Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ ՉԵԶՈՔ ԳՈՐԾԻՔ Է

Հոկտեմբեր 23,2004 00:00

Այն
կարելի է տարբեր նպատակներով օգտագործել: Սակայն այդ տեսակետի հետ Հայաստանում շատերը
համաձայն չեն: «Ես կուզեի լինել Երեւանում՝ 200 տարի առաջ, մոմագործների միության
առաջ նստած, եւ զրուցեի մոմագործների հետ, որոնք հենց նոր իմացան էլեկտրական լամպի
հայտնագործման մասին: Այն ժամանակ դա շատ վատ գաղափար էր համարվում: Մի փոքր ազգ
Եվրոպայի ծայրում, լեռների մեջ, մենք՝ շոտլանդացիներս ենք, մեկ այլ փոքր ազգ Եվրոպայի
ծայրում, լեռների մեջ, դուք եք: Եվ մենք նման ենք իրար, քանզի ունենք փոքր ազգի սինդրոմ,
մեծ հարեւաններ, եւ դրանից առաջացող խառը, հակասական զգացողություններ»,- այսպիսի
համեմատություններով համեմեց իր ելույթը երեկ «Գլոբալիզացիայի դարաշրջանն ու հայկական
մեդիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ Մեծ Բրիտանիայի պառլամենտի Ստորին պալատի ներկայացուցիչ
Անգուս Ռոբերթսոնը: Նրա հետ Հայաստան ժամանած մյուս շոտլանդացին, Մեծ Բրիտանիայի
Լորդերի պալատի անդամ, լորդ Ջեյմս Գորդոնը կարծում էր, որ գլոբալիզացիան խոշոր հաշվով
չեզոք երեւույթ է, որը սակայն կարող է օգտագործվել եւ ի չարս, եւ հօգուտ. «Եթե գլոբալիզացիայի
շնորհիվ հնարավոր է հասնել աղքատության կրճատմանը, ապա գլոբալիզացիան ողջունելի երեւույթ
է, բայց կարծում եմ ոչ մեկը չի համաձայնի, եթե մեր ազգային ինքնությունը նվազեցվի»:
Ի տարբերություն Շոտլանդիայից ժամանած հյուրերի, որոնք միակարծիք էին այն
հարցում, որ հարկավոր է որպես փաստ ընդունել գլոբալիզացիան, փորձելով հնարավորինս
օգուտներ քաղել այդ անդառնալի գործընթացից, կլոր սեղանի հայ ներկայացուցիչները խիստ
տարակարծիք էին: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, օրինակ, գտնում
էր, որ «գլոբալիզացիայի դեմ պայքարելը մոտավորապես նույնն է, ինչ լուդիտների շարժումը,
երբ 18-19 դարերի սահմանագծին Անգլիայում մարդիկ կոտրում էին հաստոցները, որպեսզի
շարունակեն արտադրանք տալ ձեռքի աշխատանքի միջոցով»: Սակայն «հաստոցներն ավելի էժան
արտադրանք են տալիս, հետեւաբար, դրանց մուտքն անկասելի էր: Ճիշտ այդպես, եթե «Մաքդոնալդսը»
ավելի հեշտ լինի արտադրել եւ այն ավելի էժան լինի, քան խորովածն ու քյաբաբը, ապա
Պռոշյան փողոցում խորովածանոցների փոխարեն վեր կխոյանա «Մաքդոնալդսների» շարք: Արդյո՞ք
դա բերում է ազգային ինքնության թուլացման: Այո, եթե մարդը «Մաքդոնալդսից» բացի էլ
ոչ մի բանի մասին ընդունակ չէ մտածել: Բայց եթե նա մտածում է միայն խորովածի եւ քյաբաբի
մասին, ապա նման «ազգային ինքնության» պահպանումը նույնպես առանձնապես ոչինչ չի տալիս:
Խոսքը, հետեւաբար, գլոբալիզացիայի պայմաններում մտածողության մակարդակի մասին է,
ոչ թե գլոբալիզացիայի դեմն առնելու անիմաստ փորձերի մասին: Մեզ համար գլոբալացման
մարտահրավերը երկու ծայրահեղություններից խուսափելն է. մի կողմից չմտածել, որ Հայաստանը
տիեզերքի կենտրոնն է եւ դրանից հետեւություն չանել, որ պետք չէ քթից այն կողմ տեսնել,
մյուս կողմից՝ չմտածել, որ գոյություն ունեն «տիեզերքի այլ կենտրոններ», որոնց նմանվելը
մեր փրկությունը կլինի: Երկուսն էլ հավասարապես պատրանքներ են»: «Առավոտի» խմբագիրն
այս համատեքստում անդրադարձավ նաեւ հայաստանյան լրատվամիջոցներին. «Հայաստանյան հեռուստաընկերություններից
մեկն աշխատում է ամերիկյան կապիտալի մասնակցությամբ, ամենահագեցվածն է տեխնիկապես,
ցուցադրում է արտասահմանյան արտադրության բոլորից շատ տեսանյութեր: Բայց այդ հեռուստաընկերության
արտադրանքն անձնապես ինձ վրա առավել գավառական տպավորություն է թողնում: Շարունակելով
բերված համեմատությունը՝ խորովածը հաջողությամբ փոխարինվել է «Մաքդոնալդսով», մտածողության
մակարդակը, սակայն, մնացել է նույնը: Կա մի այլ հեռուստաընկերություն, որը ամեն երեկո
մոտ 3 ժամ ցույց է տալիս ինքնագործ կատարողների երգն ու ասմունքը, իսկ վերջում այդ
հեռուստաընկերության սեփականատերն ինքն է պարում շոուի մասնակիցների հետ: Այդ հաղորդումը
շռնդալից հաջողություն ունի հեռուստադիտողների շրջանում, որոնք նույնիսկ ցանկանում
են կյանքի օրոք արձան կառուցել այդ սեփականատիրոջը: Այդպիսի զվարճալի բնույթի հաղորդումներ
կան բոլոր, այդ թվում շատ զարգացած երկրների հեռուստաեթերում եւ նույն անվերապահ
հաջողությունն են վայելում: Վերջերս մեծ հաջողությամբ շուկա մտավ մի նոր շաբաթաթերթ,
որն իր տպաքանակով 10 անգամ գերազանցում է հայաստանյան օրաթերթերին: Շաբաթաթերթի
հաջողությունը նրանում է, որ, բացի հեռուստածրագրից, տպագրում է նաեւ «Կլոն» բրազիլական
սերիալի գալիք սերիաների բովանդակությունը, ինչպես նաեւ այդ սերիալի հերոսների մասին
պատմություններ: «Կլոնով» ապրում է Հայաստանի բնակչության մեծ մասը: Դա նույնպես
գլոբալիզացիայի դրսեւորումներից է, եւ, ի դեպ, հերքում է այն թեզը, որ գլոբալացումը
զուտ ամերիկյան մշակույթի ազգեցությունն է»: Իսկ ահա մեր երկու գործընկերները՝
«TVմոլ»-ից եւ «ՀՀ»-ից, թեեւ նշեցին, որ հակագլոբալիստ եւ պահպանողական չեն, սակայն
որոշ չափով ընդդիմացան ինտեգրացիոն գաղափարներին: Նրանցից մեկը գտնում էր, որ հայերի
համար արվամոլությունը մեղք է, աղանդները գրանցելը՝ անթույլատրելի, եւ մահապատիժը
վերացնելը սխալ է, քանի որ «կան մարդիկ, ովքեր ապրելու իրավունք չունեն», իսկ մյուսը
կարծում էր, որ գլոբալիզացիայի հեղինակները հուդամասոնական օթյակների անդամներն են:
Այս տեսակետներին, որ, հավանաբար, հայ հասարակության մեջ գերիշխող են, հակադրվեցին
լրագրող Հայկ Ա. Մարտիրոսյանը եւ ՌԱՀՀԿ փորձագետ Ստեփան Սաֆարյանը: «Չի լինում բացարձակ
սեւ եւ բացարձակ սպիտակ: Գլոբալիզացիան էլ կարող է ունենալ դրական կողմեր: Խնդրեմ,
գնացեք Շոտլանդիա, եւ կտեսնեք, որ այդ ազգը խստորեն պահպանում է իր դեմքը եւ ազգային
ինքնությունը, միեւնույն ժամանակ օգտվում է գլոբալիզացիայի դրական կողմերից»,- նկատեց
Հ. Ա. Մարտիրոսյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել