Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԺՎԱՐ» ԵՐԵԽԱՆԵՐ, ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Թիվ
18 գիշերօթիկի մանկավարժներն ու ծնողները դժգոհ են նոր տնօրենից եւ դեմ են երեխաներին
հավելյալ ազատություններ տալուն: «Անցյալ շաբաթ 2 ժամ եղել եմ դպրոցում, երեխաներն
իրար հայհոյում էին, քաշքշում, կարգուկանոն չկա: Իմ երեխան հիվանդ է, սրտի անբավարար
աշխատանք ունի: Բոլորը դա գիտեն, ու մի օր զանգում են ինձ ու ասում, որ պատմության
ուսուցիչը ծեծել է իմ երեխային, պատասխան կտա՞ն, եթե մի բան պատահի: Երեխաները սավանները
կապում են իրար ու վերեւի հարկերից իջնելով փախչում, տնօրենն ասում է՝ այդպիսի բան
չկա»,- պատմում է թիվ 18 հատուկ դպրոցի սան Արայիկ Սարգսյանի ծնողը՝ տիկին Ագնեսան:
Վերջինս գիշերային հերթափոխով է աշխատում, եւ չի ուզում երեխային գիշերները տանը
մենակ թողնել, բացի այդ, վախենում է, որ երեխան վատ շրջապատ կընկնի: Այդ պատճառով
սրտի անբավարար սնուցում եւ վատ տեսողություն ունեցող երեխային ուղարկում է գիշերօթիկ
դպրոց: Իսկ հիմա, երբ դպրոցի տնօրենը փոխվել է, երեխաները հեշտությամբ դուրս են գալիս
դպրոցի տարածքից: Այնինչ այստեղ, ըստ կանոնադրության, ապրում եւ սովորում են դժվար
դաստիարակվող, վտանգավոր վարք դրսեւորած, որբ, ծնողական խնամքից զրկված երեխաներ:
Այսինքն՝ ենթադրվում է, որ դպրոցից դուրս, «ազատության մեջ» այդ երեխաների վարքը
սոցիալապես վտանգավոր կլինի: Նախորդ տնօրեն Ժորա Մուրադյանի՝ երեխաների հանդեպ
դրսեւորած խստությունից հետո նոր տնօրենը՝ Մերուժան Մինասյանը, ըստ ծնողների ու նաեւ
կոլեկտիվի անդամների, չափազանց «փափուկ» մարդ է այս դպրոցի համար: Գիշերային հերթափոխի
դաստիարակ Հրաչյա Մանուկյանը, որ նաեւ այս դպրոցի սան է, կարծում է, որ նոր տնօրենը
չափազանց բարի է իր դերի համար, որ այս երեխաներին պետք է նաեւ պատժել: «Նախկինում
բռնություններ չեն եղել, բայց խիստ է եղել: Եթե երեխային ասեմ՝ չի կարելի ու դրա
բացատրությունը տամ, ու նա չհասկանա, ես նրան պետք է պատիժ կանգնեցնեմ, եւ եթե նա
իր մաշկի վրա զգա այդ պատիժը, մյուս անգամ էլ չի անի: Փախչելիս հո չեն գնում՝ մամային
են կարոտել, մամայի մոտ, գնում են ազատության մեջ, ինչ կուզեն՝ կանեն»: Ներկա իրավիճակն
այսպես է նկարագրում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ջավախյանը.
«Ազատ թողնում ես՝ փախչում են պարիսպների վրայով, հիմա էլ սկսել են սոսինձ ծխել:
Ծնողը երեխային հանձնել է ինձ, հիմա զանգում է, ասում՝ եթե պետք է ամեն օր տուն գա,
ինչո՞ւ եմ բերել այդտեղ, ես հնարավորություն չունեմ նրան պահելու: Առաջ դարպասից
այն կողմ Մուրադյանի օծանելիքի բույրը զգում էինք, արդեն բոլորս զգաստանում էինք:
Վա՞տ էր: Կոլեկտիվի որոշ անդամների համար հիմիկվա այս վիճակը ձեռնտու է, դաս չեն
պարապում, ոչ տնօրենն իմանում է՝ երբ են գալիս, երբ են գնում…ու դա տանում է կործանման:
Ինչպե՞ս լուծենք այս հարցը»: Ուսուցիչների բողոքները հասնում է նաեւ նախկին տնօրեն
Ժորա Մուրադյանին, որն ասում է. «Ես նրանց ասում եմ՝ պատճառը ձեր մեջ ման եկեք, ես
եմ փոխվել, հո դուք էլ չե՞ք փոխվել»: Նոր տնօրենը՝ Մ. Մինասյանն էլ իր տեսակետն
ունի: Նրա կարծիքով, թեպետ այստեղ հավաքված են «դժվար երեխաներ», սակայն նրանց հետ
պետք է համոզելով խոսել, հաշվի առնել նաեւ նրանց ցանկությունները: «Նախկինում այս
դպրոցն անվանում էին գաղութ, հիմա դպրոցը բացվել է, ինձ դրա մեջ մեղադրում են: Բայց
չէ՞ որ ծանր երեխաներ են՝ ծանր ընտանիքներից, նրանց հետ պետք է զգույշ խոսել: Հիմա
դաստիարակները բողոքում են երեխաների տուն գնալուց, ասում են՝ երբ շատ են գնում տուն,
վերադառնում են «ոգեւորված» եւ նրանց հետ դժվար է աշխատել: Բայց եւ բանտ չի սա»:
Մեր ջանքերը՝ որեւէ կարծիք լսել որեւէ երեխայից, զուր անցան: Ոչ ոք չէր ցանկանում
մեր հարցերին պատասխանել, նրանք հատկապես լարվում էին ձայնագրիչի առկայությունից,
միայն պատասխանում էին, որ նախկինում էլ էր լավ, հիմա էլ, երբեք ծեծ չի եղել: Ոմանք
ավելի անկեղծ էին՝ «ոչ մի անգամ էլ լավ չի եղել, ոչ առաջ, ոչ էլ հիմա, ամեն ինչից
էլ դժգոհ եմ»: Արթուր Հովակիմյանն ապրում է այս դպրոցում, որովհետեւ մայրը գնացել
է Ռուսաստան՝ աշխատելու, իսկ մոր մորաքույրը՝ Հռիփսիկ Մուրադյանը, որ եկել էր խմբագրություն՝
տագնապած նոր տնօրենի «կարգուկանոնից», ի վիճակի չէ երեխային տանը պահել: Տիկին Հռիփսիկը
լսել է, որ նոր տնօրենը դպրոցում, երեխաների ներկայությամբ խմում է ու հայհոյում:
«Հիմա նադզոր չկա, երեկ երեխաներն ասում էին, որ տոպրակի մեջ սոսինձ են լցնում ու
ծխում: Այս տնօրենը նույնիսկ ասում է՝ ձեզ փող կտամ, եթե ուզում եք տուն գնալ: Այդպիսի
դպրոցի երեխաներին պետք է ավելի խիստ մոտենալ»: Մենք զրուցեցինք նաեւ «Վորլդ
Վիժն Հայաստան» ազգային կենտրոնի աշխատակիցների հետ, որոնք այս պահին «Դժվար իրավիճակում
գտնվող եւ սոցիալապես անապահով երեխաների» ծրագիրն են իրականացնում դպրոցում: «Դպրոցում
տեղի ունեցած ժողովի ժամանակ իմ հարցին, թե ի՞նչն է փոխվել մեկ ամսվա ընթացքում,
որ թույլ չի տալիս աշխատել, ուսուցիչներն ասում են՝ «ամեն ինչ փոխվել է, երեխաները
չեն լսում»: Իսկ թե ինչն է փոխվել, ոչ ոք կոնկրետ չի պատասխանում: Նրանք ասում են,
որ ավանդական դաստիարակության ձեւերը չեն կիրառվում այլեւս, բայց ո՞րն է ավանդական
դաստիարակության ձեւը. խստություն՝ չի նշանակում ծեծ»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց
հաստատությունների գծով ծրագրերի կոորդինատոր Քրիստինե Բաղդասարյանը: Մինչ
խմբագրության ստացած ահազանգերը վկայում են, որ երեխաների հաճախակի տուն գնալուց
ծնողները դժգոհ են, «դժվար» երեխաներով զբաղվող կազմակերպությունները (նաեւ «Վորլդ
Վիժն Հայաստանը») ճիշտ հակառակ նպատակներ են հռչակում. նրանց վերջնական նպատակն է՝
երեխային ուղղորդել ընտանիք՝ եթե հարկավոր է, աշխատանքներ տանելով նաեւ ծնողների
հետ: Տեսականորեն շատ լավ նպատակներ են: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել