Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական մեռելածին օրենքը

Հոկտեմբեր 26,2004 00:00

Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել երեկ շրջանառության մեջ դրված օրինագիծը «ԱԺ պատգամավորի պահվածքի մասին»:

Այս նախագծի հռչակված նպատակն է, որ «հանրաճանաչ բարոյական նորմերի» համապատասխան՝ սահմանվեն ԱԺ պատգամավորի վարքագծի հիմնական կանոնները: Եվ այսպես՝ ըստ օրինագծի հեղինակներ Ռաֆիկ Պետրոսյանի, Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Ոստանիկ Մարուխյանի՝ պատգամավորը պարտավոր է լինել ազնիվ, «զուսպ եւ օրինակելի, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բանավոր եւ գրավոր շփումներում բացառել կոպտության դրսեւորումները»: Պատգամավորը պարտավոր է հոգալ այլ պատգամավորների պատվի պահպանման մասին: Միմյանց դիմելիս պարտավոր են օգտագործել «Հարգելի պատգամավոր» դիմելաձեւը: Պարտավոր են լսել նիստը վարողի դիտողությունները եւ չվիճաբանել նրա հետ:

Պատգամավորը պարտավոր է հարգել ՀՀ խորհրդանիշները եւ պետական լեզուն. «Բերանացի իմանալ ՀՀ օրհներգը»: Ըստ այս օրինագծի՝ պատգամավորն իրավասու չէ միջամտել պետական եւ այլ մարմինների, նաեւ տնտեսվարող սուբյեկտների կառավարմանը, կադրային հարցերի լուծմանը, եթե դա նախատեսված չէ օրենքներով: Նա նաեւ պետք է ձեռնպահ մնա «դատական ակտերի հրապարակային գնահատականներից՝ մինչեւ նրանց օրինական ուժի մեջ մտնելը»: Պատգամավորը չպետք է օգտագործի «իր կարգավիճակից բխող առավելություններն անձնական նպատակների համար»:

Եվ օրենքի ամենասրտառուչ նախադասություններից է, թե պատգամավորը «բարոյական պատասխանատվություն է կրում իր հայրենիքի համար ներկա եւ ապագա սերունդների առջեւ»:

Թերեւս ավելորդ էլ է մեկնաբանելը, որ մեր ԱԺ պատգամավորների մեծամասնության պահվածքն այս օրինագծին տրամագծորեն հակասում է: Սակայն այս նախագծով նաեւ պատասխանատվություն է նախատեսված օրենքը խախտելու համար, եւ սահմանվում են ներգործության միջոցներ: Ասենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատգամավորին կարող է պարտավորեցնել ներողություն խնդրել, հայտարարել հասարակական պարսավանք, տեղեկացնել ԶԼՄ-ներին եւ ընտրողներին պատգամավորի անվայել արարքի մասին, ԱԺ նիստերին անհարգելի բացակայելու համար չվճարել աշխատավարձ եւ այլն:

Նշենք, որ ներգործության միջոցներ նախատեսված են նաեւ ԱԺ գործող կանոնակարգով: Բայց դրանք երբեւէ չեն կիրառվել: Վստահ ենք՝ չեն կիրառվի նաեւ այս մեկով նախատեսված միջոցները, որոնցում պակասում է միայն այն, թե պատգամավորին կարող են նաեւ անկյուն կանգնեցնել ու ծնող կանչել ԱԺ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել