Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱՆ

Հոկտեմբեր 23,2004 00:00

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ «Իսկ եթե Թուրքիայինն էլ աշխատեր, հրաշալի կլիներ»,- Թբիլիսիում ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «2000 տարի է՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան տարածքային վիճելի հարցեր»,- հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Մինչ այդ երկու նախագահների միջեւ տեղի էր ունեցել առանձնազրույց, որից հետո՝ հայ-վրացական բանակցություններ ընդլայնված կազմով: Սահակաշվիլու նախագահության օրոք սա նախագահ Քոչարյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան: Ռ. Քոչարյանին երկու պետությունների սահմանին դիմավորելիս Մ. Սահակաշվիլին, իր խոստովանությամբ, եւս մեկ անգամ պարզել է, թե ինչքան է Հայաստանը մոտ Վրաստանին: ՀՀ նախագահը, փաստորեն, անցավ այն ճանապարհը, որն, ըստ Սահակաշվիլու, օրական «տասնյակ հազարավոր հայեր եւ վրացիներ են անցնում»: Ճանապարհի Սադախլո-Մառնեուլի հատվածը տասնամյակներ քանդված լինելուց հետո կառուցվել եւ շահագործման է հանձնվել այս տարվա սեպտեմբերին: Այդ հատվածը ՀՀ նախագահը չանցավ, քանի որ նրա կոլեգան իր հյուրին մայրաքաղաք Թբիլիսի էր հասցրել ուղղաթիռով: Իբրեւ երկու երկրների՝ իրար մշտապես օգնելու օրինակ՝ Սահակաշվիլին նշեց մի քանի օր առաջ դիվերսիայի հետեւանքով Վրաստանի էներգամատակարարման հիմնական գծերի խափանմանը հետեւած արձագանքը. «Հայաստանն անմիջապես արձագանքեց Վրաստանի խնդրանքին եւ էլեկտրաէներգիա մատակարարեց»: Վրաստանի նախագահը հայտնեց, որ ցանկություն կա պարզեցնելու երկու երկրների միջեւ մաքսային եւ սահմանային պրոցեդուրաները: «Հանդիպումների արդյունքում կամ կտրվեն հարցերի պատասխանները, կամ պարզ կդառնա, թե որոնք կլինեն մեր հետագա քայլերը»,- ասաց Ռ. Քոչարյանը եւ ավելացրեց. «Վրաստանի ճանապարհներին կարգուկանոնն ավելացել է: Մեր մաքսայինների գլուխն ավելի քիչ է ցավում մաքսանենգ հոսքի պատճառով: Մենք զգում ենք, որ Վրաստանի գործադիր իշխանությունը հստակ վերահսկում է իրավիճակը: Եվ դա մեզ ձեռնտու է»: Պատասխանելով Ղարս-Գյումրի երկաթգծի մասին հարցին՝ Սահակաշվիլին ասաց. «Մենք կողմ ենք հնարավորինս շատ ճանապարհների, մաքսային կետերի բացմանը: Մենք չենք ողջունում ոչ մի սահմանափակում: Իհարկե, կան տարածաշրջանային բարդ պրոբլեմներ, բայց վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը շատ կոնստրուկտիվ է տրամադրված, ինչը ես եզրակացրել եմ Էրդողանի հետ յուրաքանչյուր հանդիպումից: Կոնկրետ հարեւանների հասցեին ագրեսիվ արտահայտություններ ես չեմ լսել: Կարծում եմ՝ տարածաշրջանային ինտեգրացիայի պրոցեսն անխուսափելի է: Վրաստանը պատրաստ է իր դրական դերակատարումն ունենալ այդ հարցում»: Հարավային Կովկասում երկաթգծի շահագործման հարցը քննարկվել է, սակայն նախագահ Քոչարյանի բնորոշմամբ՝ ծրագիրը դեռ հում է: Քոչարյանը Վերին Լարսի սահմանակետի բացումը հաճելի զուգադիպություն համարեց: Իսկ փակումը, ըստ Սահակաշվիլու՝ «պայմանավորված է Հյուսիսային Օսիայում առկա լարվածությամբ»: Այս մասին խոսելիս Վրաստանի նախագահը հանկարծ անցավ վրացերենի եւ երկար խոսեց իր հյուրերին անհասկանալի եւ ոչ արարողակարգային լեզվով: Նրա օգնականը արագ կողմնորոշվեց եւ թարգմանեց ՀՀ նախագահի համար: ՀՀ նախագահը հարկ համարեց ավելացնել. «Ճանապարհը երկու ուղղությամբ է գործում. այն փակելիս տուժում են երկու կողմերն էլ: Վրաստան-Ռուսաստան, Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը պակասել է: Տուժում են բոլորը: Բայց ես հակված չեմ իրավիճակը դրամատիկացնել»: Մ. Սահակաշվիլին խոստովանեց, որ պարտք ունի Ջավախքի հայերի առաջ, որոնք իրեն, իր իսկ խոստովանությամբ, շատ են աջակցել: Վրաստանի առաջին տիկինը 7-8 անգամ եղել է Ջավախքում, բայց ինքը՝ ոչ, քանի որ «չի սիրում դատարկ ձեռքերով գնալ»: «Լիքը ձեռքը» ենթադրում է Ախալքալաքի ճանապարհի կառուցում, որի մի կեսի համար ՀԲ-ից բավարար քանակով գումար է ստացվել, եւ եկող տարի շինարարությունը կսկսվի: Մյուս կեսի համար էլ կոնկրետ խոստումներ ունեն: «Առաջիկա 2 տարում ճանապարհը պետք է կառուցված լինի, որ բնակչությունը բոլոր շուկաներ ելք ունենա, ինտեգրվի երկրի էկոնոմիկա: Ճանապարհը բանալի է եւ իմ նախագահության գերակայությունը»,- ասաց Վրաստանի նախագահը եւ գովեց ջավախահայերի հնարամտությունն եւ աշխատասիրությունը: Երեկոյան ՀՀ նախագահը հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս, Պատրիարք Իլիա Բ-ի հետ: Նախատեսվում էր այցելություն Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթա: Իսկ ուշ երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու անունից նախատեսված է պաշտոնական ճաշկերույթ: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել