Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեսլականից պատուհաս

Հոկտեմբեր 23,2004 00:00

Տեսլականից
պատուհաս Ռոբերտ Քոչարյանի համար չափազանց դժվար է պաշտոնական
այց կատարել Վրաստան: Պատճառն ակնհայտ է. այդ այցերի ժամանակ, առնվազն արարողակարգային
միջոցառումների շրջանակներում, ստիպված պետք է որոշ փոքրիկ «դավաճանություններ» թույլ
տա Մոսկվայի հանդեպ: Իսկ նման բաները, ինչպես հայտնի է, խիստ ազդում են մեր ավագ
«գործընկերոջ» նյարդերի վրա: Օրինակ՝ ներկայումս ընթացող այցի ծրագրի պարտադրանքով
Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է դրել «Վրաստանի տարածքային ամբողջականության համար
զոհված հերոսների» հուշահամալիրին: Հայտնի է, որ այդ հերոսների մեծ մասը զոհվել է
Աբխազիայում, որտեղ վերջիններս պայքար էին մղում աբխազ անջատողականների կամ որ նույնն
է՝ հենց Ռուսաստանի դեմ: Ստացվում է, որ ՀՀ ղեկավարը հարգել է իր դաշնակից Ռուսաստանի
դեմ մարտնչածների հիշատակը, ինչով անուղղակիորեն ճանաչել է Թբիլիսիի գերիշխանությունը
Աբխազիայի նկատմամբ: Ինչեր ասես, որ չես անի դժվար կացության մեջ: Բայց կա նաեւ խնդրի
հակառակ կողմը: Դժվար կամ գոնե՝ խիստ դժվար կացության մեջ կարելի է եւ չհայտնվել՝
տարրական շրջահայացություն հանդես բերելու պարագայում: Գաղտնիք չէ, որ ՀՀ արտաքին
քաղաքական հարցերի (չասենք՝ հայեցակարգի) մասին զանազան պետական այրերի արտահայտած
մտքերը խիստ հազվադեպ են իմաստով համընկնում: Ասենք՝ ԱԳՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա
խելամտաբար հայտարարում է, որ մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենանք
մեր բոլոր հարեւանների ու հատկապես՝ Վրաստանի հետ, քանի որ հենց այդ երկրի տարածքով
են անցնում Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ուղիները: Բայց չենք հասցնում
մի կարգին ուրախանալ նման շրջահայաց ու խելացի դիվանագետ ունենալու փաստով, երբ ԱԺ
երեւելիներից մեկը գրեթե ուլտիմատիվ տոնով պնդում է, թե անհրաժեշտ է վերագործարկել
Երեւան-Սուխում-Թբիլիսի երկաթուղին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կտրամադրվի Թբիլիսին
մեր նկատմամբ՝ հայ բարձրաստիճան օրենսդրի այդօրինակ դատողությունից հետո: Չհաշված
այն հանգամանքը, որ նման հայտարարություններն ավելի են բարդացնում հայ-վրացական՝
առանց այդ էլ ոչ միանշանակ հարաբերությունները (պայմանավորված՝ երրորդ կողմով), դրանք
նաեւ վկայում են հայ քաղաքական մտքի լուրջ որակազրկման մասին: Փորձենք հասկանալ.
ո՞ւմ է ուղղված երկաթուղին բացելու վերոհիշյալ կոչը: Վրաստանի՞ն: Բայց չէ՞ որ ոզնուն
էլ հասկանալի է, որ վրաց-աբխազական հակամարտության չկարգավորվածության պարագայում
Թբիլիսին ի վիճակի չէ այդ բանն անել, իսկ ի վիճակի լինելու դեպքում երկաթուղին հաճույքով
կբացեր՝ անկախ հայ «ականավոր» գործիչների ցուցումներից: Այդ դեպքում գուցե կոչն ուղղված
է Մոսկվայի՞ն: Սարսափելի է մտածելը, որ դա այդպես է: Ստացվում է, որ հայ խորհրդարանականը
ՌԴ-ից պահանջում է ուժի զոռով մտնել Վրաստան եւ նրա տարածքով երկաթուղային կապ հաստատել
ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ: Հիմա պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ Քոչարյանի վիճակը
Թբիլիսիում, եթե Հայաստանում գրաքննվեր ոչ թե եթերը, այլ որոշ պետական գործիչների
«խորիմաստ» քաղաքական պոռթկումները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել