Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԶՈՐ ՓԱԹԵԹԸ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Առուշան
Հակոբյանը ավելի «առաջադիմական» է համարում սահմանադրական փոփոխությունների նախորդ
տարբերակը «Ինչքան էլ տարբեր ատյաններում ավել-պակաս խոսեն, այս Սահմանադրությունը
մի քանի ճգնաժամային, կարեւորագույն իրավիճակներում իր դերը խաղացել է»: Երեկ «Առավոտի»
հետ զրույցում մեկ անգամ եւս կրկնելով բազմիցս արտահայտված այս կարծիքը՝ «Հզոր հայրենիք»
կուսակցության վարչության անդամ Առուշան Հակոբյանը ներկայացրեց առաջարկվող բարեփոխումների
վերաբերյալ կուսակցության տեսակետը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների
տապալված հանրաքվեին՝ պարոն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ «այդ բարեփոխումների քաղաքական
կրողն այդպես էլ չեղավ: Առաջին հայացքից նախաձեռնությունը նախագահինն էր, բայց այլ
քաղաքական իրադարձությունների հորձանուտում այդպես էլ մոռացվեց Հայաստանի սովորական
քաղաքացուն, այսինքն՝ հանրաքվեի մասնակցին ասել՝ ինչո՞ւ ենք փոխում, ի՞նչն ենք փոխում,
փոփոխությունն ի՞նչ նպատակի է ծառայելու»: Վերլուծելով տարբերակները՝ մեր զրուցակիցը
եկել է այն համոզման, որ «նախկինում առաջարկվող բարեփոխումները ավելի դրական կողմեր
ունեին, քան հիմա առաջարկվողը: Նախորդը ավելի առաջ քայլ էր»: Վկայակոչելով նախորդ
փաստաթղթում առկա մարդու իրավունքների, ազատությունների, ինչպես նաեւ նախագահ-խորհրդարան-կառավարություն
զսպող, հակակշռող տարրերը՝ Ա. Հակոբյանը առաջարկվող բարեփոխումների նոր տարբերակը
որակում է «կոմպրոմիսային»: Իսկ եվրաինտեգրմանը հղում կատարողների համար պրն
Հակոբյանը նկատել է՝ «Իրավական ոլորտում ինտեգրումը վաղը պատնեշի պես կանգնելու է
մեր առջեւ: Այսօր սահմանադրական փոփոխություններ կատարելիս առաջնային խնդիրը պետք
է լինի Սահմանադրության համապատասխանությունը»: «Հզոր հայրենիքը» 145 առաջարկ է ներկայացրել՝
սկսած ներածության փոփոխությունից, վերջացրած ազգային առանձնահատկությունների՝ ծնող-երեխա
փոխադարձ պարտավորվածությունները Սահմանադրությամբ ամրագրելուց: Առաջարկներում հիմնական
շեշտը դրված է դատաիրավական համակարգի անկախության ապահովման եւ ՍԴ-ի դերի բարձրացման
վրա: Երկքաղաքացիությունը, «Հզոր հայրենիքի» դիտարկմամբ, պետք է օրենքով կարգավորվի
եւ պետք է շնորհվի որոշակի վերապահումներով: Պատգամավորների պարագայում ճիշտ են համարում
միայն ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները: Իսկ նախագահը՝ «պետք է
երդվի Սահմանադրությամբ ամրագրված տեքստով», որը մշակված է: «Ի՞նչ է նշանակում՝ երդվում
եմ հայրենիքիս… մի նախագահ էլ կարող է երդվել տարածաշրջանի համար. հայրենիքը էմոցիոնալ
է, իրավական չէ: Երկու նախագահ ենք ունեցել, երկուսի հայրենիքն էլ… Դրա համար գրում
ենք՝ ՀՀ-ի համար»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Կուսակցությունը նաեւ առաջարկություն
է ներկայացրել ԱԺ նախագահին՝ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքննարկի բոլոր առաջարկությունները
եւ կգտնի ոսկե միջինը: Իսկ հանձնաժողովի անկողմնակալության գրավականը Ա. Հակոբյանը
համարում է «բոլոր ուղղությունների ու ուժերի ընդգրկումը, ոչ թե դրածոները որոշեն՝
սա պետք է անցնի, նա՝ ոչ»: Նա նաեւ ակնարկեց, որ «որոշակի խաղեր են արվում Վենետիկի
հանձնաժողովի անցած տարվա գնահատականների հիման վրա փոփոխություններ կատարելու: Որոշակի
խմբեր այն առաջարկությունները, որոնք Վենետիկն արել է, ներկայացնում են իբրեւ բարեփոխում,
որպեսզի վաղը միայն դրանք տանեն հանձնաժողովին ներկայացնեն: Դրա համար առաջարկում
ենք առանձին նախագծեր չուղարկել Վենետիկի հանձնաժողովին, այլ միասնական տարբերակ:
Թե չէ կպարզվի, որ դրական կարծիք են տվել Թորոսյանի նախագծին, որովհետեւ այն լավ
է արտագրված»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել