայրենիքը» 145 առաջարկ է ներկայացրել՝ սկսած ներածության փոփոխությունից, վերջացրած ազգային առանձնահատկությունների՝ ծնող-երեխա փոխադարձ պարտավորվածությունները Սահմանադրությամբ ամրագրելուց: Առաջարկներում հիմնական շեշտը դրված է դատաիրավական համակարգի անկախության ապահովման եւ ՍԴ-ի դերի բարձրացման վրա: Երկքաղաքացիությունը, «Հզոր հայրենիքի» դիտարկմամբ, պետք է օրենքով կարգավորվի եւ պետք է շնորհվի որոշակի վերապահումներով: Պատգամավորների պարագայում ճիշտ են համարում միայն ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները: Իսկ նախագահը՝ «պետք է երդվի Սահմանադրությամբ ամրագրված տեքստով», որը մշակված է: «Ի՞նչ է նշանակում՝ երդվում եմ հայրենիքիս… մի նախագահ էլ կարող է երդվել տարածաշրջանի համար. հայրենիքը էմոցիոնալ է, իրավական չէ: Երկու նախագահ ենք ունեցել, երկուսի հայրենիքն էլ… Դրա համար գրում ենք՝ ՀՀ-ի համար»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Կուսակցությունը նաեւ առաջարկություն է ներկայացրել ԱԺ նախագահին՝ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքննարկի բոլոր առաջարկությունները եւ կգտնի ոսկե միջինը: Իսկ հանձնաժողովի անկողմնակալության գրավականը Ա. Հակոբյանը համարում է «բոլոր ուղղությունների ու ուժերի ընդգրկումը, ոչ թե դրածոները որոշեն՝ սա պետք է անցնի, նա՝ ոչ»: Նա նաեւ ակնարկեց, որ «որոշակի խաղեր են արվում Վենետիկի հանձնաժողովի անցած տարվա գնահատականների հիման վրա փոփոխություններ կատարելու: Որոշակի խմբեր այն առաջարկությունները, որոնք Վենետիկն արել է, ներկայացնում են իբրեւ բարեփոխում, որպեսզի վաղը միայն դրանք տանեն հանձնաժողովին ներկայացնեն: Դրա համար առաջարկում ենք առանձին նախագծեր չուղարկել Վենետիկի հանձնաժողովին, այլ միասնական տարբերակ: Թե չէ կպարզվի, որ դրական կարծիք են տվել Թորոսյանի նախագծին, որովհետեւ այն լավ է արտագրված»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել