Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը կոնկրետ անուններ չտվեց

Հոկտեմբեր 23,2004 00:00

Բայց տեսականորեն պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ

«Հ1»-ին տրված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց. «Որեւէ լրագրողական գործչի հանդեպ կատարված հանցագործություններից ոչ մեկը անպատիժ չի մնացել»։ Պրն Հովսեփյանը մեկ առ մեկ թվարկեց ապրիլի 5-ից մինչեւ վերջերս լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները եւ ասաց, որ բոլոր մեղավորները պատժված են։ Սակայն որոշեց նաեւ լրագրողներին «կարգի հրավիրել»՝ մասնավորապես նշելով. «Լրագրողները նույնպես պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում։ Լրագրողի այս կամ այն վարքագիծ ուղղակի դրդապատճառ է դառնում այս կամ այն գործողությունների։ Իհարկե, կարելի է նկարահանել ե՛ւ ամառանոց, ե՛ւ բնակարան, ե՛ւ շինություն, բայց մուտք գործել բնակարան՝ առանց սեփականատիրոջ իմացության, չի կարելի»,- երեկ ասաց Աղվան Հովսեփյանը։ Որքան էլ լարենք մեր միտքը, չենք կարող հիշել որեւէ դեպք, երբ լրագրողը «մուտք է գործել» որեւէ սեփականատիրոջ բնակարան։

Հարցազրույցի ընթացքում գլխավոր դատախազը անդրադարձավ նաեւ կոռուպցիայի թեմային՝ նշելով, որ «կոռուպցիայի դրսեւորումներից մեկն էլ այն է, երբ առանձին պաշտոնատար անձինք փորձում են հովանավորել այս կամ այն հանցագործություն կատարած անձին։ Հանցագործության հովանավորչությունը նույնպես կոռուպցիայի դրսեւորումներից մեկն է։ Այդ առումով օգտագործելով դատախազական համակարգի սկզբունքները՝ մենք դատախազներին ամեն կերպ զերծ ենք պահում տեղային ազդեցություններից»։ Ափսոս, որ Աղվան Հովսեփյանը միայն տեսական պատասխաններ էր տալիս հարցերին եւ չէր նշում որեւէ կոնկրետ պաշտոնյայի անուն, որը ինչ-որ ձեւով զբաղված է հանցագործություն կատարած անձանց հովանավորչությամբ։

Աղվան Հովսեփյանը շեշտում էր, որ դատախազության աշխատակիցը չի կարող այս կամ այն կուսակցության անդամ լինել։ Եվ որպես ապացույց ասվածի հիշեց հետեւյալը. «Խորհրդարանի համապատասխան խմբակցության ղեկավարը ուղղակի միջնորդություն էր ներկայացրել ոմն անձի դիմումի հետ միասին, որ վերջինս իրենց կուսակցության անդամն է, խնդրելով նրան աշխատանքի ընդունել։ Ես այդ դիմումի վրա անմիջապես մակագրել եմ, որ որեւէ կուսակցության պատկանող անձ չի կարող ընդգրկվել դատախազության համակարգ»։

Վերջում նկատենք, որ հանրապետության գլխավոր դատախազը շատ լավ տեղյակ էր, թե ինչ է իրենից ներկայացնում կոռուպցիան, հրապարակելով դասագրքային ճշմարտությունը, այն է. «Կոռուպցիան պետական պաշտոնյաների կողմից ի պաշտոնե ծառայողական դիրքը չարաշահելու միջոցով կատարված բոլոր հանցագործությունների համակցությունն է»,- եզրակացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տարվի իշխանական բոլոր ճյուղերի կողմից, համակարգված։ Իսկ դատախազության մարմինների, քննչական ապարատի դերը կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ Աղվան Հովսեփյանի՝ «վերաբերում է քրեաիրավական ոլորտին, երբ այս կամ այն պաշտոնատար անձը կատարում է կոնկրետ հանցագործություն, որոնք մենք վերագրում ենք կոռուպցիայի դեպքերին»։ Հասկանալի է, որ այս դեպքում եւս Աղվան Հովսեփյանը ոչ մի կոնկրետ անուն չնշեց։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել