Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՎԵՐԸ ՇՇԵՐԻ ՄԵՋ

Հոկտեմբեր 23,2004 00:00

ՆԱՎԵՐԸ ՇՇԵՐԻ ՄԵՋ Վերջերս Պորտսմուտում կայացել է «Նավերը շշերում» եվրոպական ասոցիացիայի կազմակերպած հերթական առաջնությունը: Մեր հայրենակից Մհեր Թովմասյանի ներկայացրած 2 նավերը արժանացել են առաջին եւ երկրորդ մրցանակների: Նա հպարտությամբ նշեց, որ այդ առիթով բարձրացվել է ՀՀ դրոշը եւ հնչել օրհներգը: Այս տարի մրցույթին մասնակցել են 300 հոգի՝ 40 երկրներից: Մ. Թովմասյանը ներկայացրել էր շշերում պատրաստված անգլիական եւ ամերիկյան տիպի նավեր: «Մեկը 1456 թ. անգլիական Մետյու (Մատվեյ) պատմական նավն էր, որը առաջին անգամ Կանադայի ափերն է գնացել: Այժմ նրա մեծ պատճենը դրված է Բրիսթոլում՝ որպես թանգարան: Մյուսը ամերիկյան բրիգ էր, որը 1812թ. մասնակցել է Հյուսիսի եւ Հարավի պատերազմին»,- իր փոքրիկ նավերն այսպես ներկայացրեց պրն Թովմասյանը: Ի դեպ, նրա «Մատվեյի» համակարգերը շշի մեջ աշխատում են, ինչպես իսկական նավում: «Ես չէի կասկածում, որ որեւէ մրցանակ կստանամ: Հաճելի էր, որ հենց առաջին մրցանակը ստացա»,- ասաց Մ. Թովմասյանը: 2000թ. եւս նա առաջին տեղն է գրավել: Մրցույթին հիմնականում անգլիացիներ են մասնակցում եւ ավանդաբար նրանց են շնորհվում բոլոր գլխավոր մրցանակները: «2000-ից սկսած՝ մրցանակները Հայաստան են գալիս, անգլիացիների համար հազարամյակը լավ չի սկսվել»,- կատակեց նա: Մհեր Թովմասյանը տեղեկացրեց, որ շշում հավաքվող յուրաքանչյուր նավի վրա աշխատում է 1-5 ամիս, ու որքան շշի տարողությունը մեծ է, այնքան նավերը թանկ են գնահատվում: Նա օգտագործում է օղու, վիսկիի շշեր, զանազան տարաներ, հարկ է, որ դրանք լինեն սպիտակ, ողորկ, թափանցիկ ապակուց եւ առանց ավելորդությունների: «Ես հիմնականում աշխատում եմ պատմական նավեր, մասնավորապես առագաստանավեր պատրաստել: Շոգենավեր չեմ սիրում: Կարծում եմ՝ առագաստանավերն են ավելի գեղեցիկ»,- պատմեց նա: Մ. Թովմասյանի կարծիքով, օտարերկրացիներին զայրացնում է, որ ծով չունեցող երկրի ներկայացուցիչներն են տիրանում նման մրցույթների մրցանակներին. «2000թ., երբ դեռ ինձ չէին ճանաչում եւ նկարներով էին տեսել աշխատանքներս, սիրով հրավիրեցին Լոնդոն` հոգալով սննդի ու հյուրանոցի ծախսերը: Երբ տրադիցիան խախտվեց, մրցանակներն ու գավաթները բերեցի Հայաստան, այլեւս առաջարկներ չարեցին, միայն օֆիցիալ հրավեր եկավ եւ վերջ: Այս տարի էլ դժկամությամբ ընդունեցին ինձ, լավ էր գոնե ժյուրին անաչառ էր»: Արդեն 20-25 տարի է՝ Մ. Թովմասյանը շշերի մեջ նավեր է հավաքում: Դա նրա համար ոչ միայն հոբի է, այլեւ ապրուստի միջոց: Ափսոսում է, որ նման աշխատանքները Հայաստանում ցածր են գնահատվում՝ մոտ $100: Մինչդեռ Անգլիայում դրանց գինը սկսվում է 10 հազար ֆունտ ստեռլինգից: Հեղինակի հավաստմամբ, իր գործերի գնորդները կոլեկցիոներներ են, քաղաքական գործիչներ, զբոսաշրջիկներ: Ի դեպ, մասնագիտությամբ բիոֆիզիկոս Մ. Թովմասյանը նաեւ Ճարտարագիտական համալսարանի «Յախտա» ակումբի նախագահն է, առագաստային սպորտ է սովորեցնում երիտասարդներին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել