Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՄ

Հոկտեմբեր 23,2004 00:00

«ԿԱՄ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ԷԼ ԻՐԵՆ ՉՀԱՍԿԱՑՈՂԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ» Տիգրան Թորոսյանի մասին այս կարծիքին է Ալեքսանդր Արզումանյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում բազմիցս նշվում է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, եւ այդ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն է ստեղծվել: Առաջին անգամ 1993թ. ապրիլի 30-ի բանաձեւում նշվում է. «Անվտանգության խորհուրդը մտահոգությամբ նշում է ռազմական գործողությունների ծավալումը, մասնավորապես՝ տեղական հայկական ուժերի վերջին ներխուժումը Ադրբեջանի Քելբաջարի շրջան, պահանջում է բոլոր ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի անհապաղ դադարեցում՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, ինչպես նաեւ շրջանը գրաված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի Քելբաջարի շրջանից»: Այսօր միջազգային փաստաթղթերում գործածվող «գրավյալ տարածքներ» բառակապակցությունը շահարկվում է Հայաստանի քաղաքական հակադիր ճամբարների կողմից: Իշխանություն ներկայացնող ուժերը անմիջապես վկայակոչում են 93-94թթ. միջազգային փաստաթղթերը եւ արդարանում, թե այդ արտահայտությունը հրապարակ է նետված վաղուց, եւ այսօրվա արտաքին քաղաքականությունն այդ մասով մեղք չունի: Մինչդեռ նախկին իշխանավորներն էլ իրենց տրամաբանական մեկնաբանությունն ունեն: Մասնավորապես, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս է հայտարարել, որ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հայտարարություններն առ այն, որ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը կար դեռեւս 1993-ից, խեղաթյուրում են միջազգային փաստաթղթերով վավերացված իրողությունները: Երեկ մեզ հետ զրույցում պարոն Արզումանյանը ասաց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը շահարկվում են քաղաքական ինչ-ինչ նպատակներով. «Դա ստիպեց ինձ հանդես գալ ծավալուն տեքստաբանական վերլուծությամբ, որպեսզի բացատրեմ եւ պարզ լինի, թե ինչի մասին է խոսվում այդ փաստաթղթերում: Ցավոք` չհասկացան: Երկու բացատրություն կա. կամ պարզապես չեն հասկանում, որն ինքնին վատ է, եթե քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաները չեն հասկանում ինչի մասին է խոսքը: Կամ՝ միտումնավոր չհասկացող են ձեւանում՝ իրենց քաղաքական տկարությունը թաքցնելու համար: Երկու դեպքում էլ վտանգավոր է: Այսօր խոսք է գնում այն մասին, որ խեղվել է ամբողջ բանակցային գործընթացը, եւ Հայաստանի Հանրապետությունը որակվում է որպես ագրեսոր պետություն: Չկարողանալով բանակցային գործընթացում ապացուցել հայկական տեսակետները, վերադառնալ նախկին բանակցային ֆորմատներին՝ մարդիկ ինչ-ինչ բաներ են փորձում «գտնել» բանաձեւերում, որոնք չէր խանգարի, որ նորից, ավելի ուշադիր կարդային. դրանք վեց լեզուներով տեղադրված են ՄԱԿ-ի ինտերնետային կայքում: Եվ պետք է փորձեն այդ բանաձեւերը օգտագործել ի շահ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման եւ ոչ թե ներքաղաքական խաղերի համար: Ի վերջո, բոլոր դրանք եկող-գնացողներ են, ոչ մի իշխանություն հավերժ չէ: Մենք խոսում ենք երեք հազար տարի այդ տարածաշրջանում ապրած հայերի ճակատագրի մասին եւ այն մասին, որ այս սերնդին բախտ է վիճակվել պաշտպան լինել, սատարել ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Ուրեմն պետք է մտածենք, որ վաղը մենք չենք լինի քաղաքական գործիչներ, ուրիշներն են գալու մեզ փոխարինելու, բայց մենք պետք է նրանց ժառանգություն թողնենք այն ձեւակերպումները, որոնք բարենպաստ կլինեն հայկական կողմերի համար»: Ալեքսանդր Արզումանյանը մեջբերելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձեւերը՝ ասաց, որ դրանցում խոսվում է այն մասին, որ ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ կա. «Այդ տեսանկյունից ես էլ եմ համարում օկուպացված, որովհետեւ, եթե օկուպացրել է Ղարաբաղը, պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հետո ասել՝ դու ագրեսոր պետություն ես, սանկցիաներ կիրառել: Ես դրան կողմնակից եմ: Ճանաչեք անկախությունը, հետո մենք էլ սանկցիա կկիրառենք: Տարբերությունը դրանում է, բայց Տիգրան Թորոսյանը սա չի հասկանում: Ու այսօր ինքը դա շահարկում է: Հստակ բացատրվել է իրեն: Անցել են ամիսներ, Թերի Դեւիսի զեկույցի հետ կապված ինքը խնդիրներ ունի, չի կարողացել հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ապահովել, հիմա իրեն արդարացնելու համար նորից անդրադառնում է ՄԱԿ-ի բանաձեւերին»: ԱԳ նախկին նախարարն այն կարծիքին է, որ Ղարաբաղի հարցն այսօր բարձիթողի վիճակում է եւ այդ պատճառով է նաեւ, որ իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ բացատրություններ են փորձում գտնել՝ իրենց տկարությունը կամ անգործությունն արդարացնելու համար: Ալեքսանդր Արզումանյանի փոխանցմամբ՝ եթե Ղարաբաղի Հանրապետությանն այսօր չի բավարարում առաջարկների այն փաթեթը, որ տրվում է տարածքների դիմաց, ապա ակնհայտորեն Ղարաբաղը պետք է դեմ լինի եւ ավելին պահանջի. «Ու եթե հակասություն կա Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, ուրեմն դրանում է կայանում: Այսօր ՀՀ-ն ուրեմն ընդունում է ինչ-որ պայմաններ, որոնք անընդունելի են Ղարաբաղի ղեկավարության կողմից: Մեր մոտեցումը միշտ էլ եղել է այն, որ որեւէ պայմանագիր հնարավոր է ստորագրել միայն եւ միայն այն դեպքում, երբ դա կստորագրվի Ղարաբաղի կողմից: Այսօր, սակայն, Ղարաբաղը դուրս է մնացել գործընթացից, եւ դա է ստիպում Ղարաբաղին կասկածամտությամբ վերաբերվել բոլոր խոսակցություններին: Ղարաբաղցիները չգիտեն, թե ինչի մասին են քննարկումները, կցկտուր տեղեկություններ են լսում, եւ ես դրանով կբացատրեի Ղարաբաղից հնչող որոշ հայտարարություններ: Մեր ժամանակ Ղարաբաղը կոնֆլիկտի լիակատար մաս էր եւ տեղյակ էր բոլոր հանգամանքներին: Հիմա դուրս է մնացել, ֆորմատը ձեւափոխվել է, Քոչարյանը հանդիպել է Ալիեւ-հոր հետ 20-30 անգամ. ինչ էին քննարկում՝ միայն իրենք գիտեն, իսկ ինչ էր հետո ասվում Ղարաբաղին՝ դա էլ միայն իրենք գիտեն: Այդ գործընթացն այսօր էլ է շարունակվում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել