«Հաջորդը իշխանության կուսակցության համագումար թող լինի» ՀԺԿ-ին մաղթում էին նրա գործընկերները Շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԺԿ 5-րդ համագումարում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդես եկավ 40 րոպեանոց զեկույցով: Նրա բնորոշմամբ, հայերն իրենց խառնվածքով չեն կարող հանդուրժել անարդարություն. «Ներկայիս վարչախումբը խոչընդոտ է մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար, եւ իրականացվող քաղաքականությունը խաթարման վտանգի տակ է դնում մեր հասարակության արժեքային համակարգն ու ազգային նկարագիրը»: ՀԺԿ նախագահը կարեւորեց քաղաքական պայքարի ձեւերի ազնվությունը. «Մենք գտնում ենք, որ միջոցները նույնքան կարեւոր են, որքան նպատակները: Եվ մեր քայլերը բխում են հենց այդ տրամաբանությունից: Ելնելով պետության եւ ժողովրդի շահերից՝ մենք ամեն ինչ արել ենք եւ անելու ենք, որ սահմանադրական կարգը հաստատվի խաղաղ ճանապարհով»: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե անցած 5 տարիների ընթացքում կասկածները «27»-ի շուրջ բոլորովին չեն փարատվել. «Եթե ոմանց թվում է, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մոռացության է տրվելու, ապա չարաչար սխալվում են: Ճշմարտությունը, միեւնույն է, բացահայտվելու է: Դա են պահանջում մեր պետության շահերը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց շարքային ՀԺԿ-ականներին եւ Ստեփան Դեմիրճյանին՝ 5 տարիների գործընկերության համար. «Այդ գործընկերությունը եղել է ազնիվ, եղել է անաչառ: Եղել են բազմաթիվ վեճեր, եղել են անքուն գիշերներ, բայց, միեւնույն է, հանդես ենք եկել միասնական եւ այդպես էլ հանդես ենք գալու: Այսօրվա ՀԺԿ-ն, այստեղ նստած մարդիկ միանշանակ հավատարիմ մնացին Կարեն Դեմիրճյանի հիշատակին, ինչը ամենաբարոյական եւ ամենակարեւոր արժեքն է: Այսօր ՀԺԿ-ն բյուրեղացել է»: Արամ Սարգսյանը մաղթեց, որ «ՀԺԿ-ի հաջորդ համագումարը լինի իշխանության կուսակցության համագումար: Ես հավատում եմ, որ այդպես էլ կլինի»: ՀԺԿ Երեւանի տարածքային կազմակերպության անդամ Սեւակ Այվազյանը ընդդիմության մյուս գործիչներին որոշեց իր ելույթով որոշ բաներ բացատրել, մասնավորապես՝ դիտողություն անելով, որ վերջիններս երբեք ուղիղ չեն պատասխանում այն հարցին, թե ով է ընդդիմության առաջնորդը. «Ի՞նչ է պատահել ձեզ, հարգելի գործընկերներ: Մի՞թե դուք չէիք կանգնած Ստեփան Դեմիրճյանի թիկունքում հանրահավաքների հարթակի վրա, նախագահական ընտրությունների բուռն իրադարձությունների ժամանակ՝ կոչելով նրան ազգի ընտրյալ նախագահ: Ի՞նչ է փոխվել այդ օրերից հետո, բացի դաշինքի շնորհիվ ձեր ընդգրկվելը ԱԺ-ում: Միգուցե սեփական ամբիցիանե՞րն են բորբոքվում եւ կաշկանդում են մեկ ուրիշի լիդերությունը ճանաչելը»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը իր ողջույնի խոսքի վերջում բազմիմաստ համեմատություն արեց եղնիկների հոտն առաջնորդող առյուծի եւ առյուծի հոտն առաջնորդող եղնիկի մասին: Ավելի ուշ լրագրողների համար մեկնաբանելով իր իսկ խոսքը՝ պարոն Դալլաքյանն ասաց, որ ցանկացած համեմատություն իր փիլիսոփայությունն ունի, իսկ այս համեմատության նպատակն այն է, որ ժողովուրդն ու ընդդիմությունը պետք է միասնաբար հանդես գան առյուծի դերում: «Այսինքն՝ իմ ասածի ամբողջ ենթատեքստը դա է՝ առյուծը ժողովուրդն է եւ ընդդիմությունը, իսկ եղնիկները չընտրված իշխանությունն է»: Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը իր հերթին առաջարկեց շարքային ՀԺԿ-ականներին՝ ավելին պահանջել կուսակցության ղեկավարությունից եւ առաջնորդից: ՀԺԿ համագումարը կուսակցության նախագահ վերընտրեց Ստեփան Դեմիրճյանին, ընտրվեց 192 հոգանոց վարչություն եւ 17 հոգանոց քաղխորհուրդ: Կուսակցության նախագահի վերընտրության պահին սասունցի ՀԺԿ-ականներից մեկը երգելով մոտեցավ ամբիոնին՝ իր ուրախությունն այդպես արտահայտելով: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ