Բեռնափոխադրումներով զբաղվող հայկական ընկերությունների տվյալներով, այսօրվանից աշխատելու է Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավային ճանապարհը:
Համենայնդեպս, օր օրի սպասում են, որ այն կբացվի, որովհետեւ նրանք հիմա անելանելի վիճակում են. միակ՝ Իլյիչեւսկ-Փոթի ծովային ճանապարհը թանկ է, այնտեղ լրացուցիչ խնդիրներ են ծագել (չհաշված, որ այս սեզոնի համար նաեւ վտանգավոր է ծովում սպասվող փոթորիկների պատճառով), իսկ Իրանով եւ Կասպից ծովով դեպի Ռուսաստան ճանապարհն առայժմ երազանքների բնագավառում է: Մինչդեռ Վերին Լարսի սահմանակետով անցնող ամենաէժան ու հարմար ավտոճանապարհը, ըստ որոշ տեղեկությունների, միայն երեկ է բացվել: Չնայած բեռնափոխադրողներից տեղեկացանք, որ էլ նախկին կուտակումները չկան այնտեղ: Պատճառներից մեկն այն է, որ արդեն ձմեռ է մոտենում, այդ ճանապարհն ինքնըստինքյան փակվելու էր եւ դրա մասին տնտեսվարողները գիտեին:
Այնուամենայնիվ, որոշ բեռնափոխադրողների տվյալներով, Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավային ճանապարհը չի գործելու նախկին գներով. թանկանալու է: Արդեն ստացվել են նոր սակագները, որոնք մոտ 20 տոկոսով թանկ են նախկինից: Բեռնափոխադրողները սա մասամբ կապում են միջազգային շուկայում նավթի գների բարձրացման հետ:
Ուկրաինացիներն իրենց հերթին են բեռնափոխադրողների համար Իլյիչեւսկի նավահանգստում խնդիրներ առաջացնում: Այդ թվում՝ վրացական եւ ադրբեջանական ընկերությունների համար: Քանի որ Իլյիչեւսկ-Փոթին հիմա միակ ձեռնտու տարբերակն է, եւ այնտեղից օգտվում են թե հայկական, թե վրացական ու ադրբեջանական բեռնափոխադրողները, ուստի վագոնների կուտակումներ է առաջանում: Առիթից օգտվելով, բեռնափոխադրողների վկայությամբ ուկրաինական կողմը նոր՝ «պարապուրդի» գաղափար է մտցրել, համաձայն որի, որոշակի ժամանակ նավահանգստում մնալուց հետո բեռների նկատմամբ նոր, հատուկ՝ «պարապուրդի» վճարներ է գանձում (անկախ՝ որ երկրի բեռնափոխադրող է): Չնայած Իլյիչեւսկը Նովոռոսիյսկի համեմատ առանց այն էլ թանկ ճանապարհ էր: Ի դեպ, գործարարներն այս «պարապուրդի» գաղափարի կիրառումը որակում են որպես «ուկրաինական ճանապարհային ղեկավարության ինքնակամ որոշում»:
Ինչ վերաբերում է Կասպից ծովով, Իրանով անցնող Ռուսաստան տանող ճանապարհին, ապա, բեռնափոխադրողների վերլուծությամբ, եթե դա ստացվի գործարկել, իհարկե, այլընտրանք կլինի, սակայն չի կարող լիովին փոխարինել Վերին Լարսի սահմանակետով անցնող ավտոճանապարհին: Խնդիրն այն է, որ բացի թանկ ու ժամանակատար լինելուց, նաեւ կա որոշակի ապրանքների ցանկ, որ, գործարարների տեղեկություններով, Իրանը թույլ չի տալիս իր երկրով անցկացնել. ասենք, ալկոհոլային խմիչքներ, որը փոքր մաս չի կազմում Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալում:
Ամեն դեպքում, գործարարների համոզմամբ, երկրի տնտեսությունը չի կարող կախված լինել միայն մեկ, «կյանքի ճանապարհի» վերածված տրանսպորտային ուղուց, եւ Իրանով անցնելիք ճանապարհն արդեն անհրաժեշտություն է:
Իսկ այս օրերին մեր երկրի տրանսպորտային ընկերությունների ղեկավարների ու մասնագետների մի մասը բացակայում են հանրապետությունից: Նրանք ուղեկցում են նախագահին՝ Վրաստան կատարած այցի ընթացքում, քանի որ Սահակաշվիլի-Քոչարյան բանակցությունների առանցքում ճանապարհային խնդիրներ են:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ