Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանությունը

Հոկտեմբեր 23,2004 00:00

Սպանությունը դարձնում են ինքնասպանությո՞ւն Այս տարվա սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանվեց գյումրեցի Գեւորգ Կարապետի Խնկոյանը: Նա ավարտել էր Գյումրիի «Ֆոտո» վարժարանը, ռազմական ինստիտուտ էր ընդունվել 2002-ի օգոստոսի 3-ին, երրորդ կուրսանտական գումարտակի կուրսանտ էր: Ըստ 3-րդ վաշտի հրամանատար, լեյտենանտ Ա. Գեւորգյանի տված բնութագրի, «ուսման մեջ ունեցել է լավ առաջադիմություն, բնավորությամբ հանգիստ էր ու կարգապահ»: Գ. Խնկոյանն արժանացել էր 22 խրախուսանքի եւ «ֆիզիկապես առողջ էր, բարոյապես կայուն»: Սպանությունը կատարվել է հրազենով, գլխին առկա էր հրազենի հետք: Քննությունը վարում է զինդատախազության քննիչ Սարգիս Սարգսյանը: «Առավոտի» տեղեկություններով, ձերբակալված են Բաբկեն Երոյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը: Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել մայրը՝ Ասանեթ Խնկոյանը: Ըստ նրա էլ, զինդատախազության աշխատակիցները որդու ակնհայտ սպանությունը փորձում են վերաորակել որպես ինքնասպանություն: Դեպքի վայրում հայտնաբերվել էր Գեւորգի երկտողը. «Ողջույն, սիրելիս, ինչպե՞ս ես: Սիրելի Հեղինե, շնորհավորում եմ քո ծննդյան օրը: Ցանկանում առողջություն, հաջողություն, սեր: Հեղինե ջան, կներես, որ ամեն ինչ այսպես է ստացվում: Տանը շատերն են ուզում, որ մենք իրար հետ չլինենք եւ ամեն կերպ սպառնում էին, բայց չստացվեց: Քեզ հետ որ լինում եմ, չեմ կարող ոչ մի բան խոսել, չգիտեմ, թե ինչից է»: Այս գրությունն էլ դարձել էր, ըստ գործի նյութերի, այն շարժառիթը, թե իբր զինվորը անձնական հողի վրա, սիրած աղջկան գրելուց հետո է որոշել կատարել ինքնասպանությունը: Զինվորի մայրը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքի օրը որդին հերթապահություն է կատարել պահակակետում, ինքնաձիգով: Նա պետք է հերթապահությունն ավարտեր գիշերվա ժ. 4.30-ին, իսկ դեպքը կատարվել է ժ. 4.40-ին: Դեռեւս ընթացող նախաքննությունը չի պատասխանել այն հարցին, թե ինչու զինվորը չի հանձնել պոստը: Ընդ որում, ավտոմատը, որով կատարվել է սպանությունը, Գ. Խնկոյանինը չի եղել: Նա նաեւ տեղեկացրեց, որ տասն օր առաջ որդին եղել է արձակուրդում եւ որեւէ դժգոհություն, մտահոգություն չի հայտնել, միայն երկու ականջների ետեւում տեսել է հետքեր ու իր հարցին, թե դրանք ի՞նչ են, պատասխանել է, որ վիճել է իր ընկերների հետ: «Որդիս պատմեց, որ ինքը եւ իր ընկերը դաժանորեն ծեծվել են մոտ 8 համածառայողների կողմից, սակայն վկաներից կեղծ ցուցմունքներ կորզելով՝ ծեծողների թիվը հասցվել է երկուսի»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Երեկ նա դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի քրգործը վերցվի զինվորական դատախազության վարույթից, քանի որ վերջինիս չի վստահում: Ա. Խնկոյանը նաեւ ասաց, որ բնակվելով Գյումրիում, ինքը հնարավորություն չունի պարբերաբար գալ Երեւան՝ զբաղվելու որդու գործով. «Չունեմ ֆինանսական միջոցներ՝ փաստաբան վարձելու համար եւ պահանջում եմ օրինական կարգով ինձ տրամադրել նման միջոցներ»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել