Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ

Հոկտեմբեր 23,2004 00:00

Ո՞վ է ֆինանսական վնաս կրել Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնահատվածում կառուցվող հսկա շինության տերը՝ «Դիսքավրի Տուր» ՍՊԸ նախագահ Արթուր Մկրտչյանը, վերջերս «Առավոտին» (7 հոկտեմբերի 2004թ.) ասել էր, որ «բնակիչները քանդել են շինարարությունը պատնեշող երկաթյա թիթեղները եւ ֆինանսական վնաս հասցրել մեզ»: Մեկնաբանում են բնակիչները: Մինչեւ 2003թ. հոկտեմբեր ամիսը՝ «Դիսքավրի Տուր» ՍՊԸ-ին վաճառված 750 քմ տարածքը մի ծաղկուն այգի էր: Բավական է նշել 50 տարեկանից մեծ հսկա թթենու ծառը, հազվագյուտ սեւ թթի, սերկեւիլի, թզի, բալի, խնձորի ծառերը, 40 տարեկան խաղողի վազերից ձեւավորված տաղավարը, վարդի, յասամանի, սպիտակ հասմիկի թփերը: Այս բոլորը՝ ի լրացում ՍՊԸ նախագահ Արթուր Մկրտչյանի նշած «չորացած բարդու ծառին»: Ի դեպ, Ա. Մկրտչյանը բոլորովին էլ անկեղծ չէ իր հարցազրույցում, նա շատ լավ էլ տեսել է եւ մրգատու այգին, եւ հասուն մրգերն էլ ծառերի վրա: Վայրագաբար ոչնչացված այդ ծառերը դարձան տասնյակ խորանարդ մետր ընտիր վառելափայտ: Ոչ պակաս արժեքավոր էր տասնյակ բեռնատարներով տարված սեւահողը (մի բեռնատար սեւահողի շուկայական գինն է մոտ $40): Այդ սեւահողը, ծառերը եւ ոռոգման ջրի անցկացումը կատարվել է մեր՝ բնակիչներիս միջոցներով: Հարց. ո՞վ է ֆինանսական վնաս կրել: Զրկվելով մրգատու այգուց, մենք միրգը գնում ենք շուկայից: Այդ նույն ժամանակ Ա. Մկրտչյանը ակնկալում է տարածքի միայն մի մասը վարձակալությամբ հանձնելով Թայլանդի հյուպատոսությանը՝ ամսական շահույթ ստանալ $7500: Հարց. ո՞վ է ֆինանսական վնաս կրում: Շինարարների անփույթ աշխատանքի հետեւանքով ջարդվեց Իսահակյան 46-ի խմելու ջրի խողովակը, որի հետեւանքով բնակիչները 20 օր ջուր չունեցան: Նոր ջրատար անցկացնելուց հետո ստիպված էին լիտրերով ավազախառն ու ժանգոտ ջուր թափել, որը հաշվարկում էր ջրաչափը: Հարց. ո՞վ է ֆինանսական վնաս կրել: Շինարարական բոլոր նորմերի խախտումներով կառուցվող շենքի պատճառով մեր սեփական բնակարանները 30-40% արժեզրկվում են: Հարց. ո՞վ է ֆինանսական վնաս կրում: Արեւի ջերմությունից եւ լույսից զրկված բնակարանները լուսավորելու եւ ձմռանը տաքացնելու համար պահանջվելու է ավելի շատ էլեկտրաէներգիա եւ գազ, քան անհրաժեշտ էր նախկինում: Հարց. ո՞վ է ֆինանսական վնաս կրում: Բաղրամյան 6 շենքի տարածքում իրական տերերի փոխարեն 750 քմ տարածք սեփականաշնորհելը, հաղթական դուրս գալ բազմաթիվ դատական վեճերից, ոչ բոլոր հասարակ մահկանացուներին է հասանելի: Այստեղ, համաձայն ենք, ֆինանսական վնասներ է կրել Ա. Մկրտչյանը: Ոչ մի երկիր իր քաղաքացիների կենսամակարդակի հաշվին, նրանց արեւից եւ լույսից զրկելով կառույց չի սարքի օտար երկրի համար: Այնպես որ, այստեղ հարցը քաղաքական չէ, այլ քրեական, դրանից կոռուպցիայի հոտ է փչում: Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել