Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչինչ՝ ճշմարտությունից բացի

Հոկտեմբեր 23,2004 00:00

Ոչինչ՝ ճշմարտությունից բացի «Շանթը» ֆինանսական խնդիրներն է պատճառաբանում «Ազատության» հետ համագործակցությունը դադարեցնելու համար, իսկ «Ա1+»-ը պատրաստակամություն է հայտնում անվճար պատրաստել «Ազատության» հեռուստածրագիրը: «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանն արձագանքել է մեր նախորդ համարում հրապարակված լուրին, որում նշել էինք, որ թեեւ ինքը մամուլում մեկնաբանելով «Ազատություն» ռ/կ-ի «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հեռուստածրագիրը դադարեցնելու պատճառները՝ պնդել էր, թե այն պատրաստվել է «Շանթի» միջոցներով, սակայն իրականում «Ազատությունը» «Շանթին» այդ հաղորդման դիմաց վճարել է 5 հազար դոլար՝ գրեթե կրկնակի ավելին, քան նման հաղորդումների համար վճարում են հեռուստաընկերություններին: Արթուր Եզեկյանն ի պատասխան նշել է. ««Շանթ»172ի եթերում «Ազատություն» ռ/կ-ի «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդաշար երբեւէ գոյություն չի ունեցել, հետեւաբար չէր էլ կարող դադարեցվել։ Հրապարակման հեղինակը, մեր համոզմամբ, շփոթել է հաղորդաշար եւ հաղորդում հասկացությունները։ Իրականում մենք պայմանագիր ենք ունեցել «Ազատություն» ռ/կ-ի հետ՝ մեկ հաղորդում (եւ ոչ հաղորդաշար) պատրաստելու եւ հեռարձակելու վերաբերյալ, ինչը եւ կատարվել է։ Մամուլում հրապարակված իմ մեկնաբանությունների մեջ չի խոսվել այն մասին, թե «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը անվճար է պատրաստվել։ Չի ասվել, եւ մամուլում էլ նման բան չի հրապարակվել։ Այո, «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդման պատրաստման եւ հեռարձակման համար պայմանագիր ենք ունեցել «Ազատություն» ռ/կ-ի հետ, եւ մեզանից յուրաքանչյուրը կատարել է իր պայմանագրային (այդ թվում ֆինանսական) պարտականությունները։ Ձեր հիշատակած «անվճարը» վերաբերում էր ոչ թե «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդմանը, այլ «Ազատություն» ռ/կ-ի մյուս առաջարկին։ «Ազատությունն» առաջարկել է «Շանթ»172ի տաղավարում, «Շանթ»172ի տեխնիկայով ու նյութերով պատրաստել եւ «Շանթ»172ի եթերում հեռարձակել շաբաթական ամփոփիչ վերլուծական ծրագիր։ Առաջարկը մեզ համար անընդունելի է եղել մի շարք պատճառներով, որոնց մասին նշել եմ մամուլում հրապարակված իմ մեկնաբանություններում։ Պատճառներից մեկն էլ, այո, եղել է ֆինանսականը»: Նշենք, որ «Շանթի» հետ երկարատեւ համագործակցության ծրագրերի մասին եթերից ազդարարել էր «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը: Արթուր Եզեկյանի մեկ այլ պնդման առնչությամբ, թե ինքը չի ասել, որ «Ազատության» «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը պատրաստել է անվճար՝ մեջբերում ենք «ՀԱ»-ում հոկտեմբերի 21-ին հրապարակված նրա հարցազրույցից. «Այդ հաղորդման պատրաստումն էլ սկզբունքորեն հեռուստաընկերության վրա էր, եւ միայն վարողն ու պրոդյուսերն էին «Ազատությունից»: Ի դեպ, քանի որ ինչպես «Շանթի», այնպես էլ այլ հեռուստաալիքների ղեկավարներ «Ազատություն» ռ/կ-ի հեռուստահաղորդումների հեռարձակման դադարեցումը պատճառաբանում են զուտ տեխնիկական ու կազմակերպական խնդիրներով՝ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ: Նա առաջարկում է «Ազատություն» ռ/կ-ին իր հաղորդումները պատրաստել «Ա1+»-ի «հարկադիր պարապուրդի» մատնված ստուդիայում՝ տրամադրելով նաեւ հեռուստաընկերության թվային տեխնիկան, մասնագիտական կադրերը՝ ռեժիսոր, մոնտաժող, հնչյունային օպերատոր եւ այլն: Ըստ www.a1plus.am-ի՝ Մեսրոպ Մովսեսյանը նշել է. «Եթե խնդիրը միայն հաղորդում պատրաստելն է, ապա «Ա1+»-ը հաճույքով կպատրաստի «Ազատության» հեռուստահաղորդումներն, ի դեպ՝ անվճար»: Հետաքրքիր է՝ սրանից հետո էլ ի՞նչ պատրվակներ են մոգոնելու մեր խիստ անկախ ու սաստիկ պատասխանատու հեռուստաընկերությունները «Ազատությանը» եթեր չտրամադրելու համար: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել