Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆՆԱԽԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆԵԼ

Հոկտեմբեր 23,2004 00:00

Եվ Մարտունիի քաղաքապետարանում ոչ մի խախտում չի արձանագրել

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետները Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանի 1998-2002 թթ. ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու ժամանակ մի շարք օրինախախտումներ են հայտնաբերել: Ստուգման արդյունքներով կազմվել է 35 էջանոց ակտ: Արձանագրված օրինախախտումների հիման վրա մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն գործի քննության ավարտին «հանցակազմի եւ քաղաքապետարանի աշխատակիցների գործողություններում քրեորեն պատժելի արարքի բացակայության» պատճառաբանությամբ՝ գործը կարճել է: Ֆիննախի վերստուգիչները ստուգման ակտում արձանագրել են, օրինակ, որ Մարտունի քաղաքի սեփականություն հանդիսացող մի քանի հանդամասերից քաղաքապետարանի ավագանու որոշմամբ ապամոնտաժվել է ոռոգման խողովակաշար՝ քաղաքի ոռոգման ցանցի եւ կոյուղագծերի կառուցման համար: Սակայն դրանից միայն մի մասն է փաստաթղթերով օրինական ձեւակերպում ստացել: Իսկ 1500 գծամետր խողովակաշարի վերաբերյալ քաղաքապետարանը ստուգողներին փաստաթուղթ չի ներկայացրել, ենթադրաբար՝ կազմած չլինելու պատճառով: Փոխարենը, 1500 գծամետր «լեւի» խողովակաշարի արդյունավետ օգտագործված լինելը կետ առ կետ իր նախաքննությունում հիմնավորել է դատախազությունը, ապա եզրահանգել, որ «ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելիս յուրացում-վատնումներ, չարաշահումներ կամ քրեորեն հետապնդելի արարքներ» քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից չեն հայտնաբերվել:

Ֆինանսատնտեսական գործունեության ստուգման ընթացքում ուսումնասիրվել է նաեւ քաղաքապետարանում բյուջեի պլանավորման եւ կատարման, քաղաքապետարանի շենքի տարածքը վարձակալությամբ տալու, «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի եւ սանմաքրման աշխատանքների կատարման համար ֆինանսների ծախսման օրինականությունը: Նշված բնագավառներում ստուգման ակտում մատնանշվել են բազմաթիվ խախտումներ եւ բացթողումներ: Սակայն դատախազությունը վերը թվարկած բնագավառներում եւս «յուրացում-վատնումներ, չարաշահումներ կամ քրեորեն այլ հետապնդելի արարքներ» չի հայտնաբերել: Սա այն դեպքում, երբ վերստուգիչները պարզել են, որ քաղաքապետարանի շենքի տարածքից մի հատված հանձնված է վարձակալության, սակայն վարձատուի եւ վարձակալի միջեւ պայմանագիր չի կնքվել, եւ գործարքը համապատասխան ձեւակերպում չի ստացել:

Համաձայն ստուգման ակտում արձանագրված փաստի, Մարտունի քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 1 մանկապարտեզում բնակվում է 34 ընտանիք, որոնց ամսական վճարելիք վարձերը 1998-2002 թթ. համար «քաղաքապետարանի բյուջեում որպես եկամուտ չի նախատեսվել: Քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել գումարները գանձելու»,- նշվում է ակտում: Հետաքրքիր է, որ այս եւ տեղական տուրքերի, վարձակալական հողերի վարձավճարների գանձման, մուտքագրման եւ հաշվառման բազմաթիվ խախտումներին էլ դատախազությունն ըմբռնումով է մոտեցել. «Վարձավճարների թերհավաքագրումը պայմանավորված է համայնքի բնակիչների սոցիալական ծանր վիճակով»:

Եզրակացություն. եթե դատախազությունը ճիշտ է, ստացվում է, որ վերստուգողները ժամանակ առ ժամանակ անտեղի անհանգստություն են պատճառում այս կամ այն հիմնարկին (տվյալ դեպքում՝ քաղաքապետարանին): Եվ հակառակը, եթե վերստուգողներն են ճիշտ, ուրեմն դատախազները նրանց աշխատանքի արդյունքը «ջուրն են գցում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել